Երեկ Ազգային ժողովը 71 կողմ, 5 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը, համաձայն որի` մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն անցկացվելու: Երեքշաբթի խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց այդ օրինագիծը, իսկ երեկ ժամը 18:30-ին արտահերթ նիստ հրավիրեց ու միանգամից անցկացրեց երկրորդ եւ երրորդ ընթերցումներն ու քվեարկությունները: Իսկ ի՞նչ է թաքնված այս փոփոխության խորքերում: «Այս օրինագծով մենք հնարավորություն չենք ընձեռում, որ «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները մինչեւ 2010թ. հուլիսի 20-ը մասնակցեն կապուղիների մրցույթներին: Սա նաեւ դեմ է Եվրոպական դատարանի այն որոշմանը, որ «Ա1+»-ը պետք է հնարավորություն ունենա ազատ մասնակցել կապուղիների մրցույթներին: Բացի այդ, եվրոպական տարբեր կառույցներ նույնպես բազմաթիվ կոչեր են արել, որ Հայաստանն ունենա իսկապես ազատ մամուլ: Իսկ առանց այս երկու հեռուստաընկերությունների մենք ազատ մամուլ չենք կարող ունենալ»,- համոզված է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Մեր հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությունն այսքան շտապում այս օրինագիծն ընդունել, որի համար ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրում ու միանգամից երկու ընթերցում կազմակերպում, օրինագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պատասխանեց. «Որովհետեւ հոկտեմբերի 4-ից լրանում են հեռուստաընկերությունների լիցենզիայի ժամկետները»: Իսկ Ա. Մարտիրոսյանն այլ կարծիք ունի: Ըստ նրա` «հնարավոր է, որ իշխանություններն ինչ-որ բաներ գիտեն, որը մենք չգիտենք: Հնարավոր է, որ տարբեր կառույցներում մեկ անգամ եւս բարձրաձայնվի «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերություններին կապուղիներ տրամադրելու հարցը, իսկ այս դեպքում իշխանություններն արդեն հիմնավորում ունեն, որ օրենքով հիմա մրցույթներ չունեն»: