Երգում ենք բոլորս

22/09/2008 Լիանա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Այն, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում ավելացել է ավտոմեքենաների եւ սրճարանների քանակը, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն պարզվում է՝ հայերը նաեւ սկսել են շատ երգել: Խոսքն ամենեւին էլ «հայկական շոու-բիզնեսի» անտաղանդ աստղիկների մասին չէ, որոնք եւս անիմաստ բազմացել են, ոչ էլ՝ ԱԼՄ-ի ադամանդների: Պարզվում է, որ երգել սկսել են բոլորը: Առաջին հայացքից` երգելու մեջ որեւէ վատ բան չկա: Մարդիկ ուզում են ուրախանալ: Բայց սա ընդամենը` առաջին հայացքից: Որովհետեւ ոչ մեկին չէի ցանկանա հայտնվել այն իրավիճակում, ուր անկախ իրենց կամքից հայտնվել են Երեւանի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչները: Այդ բնակելի շենքի տակ գործող «Բունկեր» բար-սրճարանը, որը ժամանակին հայտնի էր որպես երիտասարդների շրջանում թմրանյութերի մատակարարման «օբեկտ», եւ որոշ ժամանակով փակվեց բնակիչների բազմաթիվ դիմում-բողոքներից հետո միայն, մեկ ամիս առաջ կրկին վերաբացվել է: Այս անգամ, սակայն, արդեն այն գործում է որպես կարաոկե-բար: Թվում է, թե անմեղ մի հաստատություն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գալ եւ երգել այն, ինչ ինքն է ցանկանում: Որեւէ մեկը դեմ չէր լինի այդ գաղափարին, եթե այն չխանգարեր շենքի բնակիչներին: Իսկ «Բունկեր» կարաոկե-բարի գործունեությունը ոչ միայն խանգարում է Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչներին, այլեւ անտանելի է դարձնում նրանց կյանքը: Դատեք ինքներդ: Ինչպե՞ս կվարվեք անձամբ Դուք, եթե ծանրաբեռնված աշխատանքային օրից հետո փորձեք հանգստանալ Ձեր սեփական տանը, եւ հանկարծ գիշերվա ժամը 2-ին Ձեր բնակարանը դառնա, բառիս բուն իմաստով, «երաժշտական կենտրոն», որտեղից հնչող երաժշտության գերբարձր ձայնն ուղեկցվում է հարբած հաճախորդների բաղաձայն ճչոցներով: Ամենաանտանելին այն է, որ, ինչպես եւ ընդունված է մեզ մոտ, այդ հաստատության տերերը փորձում են ահաբեկել բնակիչներին իրենց ամենազոր «տանիքներով»` հայտարարելով, որ որեւէ մեկը ռիսկ չունի՝ մտնել եւ արգելել իրենց գործունեությունը: Ի դեպ, լիցենզիան, որով նրանք այդքան հպարտանում են, նրանց իրավունք է տալիս այդ երաժշտությունը միացնել մինչեւ ժամը 22:00-ն: Թեեւ այդ լիցենզիա ասվածը եւս կասկածների տեղիք է տալիս, քանզի «Բունկեր» կոչվածը ձայնամեկուսացված չէ: Իսկ դա նշանակում է, որ բնակիչները ստիպված են լսել այդ ձայները գիշեր-ցերեկ: Բնակիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին, բարձրաստիճան իրավապահներին, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չեն ստացել: Հուսով ենք, որ գոնե մեր թերթի այս հրապարակմանը կարձագանքեն համապատասխան մարմինները, եւ մեր համաքաղաքացիների սահմանադրությամբ ամրագրված իրավունքները կվերականգնվեն: