ՀՀՇ վարչության նախագահ, Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի հավաստմամբ` Կենտրոն համայնքը մեր հանրապետության մինի-մոդելն է, ուստի Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելը շատ կարեւոր է:
Ըստ նրա` առջեւում շատ ավելի կարեւոր ընտրություններ են, որոնցից մեր իշխանությունները խուսափում են: «Խախտելով Սահմանադրությունը` մեր իշխանությունները խուսափում են Երեւանի քաղաքապետի ընտրություններից: Ուստի մենք մտածեցինք, որ սխալ չի լինի մասնակցելը ՏԻՄ ընտրություններին: Հետո կմասնակցենք նաեւ Երեւանի ընտրություններին: Այս ընտրություններն անցկացնելը ճիշտ չէր, եւ պետք էր անմիջապես ընդունել այն օրենքը, որի համար ընդունվել էր Սահմանադրությունը: Սակայն գիտակցում ենք նաեւ, որ այդ պրոցեսը ձգձգելու են, եւ մեր տեղեկություններով` Երեւանի ընտրությունները տեղափոխվելու են հաջորդ տարվա աշուն, հետեւաբար որոշեցինք գնալ այդ քայլին»,- երեկվա ասուլիսում ասաց նա: Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում ընտրությունների օրը պահել իրեն տրված ձայները, Ա. Զուրաբյանը պատասխանեց. «Երբեք որեւէ մեկը իշխանության ներկայացուցչին չի հարցրել, թե ինչպես են պահելու իրենց ձայները, ինչը վկայում է, որ Հայաստանում իշխանությունները կեղծում են ցանկացած տիպի ընտրություն: Փորձելու ենք հնարավորինս պահել մեր ձայները, որոնք, համոզված եմ, որ բավականաչափ շատ են եւ բավարար` հաղթանակ տոնելու համար»: Ա. Զուրաբյանի բնորոշմամբ` իշխանությունները ոչ միայն քաղաքապետի ընտրություններից են խուսափում, այլեւ այնքան «թույլիկ ու վախվորած են, որ նույնիսկ կանանց հացադուլն են բռնաճնշում ու մարդկանց ցրում»: «Այս ընտրությունները շատ կարեւոր են ու կարող են ցանկացած քաղաքական պրոցեսի հետագա ընթացքը կանխորոշել: Նրանք ի սկզբանե այդ օրենքն ընդունելիս էլ խրթին ձեւակերպումներ են փորձում ընտրել: Ամեն ինչ արել են, որպեսզի որեւէ անհատ չառաջադրվի եւ ուղիղ ընտրություններում չդառնա Երեւանի քաղաքապետ: Բայց մենք, միեւնույն է, մասնակցելու ենք եւ ակնկալելու ենք ունենալ հաջողություն»,- ասաց նա: Ա. Զուրաբյանը, ով նույնպես մինչեւ վերջերս ձերբակալված էր մարտի 1-ի դեպքերի պատրվակով, գտնում է, որ մարտի 1-ին ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններով իշխանությունները փորձում էին քաղաքական հարցերը տեղափոխել իրավական դաշտ: «Ես կարծում եմ, որ քրեական գործ՝ որպես այդպիսին, այնտեղ չկա, եւ այն փլուզվելու է նույնիսկ հայաստանյան դատարաններում, որովհետեւ այն մեղադրանքները, որոնք առկա են, որեւէ առնչություն չունեն իրականության հետ: Սրանով փորձում են լռեցնել ընդդիմությանը, բայց որեւէ հաջողության չեն հասնի: Քանի Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, քաղաքական պրոցեսներն ավելի ուժգնանալու են եւ հասնելու են իրենց տրամաբանական ավարտին»,- ասաց նա: Ըստ նրա` կարճ ժամանակ հետո գործող իշխանությունները ստիպված են լինելու վերանայել իրենց քայլերը: Նա վստահ է, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության նախաձեռնողը պետք է լիներ իշխանությունը: «Բայց դրա համար շատ կարեւոր նախապայման կար, որը կամակորություն չէր. քաղբանտարկյալների ազատ արձակումը: Գուցե երկխոսողներից մեկը, օրինակ, պետք է լինի Ալեքսանդր Արզումանյանը, որն այսօր մեկուսարանում է: Հիմա եթե իշխանություններն ուզում են երկխոսել, կարող են որեւէ համարժեք քաղաքական գործչի մեկուսարան տանել, կամ էլ Արզումանյանին ազատ արձակել, որպեսզի կարողանան երկխոսել»,- առաջարկեց Ա. Զուրաբյանը: