Առաջին «արտոնված» հանրահավաքը

22/09/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Մատենադարանի մոտ տեղի ունեցավ Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը, որը, թեեւ, ինչպես իշխանություններն են ասում` «արտոնված» էր, սակայն առանց միջադեպերի ու խոչընդոտների չանցավ:

Ոստիկանները կրկին փակել էին Երեւանի կենտրոն տանող որոշ փողոցներ` փորձելով մարդկանց թույլ չտալ հասնել Մատենադարան: Ժամը 15:30-ի սահմաններում Երազ գործարանի մոտակայքում ոստիկանները նախ փորձել էին փակել Հայ կամավորականների համախմբում կազմակերպության մոտ 200 հոգանոց խմբի ճանապարհը, ապա, ոմանց քաշքշելով, խլել էին դրոշակներն ու պաստառները: Նույն խմբին խոչընդոտել էին Բաղրամյան պողոտայում։ «Ազատության» հրապարակը նորից շրջափակված էր ոստիկաններով: Հյուսիսային պողոտա տանող բոլոր մուտքերը նույնպես փակ էին: Իսկ մինչ հանրահավաքի սկսվելը Երեւան քաղաքի ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը մոտեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, խնդրեց հանրահավաքից հետո երթ չանել, քանի որ արտոնված չէ: Ավելի ուշ,

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե ընդառաջելու են իշխանությունների խնդրանքին, քանի որ հավաստիացում են ստացել, որ այսուհետ իրենց միջոցառումներն արտոնվելու են: Ինչեւէ, առաջինը ելույթ ունեցավ Հայ կամավորականների համախմբում կազմակերպության անդամ Սուրեն Հարությունյանը եւ ասաց, որ իրենք նույնպես միանում են ՀԱԿ-ին: Հարթակում էր եւ ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Խոսելով իշխանությունների այսօրվա գործողությունների մասին` նա նշեց, որ այն նման է երեխայի այն պահվածքին, որը դասերը պատրաստելու փոխարեն ասում է. «Մամ, մամ, մի քիչ էլ խաղամ»: Ըստ նրա` մայրն այս դեպքում Եվրոպայի խորհուրդն է, որը, սակայն, ավելի խիստ է լինելու: Ելույթ ունեցավ նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ով իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերի 28-ին կայանալիք Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններում: «Համոզված եղեք, որ սեպտեմբերի 28-ին տոնելու ենք մեր առաջին հաղթանակը: Դա այս քաղաքական պրոցեսի շարունակական քայլն է, եւ այս հաղթանակով մենք կերտելու ենք մեր ազատության առաջին քայլը: Եվ այդ հաղթանակը ես նվիրելու եմ մեր բոլոր այն ընկերներին, ովքեր այսօր գտնվում են մեկուսարաններում: Մենք հաղթելու ենք բոլորս իրար հետ»,- հայտարարեց Ա.Զուրաբյանը: Բավականին ծավալուն ելույթ ունեցավ Դավիթ Շահնազարյանը: Նա նշեց, որ շարժումը թեւակոխել է մի նոր փուլ, որն առանձնանում է մեծ բարդություններով, արտաքին ու ներքին նոր խնդիրներով եւ պահանջում է նոր քաղաքական մոտեցումներ: Վերջին 2-3 շաբաթների ընթացքում իշխանությունների դրսեւորած վարքագիծը նա գնահատեց «օրենքից դուրս»: Նրա խոսքերով` որեւէ առաջընթաց, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման հետ կապված, չի արձանագրվել. «Իհարկե, ժողովուրդը կտրուկ գործողություններ է պահանջում ՀԱԿ-ից: Մեր այդ զգացումները որքան էլ ազնիվ լինեն, ցասումը որքան էլ արդարացի լինի, այնուամենայնիվ, պետք է առաջնորդվել քաղաքական սառը հաշվարկներով: Իրավիճակն իրականում չափազանց լուրջ է, եւ մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական այնպիսի իրադարձությունների փուլում, երբ արտաքին գործընթացները գերիշխում են ներքինին»: Լեւոն Զուրաբյանն էլ իր ելույթում հայտարարեց, թե վերջապես վարչախումբը ստիպված է ստեղծել մարտի 1-ի արյունալի իրադարձություններն ուսումնասիրող անկախ հանձնաժողովը, որը ձեւավորվելու է իրենց կողմից առաջարկված սկզբունքով` ընդդիմության հավասար մասնակցությամբ: «Քաղաքական ծանր հետեւանքներից խուսափելու համար ռեժիմը ստիպված է լինելու լուրջ զիջումների գնալ մեր հերոս քաղբանտարկյալներին ազատելու գործում»,- ասաց նա` ընդգծելով, որ ընդդիմության ռազմավարության կարեւոր հանգրվաններից է լինելու Կենտրոնի թաղապետի ընտրությունները: «Ո՛չ Արարատին, ո՛չ մեզ պետք չէ թաղապետի պաշտոնը, երբ գոյություն ունի այս ավազակապետությունը: Հաղթանակը Կենտրոնում մեզ պետք է միայն մի նպատակով, այն հզոր գործիք կդառնա բռնապետությունը տապալելու գործում: Եվ ես խնդրում եմ ձեզ բոլորիդ լծվել այդ ընտրական պայքարին»,- ժողովրդին կոչ արեց Լ.Զուրաբյանը:

Ինչպես միշտ Լ. Տեր-Պետրոսյանը խոսեց վերջում եւ բավականին ծավալուն ելույթ ունեցավ: Նա մանրամասն անդրադարձավ Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրներին, իր խոսքերով` ավազակապետության թալանին, ամենուրեք տիրող «գողական օրենքներին»: Ասաց, որ իշխանությունները մեր երկրի հարստությունը շարունակում են թալանել ավելի արդյունավետ կերպով, քան նախորդ տարիներին: Լ. Տեր-Պետրոսյանը կանխատեսեց, որ այս ամենի արդյունքում ունենալու ենք ծանր ձմեռ, իսկ գարնանը մեր երկիրը հայտնվելու է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ: «Բեսպրեդելը` սահմանազանցությունը, հասել է իր գագաթնակետին»,- հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը: Նա քննադատեց նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցի դեմ ՀՅԴ-ի կազմակերպած միջոցառումները: «ՀՅԴ-ն Գյուլի այցելության ժամանակ իր պահվածքով ապացուցեց, որ իր համար կառավարություն գոյություն չունի, այն կառավարությունը, որի անդամ է, եւ որի նիստին իրենք նստած ընդունել են որոշում: Դա հասկանալի կլիներ, եթե ՀՅԴ-ն դուրս գար կոալիցիայից, հետո նոր բողոքեր նրա դեմ: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Դաշնակցությանը պետք է վռնդի կառավարական կոալիցիայից, կամ էլ, եթե դա չանի, կապացուցի, որ նաեւ այս առումով նախագահ չէ եւ ադեկվատ չէ այսօրվա տիրող իրավիճակին»: Լ.Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու խնդրին: «Այն, որ Տ.Թորոսյանը ոչ մի բանով ավելի վատ չի ծառայել, քան դա կանի Հ.Աբրահամյանը, կասկած չունեմ, բայց ինչո՞ւմն է բանը: Այստեղ քաղաքականություն մի փնտրեք, գաղափարական պայքար մի որոնեք, ազդեցությունների, իշխանական լծակների եւ հարստության վերաբաշխման խնդիր է»,- ասաց Լ.Տեր-Պետրոսյանն ու հիշեցրեց, որ Տ.Թորոսյանը քրեական աշխարհի ծնունդ չէ, դրա համար էլ ձեռնտու չէ այս իշխանությանը: Տեր-Պետրոսյանն ասաց, որ այս փոփոխությունով իր համար համոզիչ են դառնում այն խոսակցությունները, թե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է քաղաքականություն վերադառնալ: Ըստ նրա, այդ մասին խոսակցությունները տարածում են հենց Քոչարյանի կողմնակիցները, եւ դրանք ուղղված են Ս. Սարգսյանի դեմ: «Դատողություններ են շրջանառվում, որ Ս.Սարգսյանն անկարող է զսպել շարժումը, որ թույլ նախագահ է, շուտով իշխանությունը կկորցնի, եւ մեր այս բոլոր քրեական աշխարհը, որը նույն Հայաստանի պետական պաշտոնեությունն է, կկորցնի ամեն ինչ: Եվ այդ մարդկանց միակ փրկությունը Ռ.Քոչարյանն է: Վստահ եմ, Ս.Սարգսյանը քաջ տեղյակ է այս բոլոր խոսակցություններին եւ շատ ավելի ներքին խարդավանքների, քան մենք գիտենք: Ս.Սարգսյանը, կարծում եմ, գիտակցում է, որ Ռ.Քոչարյանին վարչապետ նշանակելով՝ պիտի հաշտվի այն իրողության հետ, որ ինքը մեկ վայրկյանում դառնալու է Անգլիայի թագուհի, որովհետեւ Ռ.Քոչարյանն իր բնավորությամբ իշխանություն կիսել չգիտի»,- ասաց Լ.Տեր-Պետրոսյանը:

Վերջում Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը կայանալու է սեպտեմբերի 26-ին, Կենտրոնի թաղապետի ընտրություններից 2 օր առաջ: Նա նորից բոլորին կոչ արեց ակտիվորեն մասնակցել այդ ընտրություններին, քանի որ Ա.Զուրաբյանի հաղթանակով դրվելու է համաժողովրդական շարժման հաղթանակի սկիզբը: