Փոփոխությունները չեն բացառվում

13/09/2008

Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը չի բացառել, որ առաջիկայում ՀՀ արտաքին քաղաքականության շեշտադրումները կարող են փոխվել: Այդ մասին նա ասել է` պատասխանելով ՀՀ-ի վրա տարածաշրջանային իրադարձությունների ազդեցության մասին հարցին: «ՀՀ-ն առնչություն չուներ այդ դեպքերը կատարվելու վերաբերյալ: Դրանք կատարվեցին: Գիտեք, որ իշխանություններն արեցին հնարավորը, որպեսզի այդ իրադարձություններն իրենց ազդեցությունը հնարավոր քիչ ունենան ՀՀ տնտեսության եւ առօրյայի վրա: Եվ այդպես էլ իրականության մեջ եղավ: Շատ տարիներ առաջ, կարելի է ասել, որ ավելի ոչ դժվար պայմաններում մենք ավելի մեծ ցնցումներ ապրեցինք: Չնայած, իսկապես լուրջ իրադարձություններ էին, փաստորեն պատերազմ էր տեղի ունենում հարեւան երկրում, եւ դուք գիտեք, որ ապրանքների շուրջ 70 տոկոսը գալիս է Վրաստանից, եւ ինչքան դժվարություններ եղան: Չնայած այդ ամեն ինչին, իհարկե ցնցումներ, եթե ցնցումների մասին ենք խոսում, չնկատվեցին»,- բառացիորեն ասել է Է. Նալբանդյանը: Նա հայտարարել է, որ Վրաստանի հետ հարաբերություններին Հայաստանը նայում է հեռանկարային, ոչ այսրոպեական իմաստով եւ համարում է, որ չկա մի խնդիր, որ Վրաստանի հետ չկարողանան լուծել: Նա ասել է, որ Վրաստանի հետ ՀՀ-ի հարաբերությունը կդառնա օրերս այդ երկրի ղեկավարության հետ իր քննարկումների թեման: Իսկ քննարկումները տեղի կունենան 2 օր հետո Է. Նալբանդյանի Վրաստան կատարելիք այցի ընթացքում: Նա չի բացառել նաեւ, որ տարածաշրջանում արձանագրված փոփոխությունները կարող են դառնալ նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության փոփոխության պատճառ: «Իհարկե, մեր արտաքին քաղաքականության մեջ մենք ուսումնասիրում ենք այդ փոփոխությունները, եւ հնարավոր են շեշտադրումների մեջ ինչ-որ փոփոխություններ, ինչո՞ւ ոչ»,- ասել է Է. Նալբանդյանը: Ի դեպ, ըստ «Ռեգնումի»՝ երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում արագացված երկխոսություն կհաստատվի: Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է ազդել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Բաբաջանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԳ նախարարին առաջարկել է Նյու Յորքում ՀՀ-ի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնել, ինչին Է. Նալբանդյանը դրական է արձագանքել: