Սեպտեմբերի 11-16-ը Հայաստանում կանցնեն մի շարք միջոցառումներ` նվիրված ամերիկացի նկարիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) մահվան 60-ամյա տարելիցին:
Էջմիածնում բացվեց նրա 53 կտավ-ռեպրոդուկցիաների ցուցադրությունը, իսկ Երեւանում անցավ գիտական կոնֆերանս` նվիրված Արշիլ Գորկու կյանքին ու հայացքներին: Վանի ասեղնագործության արվեստն ու Վասպուրականի մանրանկարչությունը կներկայանա Պատմության թանգարանի եւ Մատենադարանի դահլիճներում: Իսկ նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդավայր Ջաջուռ գյուղում գտնվող տուն-թանգարանում կբացվի հայ ժամանակակից նկարիչների ցուցահանդեսը:
Էջմիածնում ստեղծած Գորկու սրահի բացումը մեծ իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում: Աշխարհում շատ քիչ են Արշիլ Գորկու կտավները, քանի որ նկարչի արվեստանոցում բռնկված հրդեհի պատճառով շատերն անհետացել են, եւ ԱՄՆ-ում Գորկու յուրաքանչյուր նկարը համարվում է ազգային արժեք եւ երկրի սահմաններից դուրս չի գալիս: Գորկու նկարները հնարավոր կլինեն Հայաստան տեղափոխել Գորկու քրոջ` Վարդուշի շնորհիվ, ով իր եղբոր նկարները կտակել է Հայ Առաքելական եկեղեցուն:
Առավել հայտնի է Գորկու «Նկարիչն ու իր մայրը» կտավը, որը Գորկին տարիներ շարունակ նկարել, փոփոխել ու շտկել է` կարծես այդպես էլ վերջնական տարբերակ չգտնելով արտահայտելու համար իր սերը դեպի իր մայրն ու իր կորուսյալ հայրենիքը: Այդ կորսված ներդաշնակությունը որսալու համար Գորկին նկարի բազմաթիվ տարբերակներ է արել, մոտեցրել ու հեռացրել է մոր ու որդու ֆիգուրները, միացրել ու առանձնացրել նրանց ձեռքերը: Սակայն Արշիլ Գորկին նախեւառաջ սյուրռեալիստ էր, աբստրակտ էքսպրեսիոնիզմի ստեղծող, նա յուրահատուկ կամուրջ ստեղծեց Եվրոպայի ու Ամերիկայի արվեստների միջեւ: «Ես մուտք եմ գործում իմ բնազդների մեջ»,- ասել է Գորկին: Շատ խորհրդանշական է նրա «Ինչպես մայրիկիս ասեղնագործ գոգնոցն ազդեց ինձ վրա» նկարը, որտեղ ո՛չ մայր, ո՛չ տղա, ո՛չ էլ գոգնոց կա, այլ` գոգնոցի հպումից ծնված ջերմություն, զգացում, գույն ու նույնիսկ հոտ կա: Արշիլ Գորկին բուն զգացմունքն էր նկարում` մասնատելով այն էքսպրեսիվ գույների ու գծերի:
Արշիլ Գորկին առեղծվածային ու ողբերգական ֆիգուր է կերպարվեստի պատմության մեջ: «Ես դաժան եմ՝ ինչպես հսկա, եւ քնշուշ` ինչպես երեխա»,- գրել է նա: Գորկին մինչեւ ողնուծուծը հայ էր, ով 16 տարեկանում ծանրագույն հանգամանքներում փրկվել է Եղեռնից, հասել Հայաստան, որտեղ եւ տեսել է իր մոր մահը, այնուհետեւ` գաղթել է Ամերիկա: Սակայն նոր հողի վրա նա գերադասեց ոչ թե հայ, այլ` վերացական գաղթական ներկայանալ: «Ես Քրիստոսի նման հերոս չեմ, ես ճակատագրի մարդ եմ»,- գրել է նա իր նամակներում եւ միշտ ջանասիրաբար թաքցրել իր հայկական ինքնությունը: Իսկ «Սոչիի պարտեզները» գեղանկարչական շարքում իր հայրենի Խորգոմ գյուղը պատկերել է Ռուսաստանի քաղաքի անվան տակ: Շատերը Ամերիկայում նույնիսկ կարծում էին, որ նա ռուս է, ինչին նպաստում էր նրա կեղծանունը, որը ծնվել էր գրող Մաքսիմ Գորկուն նմանվելու ցանկությունից:
Հայկական ծագում ունեցող ամերիկացի նկարիչ Արշիլ Գորկու անունը հայտնի է գրեթե բոլոր հայերին, սակայն նրա ստեղծագործական ուղին ու որոնումները դեռ նոր պիտի բացահայտվեն ու հետազոտվեն: Այդ գործին պիտի նպաստեր Գորկու կյանքին նվիրված առաջին Երեւանյան գիտաժողովը, որն այսօր կազմակերպվել է ՀՀ Մշակույթի նախարարության եւ Արաբկիր համայնքի թաղապետարանի նախաձեռնությամբ: Այդ կապակցությամբ Իտալիայից արվեստաբանների մեծ խումբ է Երեւան այցելել:
Գորկու կյանքին նվիրված գիտաժողովի համակարգող, արվեստաբան Նազարեթ Կարոյանն ասաց, որ իրեն շատ դուր է գալիս «Այլեւս գոյություն չունի արվեստի պատմություն, այլ` գոյություն ունի արվեստի աշխարհագրության պատմություն» միտքը: «Ստեղծագործական դեգերումների մեջ Գորկին հաճախ էր դիմում իր ակունքներին… Եվ նա մեզ հետաքրքրում է նաեւ այն ազդեցությամբ, որն ունեցել է հայ ժամանակակից արվեստի զարգացման վրա»,- ասաց նա:
Արվեստաբան Վարդան Ազատյանը` ուսումնասիրելով Գորկու քաղաքական հայացքները` եզրակացրել է, որ Գորկու կյանքում զարմանալիորեն ներդաշնակվել են Ստալինի հանդեպ ունեցած հիացմունքն ու Հայ Հեղափոխական Դաշնակցության հանդեպ ունեցած հակակրանքը: Երբ Նյու Յորքում հայտնվելու առաջին օրերին Գորկին այցելեց հորը, միանգամից վեճերի ու բախման մեջ հայտնվեց իր խորթ եղբոր հետ, ով դաշնակցական էր, իսկ ինքը` Գորկին, անթաքույց ռուսամետ էր: «Ստալինիզմն ու ավանգարդը զարմանալիորեն հատվեցին նրա ճակատագրում: Ստալինը Գորկու համար արտիստիկ հրեշտակ էր»,- ասաց Վ. Ազատյանը:
Ամերիկյան արվեստի պատմության մասնագետ, Ֆլորենցիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Մարկո Չիանկին ասաց, որ աշխարհում երկու հիմնական աղբյուր կա` Գորկու կյանքը ուսումնասիրելու համար. «Կա Վարդուշ Ադոյանի գիրքը, որտեղ ներկայացված է նրա նամակագրությունը եղբոր հետ, եւ կա Գորկու կենսագրի` Մեթյու Սպենդերի (Գորկու դստեր՝ Մարոյի ամուսնու.- Ն.Հ.) ուսումնասիրությունը: Սակայն երկուսն էլ Գորկու կերպարի մասին տարբեր տեսակետներ են արտահայտում»: Գորկու նամակները ոչ միանշանակ են թարգմանվել: Եվ արվեստաբան Աննա Գալստյանը գաղափարական տարբերություններ է տեսել այդ թարգմանություններում, ինչը խանգարում է Գորկու «ոչ միանշանակ ու բարդ էությունը հասկանալ»: Փաստ է, որ Գորկու կերպարը վերծանման կարիք ունի:
Երեւանում սպասվում էր նաեւ Արշիլ Գորկու դստեր` նկարչուհի Մարո Գորկու եւ նրա ամուսնու` քանդակագործ, արվեստի պատմաբան ու Գորկու կենսագիր Մեթյու Սպենդերի այցը, սակայն նրանք հրաժարվել են Հայաստան գալ` սարսափելով մեր տարածաշրջանի քաղաքական անկայուն իրավիճակից: Ֆլորենցիայում ապրող քանդակագործ Վիգեն Ավետիսը պատմեց, որ Մարո Գորկին ոգեւորությամբ չի արտահայտվում Հայաստանի մասին, տարիներ առաջ նա նույնպես հրաժարվեց իր հոր հայրենիքն այցելել` ասելով. «Ձեզ մոտ խորհրդարանում կրակում են»: Սակայն վերջերս, ապրիլի 6-ին Ֆլորենցիայի քաղաքապետարանն Արշիլ Գորկու կյանքին նվիրված գիտաժողով էր կազմակերպել, եւ Մարո Գորկին, ով ապրում է Տոսկանայում, մասնակիցների շարքում էր: «Նրան շատ դժվար էր համոզել` մեր գիտաժողովի մասնակիցը դառնալ, քանի որ իր հոր անվան հետ ցավագին հուշեր են կապված: Մարոն ընդամենը 5 տարեկան էր, երբ հայրն ինքնասպան եղավ»,- ասաց Մարկո Չիանկին: Իսկ Երեւանյան գիտաժողովի մասնակից, Ֆլորենցիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի նախկին նախագահ, կոմս Պաոլո Արիանոն հույս հայտնեց, որ իտալացիները կարող են Եվրոպային պատմել հայ ժողովրդի ու Հայոց եղեռնի մասին` ավելի խոր ներկայացնելով Արշիլ Գորկուն:
Իսկ մեզ` հայաստանցիներիս համար, Գորկին ոչ միայն հայկական արմատներ ունեցող հետաքրքիր նկարիչ է, այլեւ` հայ է, որն ինքն իրեն նույնացրել է սեւ հրեշտակի հետ` միաժամանակ ձգվելով ու հեռանալ ցանկանալով իր սեւ ճակատագրից: Նա գրել է. «Եթե ես մեծ նկարիչ չդառնայի, ապա կդառնայի մեծ սրիկա»: