Շուտով կփորձարկեն գազատարը

13/09/2008

«Իրան-Հայաստան գազատարի կառուցումն ավարտված է: Մնում է միայն ավարտել Հայաստանում Քաջարանից մինչեւ Երեւան գազատարի թողունակության բարձրացման աշխատանքները, ինչը նախատեսված է մինչեւ այս տարվա նոյեմբեր: Շուտով կսկսվեն գազատարի փորձարկման աշխատանքները, որոնց ավարտից հետ արդեն հնարավոր կլինի այն ամբողջ հզորությամբ օգտագործել»,- երեկ հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա վստահեցրել է, թե գազատարը հնարավորություն կտա տարեկան մինչեւ 2.3-2.5 մլրդ խմ գազ ներմուծել Հայաստան: Թե որքանո՞վ կօգտագործվի գազատարը` կախված է պահանջարկից: Իրանական գազը կօգտագործվի ռուսական գազին զուգահեռ` անհրաժեշտության դեպքում: «Իրան-Հայաստան գազատարի կառուցմամբ առաջին հերթին մենք մեր երկրի էներգետիկ անվտանգության հարցն ենք լուծում: Սա հնարավորություն կտա տարբեր ֆորսմաժորային իրավիճակներում այնպիսի գազասնուցում ապահովել, որ երկրում ցնցումներ չլինեն»,- ասել է նա` ավելացնելով, որ գազի այլընտրանքային ուղին Հայաստանի համար շատ կարեւոր է տարածաշրջանում անհանգիստ իրավիճակների արդյունքում ստեղծված դժվարություններից, տեխնիկական խնդիրներից, գազի ճնշման չբավարարումից խուսափելու համար: Ա. Մովսիսյանի ասելով` շուտով կնքվելու է նոր պայմանագիր ռուսական կողմից ստացվող գազի սակագների վերաբերյալ: Նա հրաժարվել է խոսել նոր սակագների վերաբերյալ, քանի որ բանակցությունները դեռեւս ընթացքի մեջ են: