Ամերիկայի դավաճանությունը

13/09/2008 Էդուարդ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Աշխարհը գնալով ավելի ու ավելի է գլորվում համընդհանուր ցինիզմի գիրկը: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում գրեթե անհնար է դարձել սուտը ճշմարտից տարբերելը:

ԶԼՄ-ներն ամենուր վերածվել են ինֆորմացիոն պատերազմում զանգվածային քարոզչության զենքի, եւ ինչպես երեւում է` սա արդեն անդառնալի գործընթաց է (օրինակ` այսօր պարզապես անհնար է իմանալ ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Ցխինվալիում, որքան է եղել զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում. ստում են բոլոր կողմերը` եւ՛ Արեւելքը, եւ՛ Արեւմուտքը): Արդեն չեն մնացել վերազգային եւ վերպետական ինստիտուտներ, որոնք համընդհանուր հարգանք եւ վստահություն վայելեն, ընդհակառակը, միջազգային կազմակերպությունների հեղինակությունն անընդհատ ընկնում է, ժողովրդավարության եւ ազատության իդեալները վարկաբեկվել են, բազմիցս աճել է տեռորիզմի վտանգը:

Կասկած չկա, որ այս բոլոր գործընթացների կատալիզատորը նախ եւ առաջ դարձավ Բուշի նախագահության տարիներին ԱՄՆ-ի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականությունը: Եթե ԽՍՀՄ-ի ժամանակ երկու գերտերությունների հակամարտությունը ներկայացվում էր եւ շատերի կողմից ընկալվում որպես «չարի» եւ «բարու» պայքար, ապա այսօր նման հարցադրումը կարող է լոկ քմծիծաղ առաջացնել: Եթե դեռ բոլորովին վերջերս ողջ աշխարհի աչքին ԱՄՆ-ը ընկալվում էր որպես ազատության ու ժողովրդավարության պատվար, մարդու իրավունքների պաշտպան, որպես արդարամիտ հաշտարար դատավոր, ապա այսօր, շնորհիվ ԱՄՆ-ի հավակնոտ նախագահի, այդ կերպարն այլեւս գոյություն չունի: ԱՄՆ-ը այսօր արդեն ընկալվում է որպես եսասեր գերտերություն, որը փորձեց սառը պատերազմում իր տարած հաղթանակն ու կոմունիզմի փլուզումից հետո Ռուսաստանի ժամանակավոր թուլությունն օգտագործել իր անսահմանափակ իշխանությունը ողջ աշխարհի վրա հաստատելու համար` ելնելով միմիայն սեփական շահերից: Բազմաթիվ ամերիկացի եւ եվրոպացի քաղաքագետներ ընդունում են, որ Բուշի գործունեությունը զգալի խարխլել է Ամերիկայի հեղինակությունը ողջ աշխարհում: Այսպես, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը բառացիորեն օրերս ասել է հետեւյալը. «Բուշը քայքայել է ԱՄՆ-ի հեղինակությունը, ոչնչացրել Ամերիկայի բարոյական կերպարը եւ նրա նկատմամբ վստահությունը»: Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը Բուշին կոչել է ԱՄՆ-ի պատմության մեջ վատթարագույն նախագահը, իսկ Զբիգնեւ Բժեզինսկին նրա նախագահության տարիներն անվանել է «աղետալի»:

Այսօր Ամերիկան Ռուսաստանին մեղադրում է վրաց-օսական հակամարտությանը ոչ համարժեք պատասխան տալու մեջ: Թերեւս, այդպես է, որ կա, չնայած հարցն այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում է: Սակայն ասվածի համատեքստում խնդիրն այդ չէ: Այն, որ Ռուսաստանը չի ընդունում ոչ համարժեք պատասխան տալու մեղադրանքները, նշանակում է ոչ թե այն, որ Ռուսաստանն իրեն միանգամայն ճիշտ է համարում, այլ առաջին հերթին այն, որ նա մերժում է Արեւմուտքի` որպես արդար ու անաչառ դատավոր հանդես գալու իրավունքը: Այսինքն` Ռուսաստանը պարզապես հրաժարվում է հարգել Արեւմուտքի կարծիքը, եւ այստեղ դժվար է գերագնահատել Բուշի դերը:

Իրոք, ծիծաղելի է լսել ոչ համարժեք պատասխան տալու մասին մեղադրանքը մի մարդու կողմից, որը, թքած ունենալով ՄԱԿ-ի վրա (այդ թվում եւ՝ իր դաշնակիցների ու նույն Ռուսաստանի), քարուքանդ արեց Իրաքը` ի պատասխան մի վտանգի, որ, ինչպես պարզվեց, գոյություն չուներ: Իրաքում ամերիկացիներն այդպես էլ զանգվածային ոչնչացման զենք չգտան, սակայն ներխուժման համար ներողություն խնդրելու եւ երկրից դուրս գալու փոխարեն՝ նրանք կախաղան հանեցին այդ երկրի նախագահին, որը, ինչպես հետո պարզվեց, շատ ավելի լավ էր կառավարում Իրաքը, քան մինչեւ օրս հաջողվում է ամերիկացիներին: Արդյունքում Իրաքը վերածվեց տեռորիզմի որջի: Ամերիկացի մի փորձագետի պատկերավոր արտահայտությամբ` Բուշի քաղաքականությունը մարդկանց մղում է ԱԼ-Ղաիդայի շարքերը:

Ծիծաղելի է լսել նման մեղադրանքներ մի երկրի նախագահից, որը թույլ է տվել Հարավսլավիայի ողջ քաղաքացիական ենթակառուցվածքի ռմբակոծումը` Եվրոպայի լուռ թողտվությամբ: Պարզվում է` հանուն ժողովրդավարության հարկավոր էր քարուքանդ անել Դունայի վրայի կամուրջները… Հենց այս ամենի պտուղներն ենք մենք այսօր վայելում, քանի որ դրանով ամերիկացիներն ավերեցին ոչ միայն Իրաքն ու Հարավսլավիան, այլեւ աշխարհում գոյություն ունեցող կարգը եւ Ամերիկայի` որպես արդարացի հաշտարար դատավորի, կերպարը, ինչի կարիքն աշխարհն իսկապես ունի: Ակնհայտ է, որ Ռուսաստանի ռեակցիան պատասխանն է 90-ականների ստորացումների, դա պատասխանն է Արեւմուտքին այն բանի համար, որ նա չի կարողանում եւ չի ցանկանում հաշվի առնել գործընկերների շահերը: Եվ անգամ այսօր Արեւմուտքը շարունակում է չտեսնել «իր աչքի գերանը»: Այսօր եվրոպական մամուլը գրում է միջազգային իրավունքի մահվան մասին, սակայն ավելի ազնիվ կլիներ այդ մասին գրել Բելգրադի ռմբակոծումից անմիջապես հետո: Թե չէ այսպես կրկին գործում են երկակի ստանդարտները: Ի դեպ, Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը նույն կերպ, ինչպես ԱՄՆ-ը եւ ԵՄ անդամ երկրները ճանաչեցին Կոսովոյի անկախությունը: Արեւմուտքն ինքն է բացել Պանդորայի արկղը… Իհարկե, Արեւմուտքի նման վարքագիծը Ռուսաստանին ապօրինության իրավունք չի տալիս (Ռուսաստանին ընդհանրապես դժվար է մեղադրել ավելորդ ժողովրդավարության մեջ), սակայն դա բացատրում է Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը:

Եվ ինչպիսի բարձրագոչ բառեր էլ որ այսօր Բուշն ասի Վրաստանի հասցեին, այդ ամենը շատ խղճուկ, կեղծ եւ հիմար է հնչում: Նրան չեն հավատում անգամ եվրոպական դաշնակիցները: Ի դեպ, Վրաստանում կատարվածի նկատմամբ ԱՄՆ-ի ռեակցիան նույնպես դժվար է համարժեք կոչել. Բուշը մի բառ անգամ չասաց Վրաստանի տարածքային ամբողջականությունը ուժով վերականգնելու բացարձակ արկածախնդիր փորձի մասին, ասես դա միանգամայն նորմալ բան էր: Պատահական չէ, որ Եվրոպան ԱՄՆ-ին համարեց հակամարտության կողմ: Եվս մի հատկանշական բան. Վրաստանում հակամարտությունից անմիջապես հետո ԱՄՆ-ը Լեհաստանում եւ Չեխիայում շուտափույթ Հակահրթիռային համակարգեր է տեղադրում` դրանով իսկ ապացուցելով, որ նախկինում արված բոլոր հայտարարությունները, թե այդ ամենն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, կեղծիք էին…

Որպես վերջաբան: Վրաց-օսական հակամարտության պատճառների վերջին վարկածներից մեկն այն է, որ այդ ամենը սարքել էր Բուշը`պաշտպանելու համար հանրապետական թեկնածու Մակքեյնի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, ինչի համար էլ պետք էր վերածնել ռուսական վտանգի ուրվականը` «շախմատային» այս մեծ խաղում զոհաբերելով Վրաստանին: Վերջին վարկածը բացատրում է այս տարօրինակ ու անտրամաբանական պատմության շատ փաստեր: Ի դեպ, Մակքեյնի վարկանիշն իրոք աճեց այս հակամարտության շնորհիվ: Սակայն խնդիրը բնավ այն չէ, թե որքանով է ճիշտ այս վարկածը, այլ այն, որ այսօր աշխարհում ոչ մի փորձագետ չի համարձակվի պնդել, թե Ամերիկայի նման վարքագիծը պարզապես անհնարին է: Բուշը երեսպաշտությունը, կեղծիքն ու երկակի ստանդարտները վերածել է քաղաքականության նորմի, եւ աշխարհը լավ է սերտել այս դասերը: Արդյունքում այսօր ոչ միան Ռուսաստանը, այլեւ Մուամմար Կադաֆին կարող են Ամերիկային ցույց տալ իր տեղը: Հենց սրանում է Ամերիկայի դավաճանությունը:

«Դելովոյ էկսպրես»