«Մեզ չափում են երրորդ աշխարհին բնորոշ չափանիշով»

13/09/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այսօր Ստրասբուրգում տեղի է ունենալու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգը կհրապարակի նաեւ Հայաստանին վերաբերող իր զեկույցը: Զեկույցն, ըստ էության, լինելու է ապրիլ եւ հունիս ամիսներին ընդունված ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման գնահատականը:

Թեեւ եվրոպական նույն կառույցն այդ բանաձեւերը կատարելու համար ՀՀ-ին ժամանակ էր տվել մինչեւ հունվարյան նստաշրջան, սակայն ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը մոտ երկու ամիս առաջ մեր երկիր կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե եթե Հայաստանը չկատարի ԵԽ ԽՎ այս 2 բանաձեւերի պահանջները, ապա «սկանդալային իրավիճակ կստեղծվի» Եվրոպայի խորհրդի Մոնիտորինգի հանձնաժողովում: Իսկ բանաձեւերի հիմնական պահանջներից մեկն այն էր, թե «ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնվում է բացառապես մեկ ոստիկանական ցուցմունքի հիման վրա, առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»: Նաեւ ՀՀ արտոնագրեր շնորհող մարմնին կոչ էր արվում ապահովել արտոնագրման բաց, արդար եւ թափանցիկ ընթացակարգ, որպեսզի «Ա1+»-ը եթեր դուրս գալու հնարավորություն ունենա: Ի՞նչ սպասելիքներ ունեն հայրենի խորհրդարանականները ԵԽ ԽՎ այսօրվա նիստից ու Թ.Համարբերգի զեկույցից այն դեպքում, երբ այսօր մարտի 1-ի դեպքերի հետ կապված բազմաթիվ կալանավորվածներ դատվում են բացառապես ոստիկանի ցուցմունքի հիման վրա, իսկ երեկ ՀՀ խորհրդարանը մեկ օրում երրորդ ընթերցմամբ հավանություն տվեց՝ լրացում կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում, համաձայն որի` մինչեւ 2010թ. հուլիսի 20-ը կապուղիների լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվի: Այսինքն` 2 տարի «Ա1+»-ը չի կարողանա մասնակցել որեւէ մրցույթի: Պարզվեց, որ իշխանամետ պատգամավորներն այս անգամ էլ հույս ունեն, թե ԵԽ ԽՎ այս զեկույցը միջանկյալ է լինելու, նոր առաջարկներ է ներկայացնելու ՀՀ իշխանություններին եւ, որ ամենակարեւորն է` խիստ ու սկանդալային չի լինելու: Ընդդիմադիր գործիչները գրեթե նույն կարծիքին են, պարզապես նրանք ափսոսանքով նշում են, որ եվրոպական այդ կառույցը երկակի ստանդարտներով է մոտենում «ոչ Եվրամիության անդամ երկրներին»:

«Շատ խնդիրներ կան, որոնք անմիջական ազդեցություն կարող են ունենալ ԵԽ ԽՎ զեկույցի վրա` տարածաշրջանում գոյություն ունեցող իրավիճակն անմիջական ազդեցություն կարող է ունենալ քվեարկության վրա: Այս պահին կանխագուշակում անելը դժվար է: Մենք մտածում էինք, թե այդ զեկույցի վրա հիմնական ազդեցությունը կունենա Հայաստանի ներքաղաքական վիճակը, բայց, ցավոք սրտի, տեսանք, որ ժողովրդավար Եվրոպան ոչ Եվրամիության անդամ երկրների մի մասին բարձր չափանիշով է չափում, մյուսին` երրորդ աշխարհին բնորոշ չափանիշով: Ենթադրում եմ, որ խիստ սանկցիաներ չեն կիրառի Հայաստանի նկատմամբ, եւ ցավով արձանագրում, որ Հայաստանին համարում են երրորդ աշխարհի երկիր»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

«Օրինաց երկիրն», ինչպես միշտ, ավելի լավատես է, քան իշխանության մեծամասնությունը կազմած Հանրապետական կուսակցությունը: «Բավականին արդյունավետ աշխատանք է ծավալվել, որը, հույս ունեմ, հաշվի կառնեն մեր եվրոպական գործընկերները»,- ասաց Հովհաննես Մարգարյանը: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն էլ այն կարծիքին է, որ մինչեւ վերջնական ժամկետը` հունվարյան նստաշրջանը, կարելի է շատ խնդիրներ լուծել: «Մենք ունենք մարտի 1-ի հանձնաժողով, որը դեռեւս չի ավարտել իր աշխատանքները: Իսկ մինչ այդ` թեկուզ միջազգային ցանկացած կառույց, դժվար թե բացասական եզրակացություն տա: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ բոլորի համար մի բան պետք է պարզ լինի, որ մենք բարեփոխումներն անում ենք ոչ թե եվրոպացի մեր գործընկերներին դուր գալու համար, մենք նրանց հորդորներն ընդունում ենք` ոչ թե որպես քննադատություն, այլ որպես Հայաստանի եւ՛ բնակչությանը, եւ՛ իշխանություններին օգնելու քայլ»,- ավելացրեց Է.Շարմազանովը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Սաֆարյանը, ով ներկա է եղել Համարբերգի ու Պուչի հետ հանդիպումներին եւ շատ լավ հիշում է նրանց հայտարարությունները, նույնպես կարծում է, որ Մոնիտորինգի հանձնախումբը «շատ խիստ չպիտի դատի Հայաստանի իշխանություններին» եւ հույս ունի, որ, այնուամենայնիվ, մեր երկրին մինչեւ հունվար ժամանակ է տրվելու: «Ես կարծում եմ, որ խիստ գնահատականը մեր պարտավորությունները չկատարելու համար այդ ժամանակ է լինելու: Իմ խոսակցությունն արեւմտյան խորհրդարանականների ու եվրոկառույցների ներկայացուցիչների հետ ինձ հուշում են, որ հիմա սա լինելու է մի միջանկյալ զեկույց, որը հնարավոր է՝ խիստ խնդիրներ դնի Հայաստանի իշխանությունների առաջ, բայց չի փակելու համագործակցության ճանապարհը Հայաստանի հետ: Անպայման համագործակցելու այդ շանսը պիտի տրվի»,- համոզված է պատգամավորը:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դը Պուչը հայտարարել էր. «Հայաստանը չի կարող սպասել մինչեւ հունվար։ Մինչեւ հունվար հնարավոր է, որ արդեն որոշում կայացված լինի: Հայաստանը ժամանակ ունեցել է դեռ մարտ ամսից, իսկ հունիսյան նստաշրջանում Հայաստանին լրացուցիչ ժամանակ տալու որոշումն ուղղակի բացառություն էր»: Բայց ահա ԵԽ ԽՎ պաշտոնյաների սկզբունքայնությանը թերահավատորեն է վերաբերվում Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, սակայն դեռեւս զերծ է մնում կանխատեսումներ անելուց: «38 քաղբանտարկյալներ կան, ովքեր անազատության մեջ են միայն ոստիկանի ցուցմունքի հիման վրա: Եթե սա արտացոլում չգտնի, ապա զեկույցն անընդունելի կլինի»,- ասում է Վ.Կարապետյանը: Իսկ ահա «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում դադարեցրել էր իր մասնակցությունը Վեհաժողովի լիագումար նիստերին, «վաղաժամ» է համարում իր մասնակցության վերականգնումը: Նա հայաստանյան պատվիրակության կազմում չի մեկնել Ստրասբուրգ: «Ներկա դրությամբ, երբ ունենք քաղաքական բանտարկյալներ, երբ մինչեւ հիմա հանգուցալուծում չի գտել հետընտրական բազմաթիվ խութերի այդ համալիրը, ես համարում եմ, որ վաղաժամ է իմ մասնակցության վերականգնումը»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Հովհաննիսյանը: