«Հանրապետականն իր ռազմավարությունը խորհրդարանում տեսնում է Հովիկ Աբրահամյանի գործունեության մեջ` որպես բազմափորձ, կազմակերպչական հատկություններով անձի: Ես վերապահում կանեի այլ բնութագրեր տալուց, որովհետեւ կուսակցության նախագահը մամուլում նրան արդեն ավելի պատշաճ ներկայացրել է հանրությանը»,- այսպես բնութագրեց Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանին փոխարինելու որոշումը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Վերջինս գտնում է, որ այս որոշումը չի վարկաբեկում Տ. Թորոսյանին, քանի որ քաղաքական գործիչը պարտադիր չէ, որ ԱԺ նախագահ լինի` «գնահատականի արժանանալու համար»: «Պարզապես այստեղ լրագրողական հետաքրքրությունն է շատ, քանի որ դաշտն ամայացվել է, սենսացիաների որոնման մեջ են: ԱԺ նախագահի տեղը մեկն է, Հանրապետականը բացարձակ մեծամասնություն ունի, կոալիցիոն շրջանակներում պայմանավորվածություններ կան, եւ ինքն է որոշում, թե որ պահին ով կկատարի այդ դերը»,- ասաց նա: Հայտնի է, որ անձամբ Տ. Թորոսյանը չի ցանկանում եւ չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել: Գ. Սահակյանի ասելով` ինքը չգիտի` Տ. Թորոսյանն ուզո՞ւմ է հրաժարական տալ, թե՞ ոչ: Սակայն գիտի, որ կուսակցության քաղաքական որոշումը պարտադիր է կուսակցության բոլոր անդամների համար: «Դա ամբողջ աշխարհում է այդպես: Եթե անհատը քաղաքական որոշումը չի ընդունում, կամ պիտի կուսակցությունից հեռանա, կամ հատուկ եզրահանգումների գա: Կուսակցության որոշումը պարտադիր է բոլորի համար, այնպես որ` հեչ չարժի, որ Գալուստ Սահակյանը կամ մի ուրիշը խոսի այդ մասին: Դա կուսակցության բոլոր անդամների համար պարտադիր է»,- ասաց նա: Հարցին, թե ինչպե՞ս է լինում, երբ խնդիրը Հանրապետության երկրորդ դեմքին է վերաբերում, Գ. Սահակյանը պատասխանեց, թե «երկրի ամբողջ պատասխանատվությունը Հանրապետական կուսակցության ուսերին է», ու ինքն է որոշում այդ պատասխանատվությունն իրացնելու եղանակներն ու ձեւերը: Իսկ թե Տիգրան Թորոսյանն ինչ աշխատանք կստանձնի հնարավոր պաշտոնանկությունից հետո` առայժմ պարզ չէ: Դա, Գ. Սահակյանի խոսքով` կախված է նաեւ հենց Տ. Թորոսյանից: «Նա կարող է տարբեր ոլորտներում` եւ՛ գործադիրում, եւ՛ իշխանական այլ բեւեռներում պատշաճ աշխատանք անել: Ես նկատելի եմ համարում, որ իր ամբողջ գործունեությունը կապված է եղել եվրոկառույցների հետ: Կարծում եմ, որ նա այստեղ բավականին լուրջ անելիքներ ունի, ու առավել արդյունավետ կստացվի նրա աշխատանքը»,- թվարկեց Գ. Սահակյանը: Նա, սակայն, վստահ չէ, որ Հ. Աբրահամյանի աշխատանքի արդյունքում բազմաթիվ պատգամավորներ կանոնավոր կգան աշխատանքի ու կդադարեն ուրիշի փոխարեն կոճակ սեղմել: Գ. Սահակյանի կարծիքով՝ խորհրդարանի աշխատանքը միայն պատգամավորների ներկայանալ-չներկայանալու հետ չի կապված: «Չեմ կարծում, որ ԱԺ նախագահի փոփոխությունը ներկա-բացակայի որոշակի խնդիր ունի: Կարծում եմ` այս փոփոխությունը լավ կանդրադառնա թե՛ օրենքների քննարկման, թե՛ քաղաքական դեբատների, թե՛ այլ լուրջ պրոցեսների վրա, որն էլ կամրապնդի հասարակության եւ խորհրդարանի անմիջական կապերը: Իսկ կանոնավոր նիստերին այցելելու համար անհրաժեշտ չի լինի նախագահի փոփոխությունը»,- ասաց նա` հավելելով, որ ԱԺ նախագահը հաշվառող չէ, աշխատանքները կազմակերպող ու «ակտիվացման պրոցեսներ ապահովող է»: Իսկ յուրաքանչյուր պատգամավոր, ըստ Գ. Սահակյանի` ինքն է որոշում՝ գա՞լ, թե՞ չգալ խորհրդարան: «Հիմա խնդիրը ոչ թե դրա վրա են դնում, այլ՝ թե տվյալ քաղաքական ուժն ինչ սկզբունքներ ունի տվյալ օրինագծի կամ քաղաքական պրոցեսի նկատմամբ: Որեւէ քվեարկություն չի եղել, որ Հանրապետականը հանկարծ իր ընդհանուր սկզբունքներից հեռանա, այլ քվեարկություն ուզենա կատարել: Խմբակցությունը ցանկացած նախագծի համար իր որոշումն է կայացնում: Այսինքն, ճիշտ է` թեկուզ վատ երեւույթ է, բայց եթե անգամ մեկը մյուսի փոխարեն քվեարկում է, դա չի նշանակում, որ երկիրը, օրենքը կամ ինչ-որ մարդիկ վնասներ են կրում»,- նման սենսացիոն հայտարարություն արեց Գ. Սահակյանը: Հարցին, թե տեսակետներ կան, որ ԱԺ նախագահի պաշտոնից Տ. Թորոսյանի հնարավոր հեռացումը ՀՀԿ երկպառակության արդյունք է, որտեղ մի մասը Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են, մյուս մասը` Ռոբերտ Քոչարյանի, որոնք էլ նախապատրաստում են վերջինիս վերադարձն իբրեւ վարչապետ, Գ. Սահակյանը պատասխանեց, թե ինքը ոչ իր եւ ոչ էլ իր ընկերների մեջ, այդ թվում` Տ. Թորոսյանի, երկպառակություններ դեռ չի տեսել: Իսկ ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին լուրերին, ապա, ըստ ՀՀԿ փոխնախագահի` դա լրագրողների կողմից հորինվող նոր վեպ է: Նաեւ հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելուց հետո, խմբակցությունը ղեկավարի հենց ինքը: Գ. Սահակյանը ոչ միայն տեղյակ չէ այդ մասին, այլեւ խմբակցությունը ղեկավարելու ցանկություն չունի: