Մունը գովել է

13/09/2008

Նախօրեին հեռախոսազրույց է կայացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջեւ: Թեեւ խոսակցությունը հիմնականում վերաբերել է Կիպրոսի խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, սակայն, ըստ թուրքական «Հյուրիեթ» օրաթերթի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ գովեստով է արտահայտվել Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնության մասին:

Հիշեցնենք, որ ռուս-վրացական բախումների թեժ շրջանում՝ օգոստոսի 11-ին, Էրդողանն ասել էր, որ պաշտոնական Անկարան կարող է առաջարկել «Կովկասյան դաշինքի» ծրագիրը, որը հնարավոր է համեմատել Բալկանյան մոդելի հետ: Դաշինքին պետք է անդամակցեն Թուրքիան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը, որի ներկայությունը Էրդողանը հատուկ է ընդգծել: Հաջորդ օրը՝ օգոստոսի 12-ին, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ ամբողջովին սատարում է Էրդողանի առաջարկը: «Ես համոզված եմ, որ «Կովկասյան կայունության ֆորում» ստեղծելու գաղափարը շատ կարեւոր է: Կայունության հաստատումը, առկա խնդիրների լուծումը եւ ապահով վիճակի ստեղծումը տնտեսական զարգացում եւ բարօրություն կբերեն տարածաշրջանի ժողովուրդներին»,- ասել է Գյուլը: Օգոստոսի 13-ին Մոսկվայում Էրդողանն այդ գաղափարը ներկայացրել է Ռուսաստանի ղեկավարներին, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 14-ին, Թբիլիսիում պաշտոնական Անկարայի նախաձեռնության մասին խոսել է Վրաստանի ղեկավարների հետ: Թուրքիայի կովկասյան նախաձեռնությունը քննարկվել է նաեւ Երեւանում՝ Աբդուլլահ Գյուլի այցի ընթացքում: Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մշտապես ողջունում է երկխոսությունը եւ տարածաշրջանում վստահության ամրապնդման, անվտանգության եւ համագործակցության կողմնակից է, եւ թուրքական նախաձեռնությունը համարել է տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլ: