Ինչպես է դա եղել

13/09/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Մարտի 1-ի դեպքերն ու պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին բավական օգտակար կլիներ իր միջանկյալ զեկույցը հրապարակելուց առաջ դիտել այն 25 րոպեանոց տեսագրությունը, որը սեպտեմբերի 10-ին ցուցադրեց ընդդիմության կողմից ձեւավորված հանրային հանձնախումբը: Այդ տեսանյութում հատուկ նրանց համար կարմիր գույնի շրջանակի մեջ են առնված բոլոր այն կադրերը, որտեղ ոստիկանները զինված, կրակահերթերով հարձակվում են ժողովրդի վրա:

Այն կադրերը, որոնք համակարգված ներկայացրել է ընդդիմությունը մեկ տեսաերիզում, շատերը կարողացել են տեսնել տարբեր կայքերում տեղադրված տեսագրություններում: Եվ եթե ոչ բոլոր շարքային քաղաքացիների համար էին դրանք հասանելի, ապա նույնը չի կարելի ասել մարտի 1-ի գործով ստեղծված ԱԺ հանձնաժողովի անդամների դեպքում: «Ներկայացրած տեսաերիզն ամենեւին էլ սենսացիոն չէ, այնտեղ ցուցադրվող կադրերը, դեպքերը բոլորին հայտնի են, եւ պետք չէ այնտեղ սենսացիաներ փնտրել»,- սեպտեմբերի 10-ին հայտարարել էր մարտի 1-ին իրականացված գործողությունների ժամանակ ուժային կառույցների գործունեությունն ուսումնասիրող հանրային հանձնախմբի ղեկավար, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը:

Տեսանյութը սկսվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 2007թ. սեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ունեցած առաջին հրապարակային ելույթով, որտեղ նա հայտարարում է. «Հնարավոր է այս կոռուպցիոն կառույցը լիովին կազմաքանդել, հնարավոր է վերականգնել Հայաստանում օրենքի իշխանությունը, հնարավոր է դատարանները, Դատախազությունը, իրավապահ մարմինները վերածել իրենց բուն ֆունկցիան կատարող օրգանների, այլ ոչ թե այս մաֆիոզ կառույցների հանցանքները թաքցնող մարմինների»: Այնուհետեւ տեսանյութում ցուցադրվում են այն կադրերը (հոկտեմբերի 23-ի), թե ինչպես են ոստիկանները` ներկայիս փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի գլխավորությամբ, դաժանորեն ծեծում Լ.Տեր-Պետրոսյանի համակիրներին, ովքեր թռուցիկներ էին փակցնում պատերին հոկտեմբերի 26-ին կայանալիք առաջին մեծ հանրահավաքից առաջ: Տարբեր վայրերում միանգամից մի քանի ոստիկան հարձակվում են մեկ հոգու վրա եւ տարբեր կողմերից` ով ինչպես հասցնում է, հարվածում են նրան, գցում են գետնին, հարվածում են ու քարշ տալով մոտեցնում ոստիկանական մեքենային ու կրկին հարվածելով նստեցնում են մեքենան: Ինչ-որ ոստիկաններ նաեւ արցունքաբեր գազ են փչում նրանց վրա: Ըստ տեսանյութի` ընդդիմության դեմ իշխանությունները «սադրանքներ» էին նախապատրաստում հենց հոկտեմբերի 23-ից:

Դրանից հետո տեսանյութում ցուցադրվում է հոկտեմբերի 26-ին «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, որտեղ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ իր համակիրների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառված բռնություններն ու հանրահավաքի «էներգետիկան» այլեւս անհետաձգելի են դարձնում իր թեկնածությունն առաջադրելու մասին որոշման հրապարակումը: Այնուհետեւ ցուցադրվում են տարբեր դրվագներ այդ հանրահավաքին հաջորդած հանրահավաքներից ու խաղաղ երթերից: Դրան հաջորդած առաջին միջադեպը, որ տեղի ունեցավ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ, Արտաշատում էր:

Այնուհետեւ ցուցադրվում են կադրեր, որոնք կատարվել են նախագահական ընտրությունների օրը` փետրվարի 19-ին: Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից ոմանք այդ օրն ընտրատեղամասերում ենթարկվել էին բռնությունների. կային նաեւ վիրավորներ: Կադրերում Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձինք պատմում են, թե ինչպես էին իշխանությունները ցանկանում լցոնումներ անել: Վստահված անձանցից մեկը կարողացել էր թույլ չտալ, որպեսզի առանց անձնագրային տվյալներ լրացվելու քվեաթերթիկ գցվեր քվեատուփի մեջ, ինչի արդյունքում նրան ծեծել էին հենց տեղամասում՝ դիտորդների ու այլ թեկնածուների վստահված անձանց ներկայությամբ:

Ընդդիմության ներկայացրած տեսանյութում այնուհետեւ ցուցադրվում են կադրեր` փետրվարի 20-ին սկսված եւ 10 օր շարունակ «Ազատության» հրապարակում շարունակված խաղաղ հանրահավաքներից: Դրան հաջորդում են մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների սարսափելի դրվագները: Ըստ տեսանյութի, ոստիկանները` «խուզարկություն իրականացնելու նպատակով, «Ազատության» հրապարակ են մտել ու հարձակվել են քնած ժողովրդի վրա ժամը 6:20 րոպեին»: Տեսանյութում ցուցադրվող կադրերն արվել են ժամը 6:53-ին: Այդ ժամանակ դեռեւս լույսը բացված չէր: Ոստիկանները ռետինե մահակներով դաժանորեն հարվածում էին ժողովրդին, սակայն այդքանով չէին սահմանափակվում. հրապարակից մազապուրծ եղած ժողովրդին ոստիկանները հետապնդում էին տարբեր տեղերում: Ցույց են տրվում կադրեր, թե ինչպես են Հանրապետության հրապարակում ոստիկանները ծեծում այն մարդկանց, ովքեր մի կերպ կարողացել էին փախչել «Ազատության» հրապարակից: Այստեղ էլ ոստիկանները մի քանի հոգով հարձակվում են մեկ հոգու վրա ու դաժանաբար ծեծում են` մահակներով: Հետո սկսում են հարձակվել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի առջեւով փախչող մարդկանց վրա, եւ այդպես` մինչեւ «Կոնգրես» հյուրանոց: Կան հատվածներ նաեւ, որտեղ պարզորոշ երեւում է, թե ինչպես են ոստիկանները տարբեր իրեր նետում ժողովրդի վրա հենց Հանրապետության հրապարակում: Այդ ժամանակ Հանրապետության հրապարակի ժամանակով արդեն առավոտյան ժամը 7:15-ն էր: Այդ պահին, սակայն, արդեն «Ազատության» հրապարակը «մաքրվում» էր: Կադրերում ավերված հրապարակն է, Կենտրոն համայնքի հավաքարարները, ոստիկանները: Նստարաններից մեկի վրա միայնակ նստած է նաեւ Լ. Տեր-Պետրոսյանը (ասում են` ձայնագրությունն արված է առավոտյան ժամը 8:20-ին): Կան նաեւ ոստիկաններ, որոնք շներով «ինչ-որ» բան են փնտրում հրապարակում: Հետո կադրում հայտնվում է մի ոստիկան` ձեռքին ատրճանակ, ինչ-որ ոստիկան այն գրանցում է: Հրապարակում հավաքում են վրանները եւ մյուս իրերի հետ լցնում են աղբատար մեքենաների մեջ: Այնուհետեւ տեսանյութը շարունակվում է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցող իրադարձություններով: Ծեծում են ում պատահի` նույնիսկ կանանց: Տեսագրության մեջ լսվում է ինչ-որ տղամարդու ձայն, որը գոռում է` «Կնանիքին եք խփում, արա»: Սակայն ոչ ոք նրան ուշադրություն չի դարձնում, ու ոստիկանները շարունակում են ինչ-որ կնոջ քաշքշել ու հարվածել: Շատերին քարշ տալով նստեցնում են փողոցի միջնամասում կանգնած ոստիկանական մեքենայի մեջ: Այնուհետեւ ցույց է տրվում, թե ինչպես էին ավտոբուսներով ոստիկաններին տեղափոխում Երեւանի կենտրոն: Այդ ավտոբուսների շարքերում կային նաեւ Պաշտպանության նախարարության համարանիշներով ավտոբուսներ ու այլ մեքենաներ` զորքերով: Քիչ անց ցույց է տրվում այն հայտնի դրվագը, թե ինչպես է քաղաքացիական համազգեստով մի երիտասարդ զինվում զինվորականների ներկայությամբ: Հետո արդեն տեսանյութում հայտնվում են այն կադրերը, երբ ժողովուրդը շարժվում է դեպի Ֆրանսիական դեսպանատուն: Կարճ ժամանակ անց դեսպանատան տարածքն արդեն լեփ-լեցուն էր: Քիչ անց սկսվեց բռնության հաջորդ ալիքը: Ոստիկանների մահակներից վիրավորվածներին օգնության է գալիս շտապօգնության մեքենան, ու նրանցից մի քանիսին տեղափոխում են հիվանդանոցներ: Դրանից հետո ժողովուրդը սկսում է տրոլեյբուսներով բարիկադներ սարքել: Կառավարության շենքն ամբողջությամբ շրջապատված է ոստիկաններով ու զինվորներով:

Դատելով տեսանյութից` զրահամեքենաների` Երեւանի կենտրոնին մոտենալիս արդեն մութ է: Երեկոյան արդեն զինված դիմակավորները Մաշտոցի պողոտայով վազում են դեպի Պարոնյան փողոց: Այդ պահին Մյասնիկյանի արձանի մոտ շարունակվում է հանրահավաքը: Լսվում են կրակոցներ, սակայն, ըստ տեսանյութի` այդ ժամանակ դեռ կրակոցներն օդ են ուղղված: Այնուհետեւ ցուցադրվում է Մաշտոցի պողոտան եւ Պարոնյան փողոցի խաչմերուկը, որտեղ կարմիր շրջանակի մեջ ընդգծված ցույց է տրվում այն պահը, երբ ռումբի ինքնապայթյունից զոհվում է Համլետ Թադեւոսյանը: Այնուհետեւ հայտնվում են ջրցան մեքենաները, պարզորոշ երեւում են ժողովրդի ուղղությամբ կրակահերթ բացող զինված դիմակավորները:

Հետո ցուցադրվում են դրվագներ, որտեղ ինչ-որ տղաներ՝ գլուխները բռնած, գլխիկոր հավաքված են Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ գտնվող թունելի մոտ, իսկ վերեւում` պատի վրա, գարեջրի շշերով դեղին հեղուկ է (ենթադրաբար` բենզին): Սկզբում կարմիր շրջանակի մեջ առնված ցույց է տրվում, որ այդ տղաների հետեւի պատը մաքուր է, քիչ անց` շրջանակի մեջ առնված նույն հատվածը ցույց է տրվում արյան հետքերով: Ժամը 22:22-ին Պարոնյան փողոցում մեքենայի վրա տեղափոխում են զոհերից մեկի մարմինը: Ժամը 23:23-ին ժողովուրդը ցույց է տալիս կրակած փամփուշտները: Իսկ հետո` կադրերում արդեն երկար ցույց են տրվում Երեւանի արյունոտ փողոցները, վառվող ավտոմեքենաներն ու հրազենից վիրավորված երիտասարդի անճանաչելի դեմքը: