Հիվանդության ամենագործուն դաշնակիցը հիվանդի հուսալքությունն է։
Մ. Գորկի
Վերջին տարիներին անպատմելիորեն ավելացել է, այսպես կոչված, անբուժելի հիվանդությունների թիվն ու խորացել դրանց անբուժելիության ախտորոշումը։ Պատճառը ոչ միայն մեր կյանքի սոցիալական եւ նյարդային հարաբերություններն են, այլ նախեւառաջ հիվանդությանը՝ բժշկի մոտեցման էթիկան։ Որքան էլ տարօրինակ հնչի, ըստ էության, անբուժելի հիվանդություններ չկան. կան թերուս բժիշկներ եւ հուսալքված հիվանդներ։ Հիվանդին ընդունելիս մեր բժիշկները ոչ այնքան մարդասիրություն են ցուցաբերում, որքան ցուցադրում են իրենց՝ բժիշկ լինելու եւ ցանկացած հիվանդից բարձր լինելու հանգամանքը։ Հաճախ հիվանդին դիմում են հեգնանքով եւ չեն խորշում արտահայտել իրենց զզվանքը։ Հիվանդի կենսական լիցքերը տեղնուտեղը մեռնում են նման բժշկի ու նման վերաբերմունքի հանդիպելիս։ Մեր հասարակությունը բժշկին հավատում է անվերապահորեն, եւ նրա ախտորոշումը կարող է թանկ նստել բժշկին անվերապահ հավատացող հիվանդի վրա, հատկապես, երբ այդ ախտորոշումը հնչում է որպես դատավճիռ։
Նախ, հիվանդությունը բուժելի կամ անբուժելի է այնքանով, որքանով բժիշկը տիրապետում կամ չի տիրապետում այդ հիվանդությանն ու դրա բուժման ընթացքին, որքանով դրան հասու է գիտությունը տվյալ պահին: Երկրորդ` բժիշկը պետք է ելնի ոչ թե վերջնական դատավճռից, թե, ի վերջո, ելք չկա, այլ, թե ինչ ելք կա, եւ որ` ելք, այնուամենայնիվ, կա։ Որեւէ մեկը չի կարող անգամ առողջ մարդու դատավճիռը կարդալ, որը հնարավոր է հաջորդ վայրկյանին, ասենք, ավտովթարի զոհ դառնալ` ապրելով ավելի կարճ վայրկյաններ, քան, այսպես ասած` մահացու հիվանդը, իսկ մահացու հիվանդն էլ, իր հերթին, հնարավորություն ունի թեկուզ ինչ-որ մեկից ավելի երկար ապրել, եւ ապրել ավելի երկար, քան կարող է ախտորոշել բժիշկը։ Ըստ էության, բժիշկը հիվանդին բուժում է 10 %-ով, մնացյալ 90 %-ով հիվանդն է իրեն բուժում, եւ քանի որ հիվանդները սովորաբար 90 %-ով հույսը դնում են բժշկի վրա, ըստ այդմ էլ բուժվում են 10 %-ով, իսկ երբ բժիշկը անբուժելիությա՛ն դատավճիռ է կարդում, հիվանդին ուրիշ բան չի մնում, քան իրագործել սույն դատավճիռը։
Հիվանդի եւ բժշկի միջեւ չկա համագործակցություն: Հաճախ բժիշկը հիվանդին չի տեղեկացնում նշանակման մանրամասները` համարելով բժշկական գաղտնիք, որն իրականում հիվանդի գաղտնիքն է, ինչը պետք է բաց լինի հիվանդի ու բժշկի միջեւ, իսկ, այսպես կոչված` բժշկական գաղտնիքը ոչ թե նշանակման կամ բուժընթացի գաղտնիքն է հիվանդից, այլ հիվանդի գաղտնիքը ուրիշներից, ինչը հաճույքով բացահայտում են մեր գաղտնասեր բժիշկները։ Հաճախ հիվանդն էլ, իր հերթին, բժշկից թաքցնում է մանրամասներ, որ բժշկին անհրաժեշտ են կողմնորոշվելու համար։ Կան նաեւ անգրագետ կամ անլուրջ հիվանդներ, որ բժշկին հնազանդվում են միայն դեղահաբեր կուլ տալու պարագայում եւ չեն կատարում մնացած բոլոր խորհուրդները, ինչը հիվանդությունն, իրոք, դարձնում է անբուժելի, անգամ այն հիվանդությունները, որ հեշտությամբ կարող են բուժվել։ Հիվանդի ու բժշկի մեկ-երկու անգամվա հանդիպումն էլ որոշում է հիվանդության ելքը, այնինչ հիվանդը պետք է տեւականորեն գտնվի բժշկի հսկողության եւ ուշադրության ներքո։ Հաճախ հիվանդը նաեւ սեփական բնավորության զոհն է դառնում, երբ ծուլանում է պայքարել, երբ հնազանդվում է կույր դատավճռին, երբ թույլ է տալիս հիվանդությանը իշխել իր վրա, երբ կարծում է, թե անբուժելիությունը անելանելիություն է, եւ չի կարելի ապրել տվյալ հիվանդությամբ։
Ի վերջո, չափազանց դժվար է բժշկի ու հիվանդի հանդիպումը, երբ բժիշկը չի գտնում իր հիվանդին, իսկ հիվանդը՝ բժշկին։ Շատ հաճախ այդ հանդիպումները պատահական են, տեւում են տարիներ կամ ընդհանրապես չեն լինում։ Չկա, օրինակ, բժիշկների բանկ. տվյալ հիվանդության լավագույն մասնագետները որեւէ տեղ ֆիքսված չեն, որ հիվանդը միանգամից դիմի նրանց եւ ոչ թե պատահական դռներ ծեծի, հատկապես խոսքը վերաբերում է ծանր կամ հիվանդության ոչ սովորական դեպքերին, երբ, իրոք, առանձնահատուկ մասնագետի կարիք կա։ Սա նաեւ այն մասնագիտությունն է, որ հատուկ դեպքերի համար կոլեգիալ խորհրդակցություն է պահանջում, ինչն արվում է չափազանց եզակի դեպքերում՝ մնալով բուժող բժշկի խղճին, այնինչ բարդ հիվանդությունների դեպքում պետությունը սեփական միջոցներով պետք է դիմի նաեւ միջազգային բժշկության օգնությանը իր քաղաքացու կյանքը փրկելու համար, սակայն մեր պարագայում որեւէ քաղաքացու կյանք պետության համար գրոշի արժեք չունի։ Հիվանդության մահացու ելքը սովորական բան է եւ կարող է հուզել միայն հիվանդի հարազատներին, մնացյալներին թողնելով անտարբեր դիտորդի դերում, «կյանքը շարունակվում է»-ի տրամաբանությամբ։
Հիվանդին շրջապատողները հաճախ ավելի հիվանդ են, քան հիվանդն՝ ինքը. նրա աչքին երեւում են մռայլ, ցավագին, անգամ սահմռկեցուցիչ դեմքով. հազվադեպ բժիշկներ են կատակում հիվանդի հետ, այնինչ հիվանդին նախ եւ առաջ կյանքի հորմոններ են անհրաժեշտ, այն, ինչը կարող է եւ պետք է նրա ուշադրությունը շեղի հիվանդությունից եւ միտքը կենտրոնացնի ապրելու խնդիրների վրա, վիճակին հարմար զբաղմունք գտնի։ Հիվանդությունը հաղթահարելու հավատն ավելի մեծ դերակատարություն ունի, քան ցանկացած դեղահաբ, եւ, ընդհանրապես, առանց հավատի ցանկացած բուժում, անգամ ամենաթեթեւ հիվանդության, կարող է ապարդյուն լինել։
Բժիշկների զգալի մասին հետաքրքրում է ոչ այնքան բուն հիվանդության բուժումը, որքան հիվանդին իրենցից կախման մեջ պահելու խնդիրը, եւ թերբուժումը հիվանդի վրա բժշկվելու տպավորություն է գործում, ու նա շարունակում է վստահել բժշկին, որը նրանից սոսկ շահույթ է ակնկալում։ Շառլատանությունն այնքան է արմատացել բժշկության մեջ, որ այլեւս դժվար է տարբերել շառլատանին բարեխիղճ բժշկից, որոնց թիվը ցավալիորեն չնչին է։ Ոչ միայն շառլատանությունը, այլեւ չարչիությունն է արմատավորված այս ասպարեզում։ Այն դեղամիջոցները, որ օրենքով սահմանված են անվճար տրամադրել քրոնիկ հիվանդներին, եւ որը նրանք պետք է ստանան պոլիկլինիկաներից, հաջողությամբ դրանց վաճառքը կազմակերպվում է դեղատներում, եւ հիվանդը դրա համար ստիպված է այնպիսի գումարներ ծախսել, որի հնարավորությունը չունի։ Պատկերացրեք, օրինակ, դիաբետով տառապող մի հիվանդի վիճակ, որը չի աշխատում եւ պետությունից ստանում է ընդամենը 8000 դրամ թոշակ, ինչ գնով վաճառվում է կենսականորեն նրան անհրաժեշտ «Հումելին» դեղատեսակը, իսկ պոլիկլինիկաները հաճախ առաջարկում են փոխարինիչներ, որը տվյալ հիվանդին ուղղակի հակացուցված է։
Բժշկի հանդեպ անվստահությունը հիվանդին գցում է դռնեդուռ, եւ նա մի շառլատանից ընկնում է մյուսի ձեռքը, ծախսելով ու սպառելով թե՛ նյութական ու ֆիզիկական ռեսուրսները, թե՛ հոգեկան անդորրը, իսկ արդյունքը Նեսոյի քարաբաղնիսն է ու անբուժելիության տխուր առասպելը, որն այնքան մարդասիրական է, որքան հիվանդի գլխի տակ մահվան փափուկ բարձ դնելը…