Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 143-րդ թատերաշրջանը բացել է Կարինե Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տնից» ներկայացմամբ (բեմադրող ռեժիսոր՝ Նիկոլայ Ծատուրյան): Թեեւ թատրոնն այսօր չունի գեղարվեստական ղեկավար, սակայն, ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանը, գեղարվեստական ղեկավարի բացակայությունը փորձ է արվում լրացնել գեղխորհրդի միջոցով, իսկ պրոդյուսերի նոր պաշտոնը, Գեւորգ Խաչատրյանի հավաստմամբ, կօգնի թատրոնին կազմակերպել այսօր անհրաժեշտ գովազդային արշավներ: Որպես գովազդային նորամուծություն, թատերաշրջանի անդրանիկ ներկայացումից առաջ հանդիսատեսին դերասանական հանրույթը ներկայացրեց հատվածներ թատերաշրջանի ընթացքում ցուցադրվելիք բոլոր ներկայացումներից:
Նոր թատերաշրջանում թատրոնը գյումրեցի հանդիսատեսին կներկայացնի ինչպես անցած խաղաշրջանում ներկայացրած գործեր, այնպես էլ երկու նոր ներկայացում: Թատերաշրջանի ընթացքում անակնկալներ սպասվում են ինչպես գյումրեցի, այնպես էլ մարզի հեռավոր համայնքներում ապրող հանդիսատեսին. վերջիններիս համար հյուրախաղեր կլինեն մարզի գյուղական համայնքներում: Ի դեպ, թատերաշրջանն այս տարի աճեմյանցիների համար տոնական է. նշվում է թատրոնի պետականացման 80-ամյակը: