Նախագիծն ուղարկվել է ԵԽ ԽՎ

13/09/2008

Մեր տեղեկություններով` ՀՀ նախագահի աշխատակազմից մարտի 1-ի դեպքերի հետ կապված փաստահավաք առաքելության խումբ ստեղծելու նախագիծ է ուղարկվել ԵԽ ԽՎ-ի դիտարկմանը: Մեր թղթակիցը խորհրդարանում փորձել է մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից պարզել, թե ե՞րբ է ուղարկվել այդ նախագիծը, արդյոք պատասխան ստացվե՞լ է, եւ վերջապես ե՞րբ է ստեղծվելու այդ փաստահավաք խումբը: Ս. Նիկոյանը պատասխանել է, որ այդ նախաձեռնությունից տեղյակ չէ: Սակայն նույն հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Արտյուշա Շահբազյանն, ի տարբերություն Ս.Նիկոյանի, տեղյակ է նախագահի վերոնշյալ նախաձեռնությունից, բայց չի հիշում, թե կոնկրետ երբ է նախագիծն ուղարկվել ԵԽ ԽՎ: Միայն հիշել է, որ այն ուղարկվել է երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստից հետո, երբ Ս.Նիկոյանը հայտարարել էր այդ խմբի ստեղծման անհրաժեշտության մասին: Այս կապակցությամբ մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանն ասել է. «ՀՀ-ն ընդունել է Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի` մարտի 1-ի իրադարձությունները քննող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի համար եզրակացություններ անելու վերաբերյալ փաստահավաք առաքելություն իրականացնող մասնագիտական խումբ ձեւավորելու առաջարկը, որի վերաբերյալ ներկայումս ընթանում են քննարկումներ Մարդու իրավունքների հանձնակատարի եւ նրա աշխատակազմի հետ»: