Ռուսական «Կոմերսանտ» թերթը երեկ բավական հետաքրքիր մի հրապարակում էր ներկայացրել՝ ԱՊՀ երկրների նախագահների երեխաների մասին։ «ԱՊՀ-ի զավակները» վերնագրով հոդվածում ներկայացվում է, թե ովքեր են նախագահների զավակները, ինչով են զբաղվում եւ ինչպես են ապրում։
Ստորեւ ներկայացնում ենք «Կոմերսանտի» հրապարակումը` չնչին (ոչ բովանդակային) կրճատումներով:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈ
ԱՊՀ երկրների նախագահների՝ արդեն հասունացած զավակները հաճախ որոշում են գնալ դեպի իշխանություն այն ճանապարհով, որը հարթել են իրենց հայրերը։ Նրանցից է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ 32-ամյա Վիկտորը։ Նա ոչ միայն արտաքինով է նման հորը, այլեւ գնում է վերջինիս հետքերով եւ իրեն նվիրել է պետական ծառայությանը՝ արդեն իսկ մեծ հաջողությունների հասնելով այդ ոլորտում։ Միջազգայնագետի դիպլոմ ստանալուց հետո նա ծառայության անցավ սահմանապահ զորքերում։ Չար լեզուներն ասում էին, որ նա երկրի սահմանները հսկում էր՝ առանց Մինսկից դուրս գալու։ Բայց դա չխանգարեց, որ հայրը որդուն մեդալ շնորհի՝ «Պետական սահմանի գերազանց պահպանության» համար։ Ծառայությունից հետ Վիկտորը որոշ ժամանակ աշխատեց ԱԳՆ-ում, հետո՝ ռազմական նախագծերով զբաղվող «Ագաթ» կազմակերպությունում։ Իսկական վերելքը, սակայն, սկսվեց 2005-ին։ Լուկաշենկոն որդուն նշանակեց ազգային անվտանգության գծով իր օգնականի պաշտոնում։ Ընդդիմության հիշեցումները, թե դա հակասում է օրենքներին, ոչինչ չփոխեցին։ Ավելին, մեկ տարի առաջ Վիկտորն ընդգրկվեց Ազգային անվտանգության խորհրդի կազմում`համալրելով Լուկաշենկոյի ամենահավատարիմ մարդկանց ցանկը։ Այդ նշանակումից հետո Վիկտորի մասին սկսեցին խոսել որպես նախագահի ամենահավանական հետնորդի։ Ինքը՝ Լուկաշենկոն, հերքում է, թե պատրաստվում է իշխանությունը փոխանցել որդուն։ Ավելին, անցյալ տարի նա ԶԼՄ-ներին ասաց, որ այդ պաշտոնում իրեն կփոխարինի կրտսեր որդին։ Մամուլն այդ ժամանակ փորձում էր գուշակել, թե նախագահն ում նկատի ուներ։ 2004-ից սկսած Բելառուսում շշուկներ էին պտտվում, թե Լուկաշենկոն երրորդ որդին ունի՝ իր նախկին անձնական բժշկուհի Իրինա Աբելսկայայից։ Իսկ մեկ տարի առաջ Լուկաշենկոն սկսեց հասարակության մեջ հայտնվել 4-ամյա որդու՝ Կոլյայի ուղեկցությամբ։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հունիսին տված իր հարցազրույցում Լուկաշենկոն պաշտոնապես հաստատեց երրորդ որդու գոյությունը. «Որդիս, պատկերավոր ասած, իմ պոչն է։ Ուրիշ ոչ մեկի հետ չի կարողանում մնալ։ Ասում է՝ պապ, ես քեզ հետ եմ, ու վերջ։ Ընդդիմությունը հաշվում է, թե ես դեռ ինչքան պետք է իշխանության ղեկին լինեմ, որ ինձ փոխարինի փոքր որդիս, եւ այդ հաշվարկները նրանց վախ են ներշնչում»։ Լուկաշենկոյի որդին արդեն իսկ հզոր ծանոթներ ունի, օրինակ՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը. «Որդուս հետ գնացել էինք Վլադիմիր Վլադիմիրովիչի մոտ։ Պուտինն ինձ ասաց՝ Ալեքսանդր Գրիգորեւիչ, ախր նա Աստծո պարգեւն է։ Ասում է՝ երեխաները սուրբ էակներ են, իսկ ինձ համար՝ առավել եւս»,- անկեղծացել է Լուկաշենկոն։ Իսկ նրա միջնեկ որդին՝ 29-ամյա Դմիտրին, սպորտի սիրահար է, հատկապես՝ հոկեյի։ Ներկայումս «Նախագահական մարզական ակումբ» հասարակական միավորման նախագահն է։
ԻՍԼԱՄ ՔԱՐԻՄՈՎ
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն ունի երկու դուստր։ Ավագ դուստրը՝ Գյուլնարան, մինչեւ վերջերս համարվում էր հաջողակ բիզնես-լեդի։ Ինքն իրեն համարում է ստեղծագործող անհատ, իր գրած երգերն ու բանաստեղծությունները տեղադրում է www.googoosha.uz կայքում (Գուգուշան նրա կեղծանունն է)։ Ասում են, որ նրան են պատկանում Տաշքենդում գտնվող մի շարք գիշերային ակումբներ, ռեստորաններ ու խանութներ, ինչպես նաեւ՝ նա մասնաբաժին ունի Ուզբեկստանի գազարդյունահանող ընկերություններում։ Ասում են նաեւ, որ նա ուղղակի կամ միջնորդավորված ձեւով վերահսկում է Ֆերգանայի նավթավերամշակման գործարանը, Բեկաբադի ցեմենտի գործարանը, «Կրեդիտ Ստանդարտ» բանկը եւ «Կվարց» ապակու գործարանը։ Ինքը՝ Գյուլնարան, այդ ամենը, իհարկե, հերքում է։ Իսկ անցյալ տարվանից հետո Գյուլնարայի մասին սկսեցին խոսել որպես 70-ամյա հոր հետնորդուհի։ Նախագահական ընտրություններից հետո, երբ Գյուլնարան նշանակվեց Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար, այդ մասին սկսեցին ավելի հաճախ խոսել։ Իսկ սեպտեմբերի սկզբին, Ուզբեկստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին գործակալ Իքրամ Յակուբովն «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ լեյկեմիայով հիվանդ Քարիմովը հաստատ որոշել է նախագահի աթոռը փոխանցել իր դստերը, իսկ այդ հույժ պատասխանատու գործը հանձնարարել է տաջիկ գնդապետ Մահմուդ Խուդոյբերդիեւին։ Սա նույն մարդն է, ով Տաշքենդի աջակցությամբ փորձում էր գահընկեց անել Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռախմոնին։ Այժմ Խուդոյբերդիեւն ու նրա մարդիկ են ապահովում Քարիմովի եւ նրա դուստրերի անվտանգությունը։ Քարիմովի կրտսեր դուստրը՝ Լոլան, այնքան էլ հայտնի չէ հասարակությանը։ Նա ամուսնացել է Հարվարդի շրջանավարտ Թիմուր Տիլլաեւի հետ՝ վերցնելով ամուսնու ազգանունը։ Լոլան ղեկավարում է «Դու միայնակ չես» բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է ուզբեկ որբ երեխաների խնդիրներով։
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ
Առաջին դեմքերի երեխաների մեջ կան նաեւ այնպիսիները, ում չի հետաքրքրում ո՛չ բիզնեսը, ո՛չ քաղաքականությունը։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ունի մեկ որդի՝ 12-ամյա Իլյան։ Նրան հաճախ են տեսնում հոր հետ, օրինակ՝ Կարմիր հրապարակում, Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ կամ ՌԴ հավաքականի մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումներին։ Ռուսական ԶԼՄ-ները գրում էին, որ Մեդվեդեւ կրտսերը սովորում է Մոսկվայի դպրոցներից մեկում, սակայն ոչ ոք ճշգրիտ չի նշում՝ որ մեկում։ Գրում են նաեւ, որ Իլյան կատարելապես տիրապետում է անգլերենին, որոշ չափով խոսում է նաեւ իտալարեն եւ ֆրանսերեն։ «Դպրոցում նրա մոտ լինում են եւ՛ անկումներ, եւ՛ վերելքներ,- որդու մասին պատմում է ՌԴ նախագահը,- Կարծում եմ՝ դա վատ չէ։ Չեմ սիրում, երբ մարդու մոտ ամեն ինչ շատ հարթ է»։ Ինքը՝ Իլյան, ռուսական դեղին մամուլի միջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ գրեթե ամեն օր ֆուտբոլ է խաղում հոր թիկնապահների հետ։ Բացի այդ, հայտնի է, որ նախագահի որդին զբաղվում է սուսերամարտով եւ կարող է ժամերով նստել համակարգչի դիմաց։
ՎԻԿՏՈՐ ՅՈՒՇՉԵՆԿՈ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն 5 երեխաների հայր է։ Ավագ որդիները՝ Վիտալինան եւ Անդրեյը (1981թ. եւ 1986թ. ծնված), առաջին կնոջից են՝ Սվետլանա Կոլեսնիկից։ Նրանք միասին էին մինչեւ 90-ականների կեսերը։ Յուշչենկո-Կոլեսնիկ զույգը բաժանվեց, երբ Ուկրաինայի նախագահը ծանոթացավ ԱՄՆ քաղաքացի Կատերինա Չումաչենկոյի հետ (այժմ Ուկրաինայի առաջին տիկինն է)։ Նա Վիկտոր Յուշչենկոյին 3 երեխա պարգեւեց՝ Սոֆիան (1999թ.), Քրիստինան (2001թ.) եւ Տարասը (2004թ.)։ Փոքր դուստրերը սովորում են Կիեւի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկում՝ Պեչերովյան միջազգային դպրոցում, որտեղ ուսման տարեկան վարձը մոտ 12 հազար դոլար է։
Նախագահի որդիներից ամենահայտնին Անդրեյն է, նա սովորում է Կիեւի Միջազգային հարաբերությունների ազգային համալսարանի 5-րդ կուրսում։ Լրագրողների ուշադրության կենտրոնում նա հայտնվեց 2005 թվականին, երբ «Ուկրաինսկայա պրավդա»-ում հրապարակվեց «Անդրեյ Յուշչենկո՝ Աստծո որդի՞» հոդվածը։ Դրանում մանրամասն նկարագրված էր ուսանողին ոչ հասու հարուստ կենսակերպը՝ թանկարժեք ռեստորաններ, հսկայական տուն Կիեւի կենտրոնում, 133 հազար եվրո արժողությամբ BMW M6 մեքենա, 5 հազար եվրո արժողությամբ «Vertu» հեռախոս։ Արդյունքում նույնիսկ Յուշչենկոն ստիպված էր բացատրել, թե ի՞նչ եկամուտներով է իր որդին գոյատեւում։ «Իմ որդին բիզնես ունի, ինչը նրան հնարավորություն է տալիս վարձատրել թիկնազորին։ Ես վաղուց եմ նրան ասել՝ որդի՛ս, բոբիկ ոտքերով քայլիր ձյան վրայով եւ վաստակիր։ Նա այդպես էլ անում է։ Դրանք մեծ գումարներ չեն, սակայն բավարարում են, որ նա վճարի մեքենայի վարձը եւ ոչ հաստիքային մասնավոր թիկնապահին։ Ես ասել եմ, որ կարող եմ միայն խորհրդով օգնել։ Հաշվի մասի՞ն են խոսում։ Վերցրու ռեստորանից այդ հաշիվը, թե քանի հոգով եք նստած եղել, ինչ եք խմել, ինչ եք կերել։ Դիր այդ ամենը այդ լրագրողի մռութի առաջ եւ գնա դատարան։ Պաշտպանիր ինքդ քեզ»։ Վ. Յուշչենկոն միշտ էլ պաշտպանել է որդուն՝ ասելով, որ նա «լավ դաստիարակված է թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես։ Ընկերուհի ունի»։ 3 տարի անց այդ նույն ընկերուհին՝ 25-ամյա Աննան, հարցազրույց տվեց՝ պատմելով նախագահական ընտանիքի բարքերի մասին։ Վիկտոր Յուշչենկոյին նա անվանել էր հոյակապ մարդ, բայց «ուկրաինական նացիոնալիստ»։ «Նա Անդրեյին միշտ հարցնում էր, թե ինչո՞ւ Անյան ուկրաիներեն չի խոսում»։
Վիտալինա Յուշչենկոն ավարտել է նույն բուհը, որտեղ սովորում է իր եղբայրը։ Նա երկու երեխաների մայր է. դուստրը՝ Յարինան, ծնվել է գործարար Նիկոլայ Գոնչարի հետ քաղաքացիական ամուսնությունից, իսկ որդին՝ Վիկտորը, ներկայիս ամուսնուց` գործարար Ալեքսեյ Խոխլովից։ Այս զույգը մշտապես ներկա է բարձրաշխարհիկ միջոցառումներին, իսկ ինքը՝ Վիտալինան, «haute couture» հագուստների մեծ սիրահար է։ Վերջերս նա նշանակվել է նախագահին կից Բարեգործության ազգային խորհրդի նախագահ։ Խորհրդի ստեղծման եւ դստեր նշանակման հրամանը ստորագրել է անձամբ Յուշչենկոն։
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրերը նույնպես քաղաքականությամբ չեն հետաքրքրվում։ Ավագ դուստրը՝ 22-ամյա Լեյլան, սովորել է Շվեյցարիայում եւ Մեծ Բրիտանիայում, իսկ այժմ լրացուցիչ կրթություն է ստանում Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։ Զուգահեռ ղեկավարում է այդ բուհի ադրբեջանական ակումբը։ Լեյլան Ռուսաստանում ներկայացնում է նաեւ իր պապի՝ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը։ Նախկինում Լեյլան հաճախ էր հայտնվում բարձրաշխարհիկ հավաքույթների ժամանակ, իսկ այժմ պատրաստվում է մայրանալ։ Նրա ամուսինն է Էմին Աղալարովը՝ մոսկովյան խոշոր գործարար, «Crogus Group»-ի սեփականատեր Արաս Աղալարովի որդին։ Ալիեւի կրտսեր դուստրը՝ 19-ամյա Արզուն, այժմ սովորում է Լոնդոնում։ Ալիեւի միակ որդին՝ Հեյդարը, 13 տարեկան է։ Նախկինում սովորում էր Բաքվի դպրոցներից մեկում՝ թիկնապահների մի ամբողջ ջոկատի աչալուրջ հսկողության ներքո։ Այժմ քոլեջ է հաճախում Լոնդոնում։ Ասում են, որ Հեյդար Ալիեւը շատ է սիրել այս թոռանը՝ երազելով, որ նա կդառնա իշխող դինաստիայի արժանի շարունակողը։
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրվել է 2008թ. փետրվարին, ունի երկու դուստր։ Սարգսյանի զավակների մասին ընդհանուր տեղեկատվություն մամուլի ծառայությունը տրամադրում է անգամ հեռախոսով։ «Անուշ Սարգսյան, ծնված 1984թ.։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանը, մասնագիտությամբ՝ իրավաբան։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։ Ներկայումս չի աշխատում»,- թերթի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ ասել է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը։ Այն մասին, որ Անուշի ամուսինը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանն է, քարտուղարը նախընտրել է չծավալվել։ Մինչդեռ Մինասյանը համարվում էր Սարգսյանի ամենավստահելի օգնականներից մեկը դեռ այն ժամանակվանից, երբ Հայաստանի ներկայիս նախագահը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։
Արդյո՞ք դա բացատրվում է ընտանեկան կապերով, թե՞ նախագահի փեսայի մասնագիտական հատկանիշներով, դժվար է դատել։ Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը, 22 տարեկան է։ Նա էլ քրոջ պես ավարտել է Երեւանի պետական համալսարանը, սակայն մասնագիտությամբ տնտեսագետ է։ Աղջիկն այժմ սովորում է մագիստրատուրայում։ Չի աշխատում։ Ամուսնացած չէ։
ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ
Թեեւ Վրաստանը օգոստոսին հայտարարեց ԱՊՀ-ից դուրս գալու մասին, «Կոմերսանտը», այնուամենայնիվ, որոշել է նրա երեխաներին նույնպես ընդգրկել այս ցուցակում, թեկուզ այն պատճառով, որ նրանք ծնվել են մինչ Թբիլիսիի եւ Մոսկվայի հարաբերությունների խզումը։ Սահակաշվիլին եւ նրա հոլանդացի կինը՝ Սանդրա Ռուվոլսը, դաստիարակում են 13-ամյա Էդուարդին (սովորում է Թբիլիսիի դպրոցներից մեկում) եւ 3-ամյա Նիկոլոզին, ում անվանակոչել են Վրաստանի նախագահի հոր պատվին։ Նիկոլոզը ազգի սիրելին է. մի ժամանակ Թբիլիսիում հաճախ կարելի էր հանդիպել մեծ բիլբորդների, որոնց վրա ժպտացող Նիկոլոզն էր՝ Վրաստանի կարմիր-սպիտակ դրոշի ֆոնին։ Դեռ 11 ամսական հասակում փոքրիկը հզոր հովանավորներ ձեռք բերեց. 2006-ին նրա կնքահայրը դարձավ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն։ Ի դեպ, ռուս-վրացական 5-օրյա պատերազմի ընթացքում Յուշչենկոն եկավ Վրաստան եւ իր հետ Ուկրաինա տարավ Սահակաշվիլիի կնոջն ու երեխաներին։ Ռազմական գործողությունների ժամանակ նրանք գտնվում էին Յուշչենկոյի՝ Ղրիմում գտնվող առանձնատանը, ուր ժամանել էին նաեւ Սանդրայի ծնողները։