Անմեռուկի վեց թերթիկները
Ինչ հրաշք ասես չի լինում լուս աշխարհում:
Մենք նստած էինք դրսում եւ արձակում էինք արեւի խիտ շողերը, որպեսզի դրանք չայրեին մեր պարտեզը, երբ հանկարծ դարպասների մոտ հայտնվեց քաղաքային անորոշ-մոխրավուն հագուստով եւ հեւասպառ մի մարդ: Մենք միանգամից հասկացանք, որ նա տեղացի չէ, առաջինը, նրան ոչ ոք չէր ճանաչում, իսկ երկրորդ, նրա անդրավարտիքը մինչեւ ծնկները թաց էր, չէ՞ որ նեղ գերանով մեր գետն անցնել կարողանում են միայն մերոնք։
– Ինչու դուք կամուրջ չեք սարքում,- ողջույնի փոխարեն հարցրեց նա:
– Ճիշտն ասած, դրա կարիքը բնավ չկա,- պատասխանեց պապս՝ ձեռքի շարժմունքով հյուրին հրավիրելով նստարանին նստելու:
Հյուրն արագահայաց զննեց բակն ու նստեց: Տատս նրան երեք խճճված արեւի շող երկարեց, որպեսզի նա ինչ-որ բանով զբաղվի. աշխատանքի մեջ խոսքուզրույցն էլ ավելի զվարթ է: Բայց նա միայն թոթվեց ուսերը, հավանաբար, չիմանալով, թե այդ ամենի հետ ինչ անի:
– Դուք ի՞նչ է, արեւի շողերը երբեք չեք արձակել,- խիստ զարմացած հարցրեց մայրս:
– Ոչ,- ասաց հյուրը:
– Կներեք, իսկ դուք ինչպես եք փրկվում տապից,- հարցրեց հայրս:
– Այ թե ինչպես,- ասաց հյուրն ու պայուսակից հանեց տաղտկալի կոստյումի գույնի պլաստմասսե հովհարը:
– Արդարադատ Աստված, ինչ հրաշք ասես չի լինում էս լուս աշխարհում,- խաչակնքեց տատս:
Հրեշավոր հարմարանքը
Հյուրը շրջիկ գործակալ էր: Այդ մասին նա մեզ հայտնեց այնպիսի կարեւորությամբ, որ մեզ համար մեկեն պարզ դարձավ`այդ զբաղմունքը հաստատ նրանցից չէ, որ առանձնահատուկ ուշադրության է արժանի: Սակայն մենք ոչնչով ցույց չտվեցինք մեր հիասթափությունը, չէ որ շատերն են ստիպված լինում զանազան պարապ բաներով զբաղվելու:
– Ես ուզում եմ ձեզ տան նախագիծ առաջարկել,- արտաբերեց հյուրը, փորձելով մեր մեղրա-գարեջուրը:
– Երեւի թե, ձեր աչքերը ձեր ոտքերի ետեւից չեն հասնում, չէ որ հենց բլրի գլխից երեւում է, որ մենք տուն արդեն ունենք,- պատասխանեց պապս: -Ձեր թրջված անդրավարտիքն ափսոս է, բայց մեզ ոչ մի նախագիծ, նույնիսկ ձրի էլ, պետք չի, քանի որ ես մի անգամ էլ հիշեցնում եմ ձեր աչքերին, մենք տուն արդեն ունենք: Ահա այն, ձեր ստվերն հենց նրա վրա է հենվել:
– Ոչ, ոչ, դուք ինձ չհասկացաք,- առարկեց հյուրը, հովհարն ամբողջ ուժով թափահարելով: -Ես ուզում եմ ձեզ առաջարկել մեծ տան նախագիծ`երեքհարկանի, պատշգամբներով, կոկիկ շրջանակված պղնձե ջրհորդաններով:
– Եվ որ նրանց մեջ քրթմնջա գիշերվա խավարը: Զուր եք ջանում: Եթե նույնիսկ մեզ պետք լիներ այդպիսի տուն, մենք էդքան փող չունենք, որ նախագիծն առնենք,- մեջ մտավ տատս: -Եվ խնդրում եմ մի թափահարեք այդ հրեշավոր հարմարանքը, դուք այստեղ ամենալավ օդը կքշեք:
– Կներեք,- մի պահ խառնվեց հյուրը,- ես չեմ էլ պատրաստվում այդ նախագիծը փողով վաճառել: Ես միայն մի քանի նախշ կհանեի, որոնցից դուք այստեղ խելքից դուրս ունեք…
– Էդ ինչ նախշերի մասին եք խոսում,- ընդհատեց նրան տատս, արդեն փոքր-ինչ հուզված, քանի որ հենց այդ ժամանակ նա պարտեզ թողեց չարձակված արեւաշողերի մի հաստ խուրձ:
– Դե, ահա, թեկուզ սրբիչից, կողասյունից, թաշկինակից, ճախարակից, բաճկոնակից, դե, ինչից ասես: Իսկ այն, ինչի վրա նրանք նկարված են, ասեղնագործած կամ փորագրած, դուք կարող եք ձեզ թողնել: Ի՞նչ վատ պայմաններ են որ:
– Եվ ինչպես եք դուք այդ պատկերացնում, նախշերը հանելը,- խոսակցության մեջ մտավ մայրս:
– Ահա թե ինչպես,- ասաց հյուրը եւ ելավ նստարանից ու դեպ իրեն քաշեց գործած խալիչան, որի վրա նստած էր:
Այդպես մենք վաղուց չէինք զարմացել, դեռ անցյալ տարվանից, երբ մեր գետում մենք անմորուս անտառոգի բռնեցինք: Հյուրը եռանդագին թափ տվեց խալիչան, ու նրանից գետին թռան դաշտային ծաղկեփնջերը:
– Ձեզ`նախագծերը, ինձ`զարդանախշերը,- ծիծացեց նա, պայուսակից հանելով թափված ճյուղերը. կերեւնոերն ու հասկերը`այն երանգները, որ լինում են միայն ապրիլի վերջում:
– Դե ահա, փչացրեց իմ ամենասիրելի խալիչան,- առաջինը ուշքի եկավ տատս, սակայն հյուրի հետքն անգամ չկար:
Ամպը թաղվել էր ծանծաղուտում, մեր տնից ոչ շատ հեռու
Այն տարի երաշտը շատ պարտեզների վնաս բերեց: Մարդիկ այնքան էլ ջանադրաբար չէին քաշքշում արեւի շողերը, եւ ծիլերն ամենօրյա, բազմակի ծանրացած տապի տակ պառկեցին: Շրջիկ գործակալն այդ ընթացքում հասցրել էր հաճախել մեր գյուղի բոլոր տները: Մեկի մոտ նա ճախարակից խաղողի մի որթ էր մուրացել, մյուսի մոտ`ծածկոցափեղկից խաղողի մի ողկույզ էր թռցրել, էն մեկելի մոտ`մի գալարագիծ, որ գլխաշորի վրա էր, ցանկապատից հասկերն էր հանել, հինգերորդի մոտ`մահճակալի թիկնակից`մի զույգ սիրամարգ: Իսկ փոխարենը ամենքին թողել էր տների նախագծեր: Պապս ու տատս այդժամ ասացին.
– Ինչներիս է պետք մեծ տունը: Էնտեղ մեկ էլ տեսար կորար: Դե, իսկ եթե պիտի սանդուղքով մագլցենք, ապա նրանով, որ տանում է դեպ երկնքի դարպասները:
– Բայց չէ որ ձեր սենյակը կարելի է առաջին հարկում տեղակայել,- ասաց մայրս. իսկ մեր տնից ոչ շատ հեռու գետի ծանծաղուտի վրա էր իջել խստահայաց առաջին ամպը:
Այդ երեկո, սովորույթի հակառակ, տատս կեսգիշերը բակում դիմավորեց:
– Գոնե աստղերին մի կուշտ նայեմ, թե չէ էստեղ շուտով համատարած ստվեր կլինի:
Ոչ ուշ, քան հաջորդ երեկոյան, պապս հավաքեց ամենամեծ երազներից ու դրանք լուսնի շողով կապեց: Նա հաստ կապուկը կախեց առաստաղի բարձր գերանից, ուր չի հասնում տնային իրարանցումն ու ամենայն մնացյալ բարբաջանքը: Նա էլ էր համարում, որ շուտով մեզ սեւ օրեր են սպասում:
– Սա մեզ պետք կգա, երբ բոլորիս գլուխը իրականությունից կցավի,- շշնջաց նա բաճկոնակի գրպանին, ուր նա պահում էր ամենակարեւոր բաների ցուցակը:
Նվաղող երկինքը
Վաղ աշնանը, երբ մենք արեւը պատրաստում ենք ձմեռվա համար, փակելով այն ապակե պուլիկների մեջ, հյուրը դարձյալ հայտնվեց: Նրա անդրավարտիքից ջուր էր կաթում, իսկ դեմքից`սաստիկ զարմանք: Դե, ինչ վերաբերում է ջրին, ապա ամեն ինչ պարզ էր`նա նորից ընկել էր մեր գետակի ափերն իրար միացնող գերանից: Դե իսկ զարմանքը բացատրվում էր այն բանով, որ նա պարզապես սեփական աչքերին չէր հավատում`դե, ինչպես է հնարավոր, որ մենք դեռեւս չենք սկսել կառուցել: Հովհարի փոխարեն նա պայուսակից հանեց պարտավորությունը`մեզ ապահովել նոր տան կառուցման համար բոլոր անհրաժեշտ բաներով:
– Անշուշտ, ձեր նախշերի փոխարեն`հավելեց նա, աչքերով ուտելով պապիս գուլպաները, որոնց վրա ասեղնակարած էին սուրսայր տերեւներ եւ նրբին հակինթներ:
– Մի համաձայնվիր, դա չի վաճառվում,- բորբոքվեց տատս ու մարտականորեն գոգնոցով սրբեց հոկտեմբերի լույսից ոսկեզօծ ձեռքերը:
– Դե, ուրեմն, սափորի վրայի այն զարդանախշի փոխարեն. հյուրը հայացքը հառեց վառ նախշագծած կարմիր, կապույտ ու կանաչ շերտերի վրա:
– Իսկ դա բա՞վ է,- առեւտուր էր անում հայրս:
– Սկզբի համար բավ է,- պատասխանեց հյուրն ու ձեռքերը շփեց:
– Դե, ուրեմն, լավ,- համաձայնվեց մայրս:
Ինչպես մամուռն է հավաքվում կենաց ջրի տակ, այդպես նվաղող ամպերն էին նստում մեր բակի գլխավերեւում: Տատս ու պապս վերջապես փակեցին արեւով լեցուն բոլոր պուլիկները: Ստվերը մենք ձմեռվա համար չէինք պահում: Այն ուտել էլ չի կարելի, դե իսկ նայելը նրան, առավել եւս անհետաքրքիր է:
Ստվերներն աճում են արեգակը ծածկելուն համընթաց
Ի երջանկություն մեզ, ձմեռը թեթեւ էր, ոչ երկարատեւ: Մոտենում էր կառուցելու ժամանակը: Հյուրը մեզ մեկ աղյուս էր բերում, մեկ`կղմինդր, մեկ էլ`գերան: Իսկ պայուսակում տանում էր նախշերը, որ զարդարում էին մեր իրերը: Վաղ գարնանը մենք սկսեցինք մեծ նոր տուն կառուցել: Այդ գարուն ոչ ոք այդպես էլ չէր հավաքում ամենուր ցաքուցրիվ արեւաշողերը: Հազվագյուտ բարիքը զուր կորչում էր: Պարզ էր, որ լավ բերքի ակնկալիք չկար: Ստվերներն աճում էին պատերի հետ`արեւը ծածկելուն համընթաց, աճում էին այն անասելի արագությամբ, որով բոլորը շրջակայքում կառուցում էին իրենց ապարանքները:
Տատս ու պապս փորձում էին թեկուզ ինչ-որ կերպ փրկել դրությունը: Նրանք շրջում էին մերձակայքում, բարձրանում էին բլուրների ու թմբերի վրա, հավաքում էին արեւի լույսի ցաքուցրիվ ծվեններն ու խուրձերով տանում էին մեր պարտեզ:
– Դե. թեկուզ մեկը իջներ վերեւից, գոնե մի ակնթարթ: Դե չէ, ինչքան բարձր է կառույցը, այնքան ուղեղը ուժեղ միջանցահովիկի տակ է: Առանց նախշերի ամեն բան էն չի, ամեն ինչ մոխրագույն է`գորշ ապարանքներում հոսում է գորշ կյանքը: Գորշ առօրյա, գորշ հոգիներ`կսկծում էր տատս:
Բայց տատս ու պապս չէին կարող չսիրել հորս ու մորս: Նոր տանը նրանք զոհաբերեցին նույնիսկ պապիս գուլպաների հակինթը: Իսկ երբ առաջին գիշերը պարզվեց, որ նոր տանը քնել չի լինում, նրանք բերեցին ու մեր գլխի տակ դրեցին ջերմ լուսնի լույսով շուլալված երազները`դատարկ ու պաղ անքնությունից:
Վեցերորդ թերթիկը
Քանի որ մեր գյուղը մնաց իսպառ առանց նախշերի, հյուրը վերջապես չորացրեց իր անդրավարտիքը, դասավորեց պայուսակներն ու անհետացավ, իր ետքից թողնելով անելանելի միապաղաղությունը, որն ընդհատում էին միայն թեթեւակի իրարից տարբերվող նորակառույցները:
Ինչպես եւ այն ամառ, երբ մենք արձակում էինք արեւի շողերը, մենք դարձյալ նստում էինք բակում, ամպերի հաստ շերտի եւ մեկ էլ մեծ տան ստվերի ներքո, այս անգամ արդեն առանց որեւէ օգտակար զբաղմունքի:
– Նա մեզ խաբեց,- հանկարծ ասաց հայրս:
– Պատկերացնում ես, նա դեռ ուզում էր, որ մենք կամուրջ կառուցեինք այսպիսի մաքուր գետի վրա,- արձագանքեց պապս:
Մայրս արտասվեց:
– Ստվերում մի լացիր, թարթիչներիդ վրա մամուռ կաճի,- նրա ուսն հրեց տատս,- առ, սրբվիր: Ինձ հաջողվեց մի նախշակար թաշկինակ պահել:
Երբ մայրս արցունքները սրբեց, պապս թեքվեց իմ կողմը.
– Ուժս ինչ-որ լռվել է ողնաշարումս: Դու դեռ երիտասարդ ես, ահա վերցրու, դիր այս թաշկինակը սնդուկի մեջ`մնացած բարիքի հետ, մեկ էլ տեսար անմեռուկն ընտելացավ ու աճեց:
Ես ժողվեցի բոլոր թիկնոցները, սափորները, բաճկոնակները, գուլպաները, գոտիները, վերնաշապիկները, լանջագոտիները, բարձի երեսները, ճախարակները, եւ դարսեցի սնդուկի մեջ: Իսկ մինչ կափարիչը փակելը, թաշկինակի կողքին, որի վրա նախշակար անմեռուկներ էին, մաքուր թղթի վեց թերթ դրեցի:
Բառերը
Սա ուլունք է բառերից
Տանտերը աթոռները դրեց չորս շարքով: Նրանցից յուրաքանչյուրի վրա ծրագիր դրեց: Տանտիրուհին ռադիոընդունիչի վրայից հանեց ժանեկավոր անձեռոցիկը: Մատները չրխկացրեց, որպեսզի գրավի հյուրերի ուշադրությունը: Ապարատն այնպես հարմարեցրեց, որ այն որսա լռությունը:
Նրանք նստած էին երրորդ կարգի կողքի աթոռներին: Նա`լավ տրամադրությամբ, հաճելիորեն զարմացած այն բանից, որ այդպիսի բան դեռեւս կատարվում է: Իսկ կինը`ձեռքերը փորի վրա ծալած, հանգիստ, լռության երաժշտությամբ տարված:
Բուն ամառն էր, երեկոյան օդը սենյակում, չափազանց փոքր այդչափ հյուրերի համար, ներծծված էր հեղձուկով, եւ տանտերը նույնիսկ ստիպված եղավ մի քանի անգամ ընդհատել համերգը, որպեսզի օդափոխի: Այդ անդուր դադարների ընթացքում հյուրերը ջանում էին պատնեշվել արտաքին աղմուկից`ցածրաձայն խոսակցելով: Ինչ-որ մի պահ նրա հայացքը դիպավ դրացուհու բարետես հայացքին, եւ նա թեթեւակի շիկնեց:
– Դուք այստեղ հաճախ ե՞ք գալիս:
– Ես այստեղ մոտ եմ ապրում,- պատասխանեց կինը: – Ասեք, դուք լսել ե՞ք լռության այդ վսեմ կրեսչենդոն առաջին մասում:
Նա ավելի շատ շփոթվեց: Երաժշտությունից այնքան էլ լավ գլուխ չէր հանում: Քանի դեռ, ասես անհայտ խորքերից, կրկին աճում էր նախաստեղծ լռությունը, նա հուսահատ խոսակցությունը վերականգնելու առիթ էր փնտրում: Եվ հանկարծ նրա ձգված վզի վրա բավական անսովոր մի վզնոց տեսավ, եւ հաջորդ ընդմիջման սկզբում նա ամաչելով հարցրեց
– Դուք իհարկե կներեք ինձ, հեռվից չհասկացա դա մարգարի՞տ է, թե՞ փայլաքար:
– Ոչ մեկը, ոչ մյուսը,- ժպտաց նա:
– Կյանքում նման զարդարանքներ չեմ տեսել:
– Սա ինքնին հազվագյուտ բան չէ: Բայց լոկ քչերն են կրում այն այս կերպ,- մի ինչ-որ ակնթարթ նա լռեց, ասես չխիզախելով ասել ամենը: Սրանք ուլունքներ են բառերից: Այստեղ նրանք մի երկու տասնյակ են: Ամենամեծ խոսքը ՓԱՅԼՆ Է: Այնուհետեւ գալիս են երկու ՃԱՌԱԳՈՒՄՆԵՐԸ, հետո չորս ՓԱՅԼԱՏԱԿՈՒՄՆԵՐԸ, իսկ մնացած բոլորը, հենց մինչեւ կողպեքը` մանր-մունր ՑՈԼՔԵՐ ԵՆ:
– Երբեք չէի մտածի, որ բառերից կարելի է այդպիսի բան արարել,- խոստովանեց նա:
– Դուք հետաքրքիր պատանի եք, բառերից կարելի է արարել ինչ ասես: Իսկ մեր ժամանակներում դարձյալ դիմում են բառերին, երբ նրանցից ուզում են անել մի բան, որ բացարձակապես հակադիր է նրանց բովանդակությանը:
Տանտերը նորից փակեց պատուհանը: Տանտիրուհին փութկոտ քշեց արտաքին աղմուկի արձագանքները: Հյուրերը դարձյալ նստեցին իրենց տեղերը, շարունակելով ունկնդրել լռությունը: Նա այլեւս չշրջվեց դեպի կինը, այլ նստել էր, աչքերը ծրագրին մեխած`թղթի մաքուր թերթիկ, բայց տպավորությունը նրա դեմքից նա հետազոտեց ամենաուշադիր կերպով: Նա, հավանաբար, փոքր-ինչ մեծ է իրենից: Նա մեծ աչքեր ունի, ճերմակ կաթնագույն մաշկ, դեմքից ժպիտը չի իջնում: Բալի ճյուղերով նախշակար թեթեւ զգեստը պրկում է նրա շարժումները: Նրանից բույր է ծորում: Առանձնահատուկ: Նա ձեռքը սեղմում է կրծքին, վախենալով, որ կինը կլսի իր արագացող շնչառությունը: Այդուհանդերձ, երբ համերգն ավարտվեց, նա չդիմացավ:
– Ձեզանից այնքան հրաշալի բուրում է,- պոկվեց նրանից:
– Շնորհակալություն: Դա ԱՆՈՒՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆՆ Է:
– Ինչպե՞ս ասացիք` ԱՆՈՒՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ: Դա ինչ է տարաշխարհիկ խոտերից թո՞ւրմ է:
– Ոչ դա ԱՆՈՒՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ բառն է: Հասկանում եք, ընդամենը բառը: ԱՆՈՒՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ: Այդպես է դա կոչվում, ավելի ճիշտ`արտասանվում: Բույրը գալիս է հենց այդ բառից:
Հյուրերը տանտիրոջը հրաժեշտ էին տալիս: Արդեն շարքերով իրար կողքի շարված աթոռների կողքին նրանք երկուսով մնացին: Կինն հրաժեշտի ինչ-որ հերթապահ խոսքեր քրթմնջաց: Արդեն դեպի ելքն ընթանալիս, նա լսեց, թե ինչպես է իրենց ընդհանուր ծանոթը նրան ասում.
– Աննա, հուսով եմ քեզ դուր եկավ:
– Ամեն ինչ ՀԻԱՍՔԱՆՉ ԷՐ,- պատասխանեց կինն արդեն դռների արանքում եւ տանտիրոջը հրաժեշտի պահին հանձնեց իր վերջին խոսքը: Նա հիշեց, որ նույնիսկ չի ներկայացել, եւ վազեց նրա ետեւից:
– Աննա, սպասեք: Ես ձեզ պետք է ասեմ, թե ինչ է իմ անունը…
Վերցրեք նրան եզրերից եւ թեթեւակի ոլորեք
– Ինչ էլ որ լինի ձեր անունը, շատ հաճելի է,- նա թարթիչներն իջեցրեց,- բայց ես պետք է գնամ:
– Դուք պետք է ինձ ինչ-որ բան բացատրեք: Բույրի մասին: Խնդրում եմ,- շտապում էր նա նրա քայլքի ետեւից`աստիճանների վրա:
– Ախ, այո,- նա կանգ առավ: -Դե, ենթադրենք դուք ինչ-որ բառ ունեք: Վերցրեք այն եզրերից եւ թեթեւակի ոլորեք: Նայեք միայն, ոչ շատ պինդ: Որպեսզի նրանից մի քանի կաթիլ հյութ դուրս գա, բայց ուժեղ մի քամեք, որպեսզի նա կարողանա շտկվել: Իմ բույրը քամված է ԱՆՈՒՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ բառից:
Սպասեք, չէ որ դա անհնար է: Դուք կատակում եք: Ինչպես կարող է դա պատահել…
– Լավ, ինչ-որ բան ասեք,- նա ուղիղ նայեց նրա շուրթերին:
– Ինչ ասեմ:
– Ինչ ուզում եք, ցանկալի է ինչ-որ գեղեցիկ բան, կարեւոր չէ, թե ինչ: Երեւի թե դուք գիտեք ինչ-որ բառ, որում գեղեցկություն կա:
– ՀԱՄԲՈՒՅՐ,- ասաց նա եւ հենց այդ պահին զղջաց, վախենալով, որ շատ հեռուն գնաց:
Աննան թեթեւակի սրսփաց: Բայց մեկեն մի քանի թեթեւ շարժումներ արեց: Թվում էր, թե նա ասվածը պտղունց առ պտղունց հավաքում է: Այնուհետեւ ցուցամատի փափուկ մասը դիպցրեց շուրթերի ներքնամասին: Մատի տակ մնաց տամուկ հետքը: Ալ, փայլփլուն ճանապարհի վրա թռչկոտում էին շրջակա լույսի շողերը:
– Ինչ գեղեցիկ դուք դա ասացիք,- շշնջաց նա, շարունակելով իջնել աստիճաններով:
– Սպասեք, սպասեք, թողեք գոնե մի ԿՈՒՇՏ ՆԱՅԵՄ ձեզ,- գոչեց նա նրա ետքից, ու մուտքը լցվեց նրա ճիչով:
Նա շրջվեց, ասես փախչելու տեղ չուներ: Հենվեց պատին: Նա պարզապես տրվեց այդ ԿՈՒՇՏ ՆԱՅԵԼ խոսքին, որ սահում էր նրբին`վզի վրայով, փութանցիկ`ականջների ետեւում, կսկծալի`ուսերի վրայով, ալիքաձեւ`այնտեղ, ուր ուռչում էր կուրծքը… Երբ այդ ԿՈՒՇՏ ՆԱՅԵԼԸ վար սահեց փորով, զգեստը սեղմելով ազդրերին եւ հետույքին, Երբ օրորվեցին ու շնկշնկացին նկարազարդ ճյուղերը, նա խուլ ասաց.
– Դուք տաղանդ ունեք: Ուզում եք, ես ձեզ ցույց տամ իմ բառարանները:
Նրանք լուռ երկու հարկ ներքեւ իջան: Իր բնակարանի մոտ Աննան արտասանեց ԲԱՆԱԼԻ բառը, մտցրեց այն կողպեքի մեջ, եւ դուռը բացվեց:
– Դուք լավ եք մտածել: Բավական է գեթ մեկ անգամ ձեր վրա փորձարկեք բառերի ճշմարիտ զորությունը, եւ նրանք ձեր հանդեպ ավելի ու ավելի անողոք կլինեն:
– Թող որ,- պատասխանեց նա:
– Դե ինչ, ուրեմն մտեք:
Ավելի արագ, ավելի հաճախ
Դեռ երբեք նա չէր տեսել այդպես տարօրինակ կահավորված սենյակ: Միջանցքում դրված էր տասնյակ մրգերի անուններով լցված ծաղկամանը: Հեռախոսի մոտ հանգստանում էր ԲԱՐԻ ԼՈՒՅՍԸ: Հատակին գորգերի ու կարպետների փոխարեն լցված էր ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ բառը: Նկարները նկարված էին գույների անուններով: Վերմակներն հյուսված էին ՓԱՓԿՈՒԹՅՈՒՆԻՑ: Օդանցքի վրա ձգված էր ցանցը, որ մաղում էր փողոցային աղմուկը: Սեղանի վրա դրված էին ՄԱՏՆՈՑԸ, ՄԿՐԱՏԸ, ցաքուցրիվ ձայներն ու կիսակար զգեստը, այս անգամ տարատեսակ եւ բազմերանգ տերեւներից: Սենյակում բազում գրքեր կային:
– Նստեք,- ասաց նա, անփույթ մատնացույց անելով թախտը, իսկ այնուհետեւ ձեռքը երկարեց լեփ-լեցուն դարակաշարի կողմը: -Դե, ձեզ ինչ հյուրասիրեմ:
Ապշահար, նա աչքը սահեցրեց կազմերի վրայով: Դարակների մեջ միայն բառարաններ էին: Հարյուրավոր բառարաններ: Մեծ եւ փոքր, գրպանի, կաշեկազմ եւ ոսկեզօծ, հանրագիտարաններ, տեղեկատուներ, ոմանք տարբեր վերահրատարակությունների, մեծ մասը`էջանիշերով, որոնց վրա գրված էր`«ԱՅՍՏԵՂԻՑ» մինչեւ «ԱՅՍՏԵՂ»… Նա հանեց դրանցից մեկը, բախտաբերի բացեց ու կարդաց.
– Սեր:
Եվ, թեպետ, նրանց միմյանցից մի քանի քայլ էր բաժանում, նա զգաց, թե ինչպես է այդ բառը սողոսկում իր վերնաշապկից ներս, գլորվում է մեջքով, սուզվում թեւատակերը, բարձրանում է դեպի կուրծքը, կողերի արանքում խուտուտ է տալիս… Ինչ-որ ուշացումով նա լսեց, թե ինչպես է կինն իրեն գոռում.
– Դե, ինչ-որ բան ասեք ինձ: Դե, ասեք:
Նա սկսեց բառեր արտասանել, աշխատելով արտաբերել դրանք որքան հնարավոր է իրենց իմաստին մոտ.
– ԴՈՂ, ԾՆԿՆԵՐ, ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ…
Սարսռալով նա ուժահատ իջավ դիմացի աթոռին: Երկրորդ բառը ծնկներն իրարից հեռացրեց: Կինը հոգոց հանեց.
– ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ:
Նա զգաց, թե ինչպես է պրկվում իր ողջ մարմինը, թե ինչպես է իր մեջ ուժ լցվում: Եվ մոլեգին շշնջաց հենց նրա բացված ծոցին.
– ՇՈՅԵԼ:
– ՀՈԳՈՑ,- արձագանքեց նա:
– ՀԱՎԱՔԵԼ,- ասաց նա:
– ՄԿԱՆՆԵՐԸ:
– ԿՈԿՈՆ:
– ՀՅՈՒՍԵԼ:
– ԱԼԻՔՆԵՐ:
Նրանք նստած էին դեմ-դիմաց եւ խոսում էին ավելի ու ավելի բարձր, ավելի արագ, ավելի հաճախ: Ամեն բառ իր տեղում էր:
– ՁԵՌՔԵՐ, ՄԵՏԱՔՍ, ԾԻԼԵՐ, ՏԱՄԿՈՒԹՅՈՒՆ, ԱՎԵԼԻ ՈՒԺԳԻՆ, ԽՆՁՈՐՆԵՐ, ԹՄԲԿԱՀԱՐԵԼ, ԵՐԿԻՐ, ԿԵՍՕՐ, ՊՈՒՐԱԿ, ԼՈՒՅՍ, ՍԱՀՔ, ԱՓԵՐ, ՀՈՐՁԱՆՈՒՏ, ԶԱՌԻԹԱՓ…
– ԲԱՎԱԿԱՆ Է…
Ձայների բեկորներն ու մնացյալ պարապ բաները
Առաջին իսկ քայլերից նրան հափռեց քաղաքային աղմուկը: Ամեն տեղից հասնում էին ձայների բեկորները, խոսակցությունների թթված ծվենները, որդնած շաղակրատությունը: Փքվում էին հանդիսավոր խոստումները: Քարշ էին գալիս թախծալի ողբ ու կոծերը… դռդռում էին ձանձրացուցիչ շնորհակալությունները: Գալարվում էին չնչին երդումները: Օրորվում էին տրտմալի պաղատանքները: Նա, ով գեթ մի անգամ զգացել է խոսքի զորությունը, հավերժորեն դատապարտված է կրելու այն տառապանքը, որ պատճառում է ունայնաբանությունը…
Նա սրտխառնուք զգաց: Հիմա, ինչպես նախազգուշացնում էր կինը, առանց իմաստի եւ նշանակության բառերը սպանում էին: Ցավից նրանից դուրս թռավ.
– ԼՌՈՒԹՅՈՒՆ:
Եվ նա շարունակեց իր ճամփան, ջանալով չկոխկրտել մայթին ցաքուցրիվ դատարկ, անիմաստ ձայների աղբը: