Համարբերգը շարունակում է մտահոգվել

22/09/2008

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի նիստում իր զեկույցում հայտարարել է, թե «2008թ. մարտի սկզբին մի քանի մարզային դատախազներին Հատուկ քննչական ծառայության պետի ուղղած նամակում ավելի շուտ ընդդիմության հավաքներին մասնակցած անձանց, քան կոնկրետ գործողությունների մասին տեղեկություններ հավաքելու խնդրանքը հարցեր է առաջացնում այս հետաքննության նպատակի եւ բնույթի վերաբերյալ»։ Նա հանձնախմբին զեկուցել է 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետաքննության ուղղությամբ զարգացումների եւ նշված դեպքերի հետեւանքով ազատությունից զրկված անձանց վերաբերյալ: Նա նաեւ ընդգծել է, որ յոթ մարդ մնում են նախնական կալանքի տակ, 14 կալանավորների վերաբերյալ դատական վարույթները ընթացքում են, իսկ 39 մարդ ազատազրկվել է։ «Մոտ 41 մարդ ենթարկվել է անազատություն չենթադրող միջոցների, օրինակ՝ փորձաշրջանի կամ տուգանքի, հիմնականում դատական արագ ընթացակարգով։ 19 անձի հետապնդման դեպքերը հիմնված են եղել միայն Ոստիկանության վկայության վրա: Ըստ Հայաստանի իշխանությունների` բոլոր նախնական քննություններն ավարտվել են»,- ասված է Համարբերգի զեկույցում: Համաձայն Երեւանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի տրամադրած պաշտոնական հաղորդագրության` Համարբերգը «ողջունել է առաջընթացն առաջին հարցի առնչությամբ, բայց շարունակում է մտահոգվել կալանավորների խնդրով (ըստ էության, նրանք բոլորն ընդդիմության կողմնակիցներ են կամ ընդդիմության հայտնի գործիչներ) եւ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված քրեական արդարադատության գործընթացով»։ «Մարտի 1-ի փաստերի հայտնաբերման նպատակով անկախ փորձագետների խումբ ստեղծելու մասին Հանձնակատարի առաջարկն արժանացավ Հայաստանի համապատասխան դերակատարների հավանությանը։ Այս խնդրի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են։ Հանձնակատարը վստահ է, որ փաստերի հայտնաբերումը կնպաստի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով հայ ժողովրդի կրած ուժեղ ցնցումից ապաքինմանը։ Ուստի շատ կարեւոր է, որ փորձագետների խմբի զեկույցը հրապարակվի»,- ասված է հաղորդագրությունում: Ի դեպ, Մոնիտորինգի հանձնախումբը հանձնակատարի ներկայացրած տեղեկատվությունն ընդունել է ի գիտություն։ Հարցերը կընդգրկվեն Ստրասբուրգում կայանալիք ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնախմբի հաջորդ հանդիպման օրակարգում՝ ԵԽ ԽՎ նստաշրջանի շաբաթվա ընթացքում (2008թ. սեպտեմբերի 29-հոկտեմբերի 3-ը)` ինչպես տեղեկացնում է Երեւանում Եվրախորհրդի գրասենյակը: