Սրա վերջը ե՞րբ է լինելու

02/06/2005

Ինչպե՞ս գնահատել մեր իշխանությունների հերթական «բարեփոխությունը»։ Մի
քանի հարյուր դրամով թոշակն ավելացնելիս թմբկահարում են ամբողջ երկրով
մեկ, իսկ այն, որ այս տարվանից ավելացրել են գույքահարկը ոչ ավել, ոչ
պակաս, քան 350%-ով, այսինքն՝ 3,5 անգամ, այդ մասին լուռ ու մունջ միայն
ծանուցագրեր են ուղարկում բնակիչներին։ Միջին հաշվով, մոտ 10 հազար դրամով
ավելացրել են գույքահարկը, որը կազմում է տարեկան թոշակի 10%-ը։ Եվ սա
հիմնավորում են նրանով, որ շուկայում աճել են բնակարանների գները։ Եթե
մարդը ոչ վաճառել, ոչ էլ վարձով է տվել «թանկացած» բնակարանը, էլ ո՞ր
«հավելյալ» եկամուտից պիտի առաջացնի այդ հավելյալ հարկը, եթե ոչ
հանապազօրյա հացը կրճատելու հաշվին։ Այսպես շարունակվելու դեպքում,
բնակարանների գնի ապագա թանկացումը եւ համապատասխանորեն գույքահարկի
ավելացումները կարող են բերել մի իրավիճակի, երբ թոշակառուի համար նման
գույքահարկ մուծելը կդառնա անհասանելի, եւ պետությունը նրա բնակարանը
կբռնագրավի հարկային պարտքի դիմաց, ու մարդը կհայտնվի փողոցում։ Ընդ
որում, բնակարանային անշարժ գույքի շուկայի գործարքներում մասնակցում է
բնակչության ոչ ավելի քան 0,1%-ը, որի շնորհիվ, կախված օբյեկտիվ եւ
սուբյեկտիվ գործոններից, տեղի է ունենում գների որոշակի արհեստական աճ։
Հենց սրանից էլ օգտվելով, պետությունը բարդում է բնակչության մնացած
99,9%-ի բնակարանների վրա իր նորացված գները, համապատասխանորեն
ավելացնելով նրանց գույքահարկերը։ Նորմալ իշխանությունները պետական
բյուջեն համալրում են ազգային հարստության ավելացման հաշվին։ Իսկ
անկարողները նույն խնդիրը լուծում են սեփական ժողովրդին աստիճանաբար
քերթելու, նրան սնանկացնելու հաշվին։ Ժողովրդի ձայնի վրա թքած ունեն, իսկ
նրա ըմբոստանալու դեպքում պատասխանում են ջրցաններով, մահակներով ու
զենքերով։ Մինչեւ ե՞րբ պիտի շարունակվի այս իրավիճակը՝ հանցագործաբար
չարաշահելով ժողովրդի համբերատարությունը։

ՍԵՎԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ
տնտ. գիտ. թեկնածու, թոշակառու