Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հետաքննության հարցերով ընդդիմության ձեւավորած 7 հանձնախմբերից մեկը` ուժային կառույցների գործողություններն ուսումնասիրող խումբը, որը ղեկավարում է ՆԳՆ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, երեկ ներկայացրեց իր նախնական զեկույցը: Ուշագրավ էր հատկապես այն 25 րոպեանոց տեսագրությունը, որտեղ հստակ երեւում է, թե որտեղ եւ որ ժամին է մարտի 1-ի առավոտյան սկսվել, այնուհետեւ ամբողջ օրվա ընթացքում շարունակվել ոստիկանական ուժերի կողմից զինված հարձակումը խաղաղ ցուցարարների վրա:
Տեսանյութում տեղ գտած փաստերը մարտի 1-ին եւ դրան հաջորդած օրերին պարբերաբար տեղադրվել են ինտերնետային տարբեր կայքերում` «Ա1+», «youtube.com» եւ այլն, որոնք աշխատանքային այս խումբն ի մի էր բերել եւ ամբողջացրել էր 25 րոպեանոց տեսանյութում: Տեսագրությունը հստակ արձանագրել է, թե ինչպես են մարտի 1-ի առավոտյան ոստիկաններն «Ազատության» հրապարակ ներխուժել ու հարձակվել քնած ժողովրդի վրա: Հստակ երեւում է նաեւ, թե ինչպես արդեն երեկոյան ոստիկանները զինված, նաեւ՝ ավտոմատներով, կրակում են ժողովրդի ուղղությամբ, ինչպես են քաղաքացիական համազգեստով տղաներն ինչ-որ մեքենայից հանում զենքերն ու զինվում` պատրաստվելով հարձակվել ժողովրդի վրա: «Մենք ընդհանրական գնահատական ենք տալիս տեղի ունեցածին, առանձին դետալների մեջ մենք այսօր չենք մտնում: Բայց առաջիկայում մենք նաեւ մանրամասն մասնագիտական եզրակացություններ կտրամադրենք: Այս գործընթացն այսքանով չի ավարտվում: Պարզապես այս ընթացքում այնքան գնահատականներ եղան, որ մենք նպատակահարմար գտանք ներկայացնել նաեւ մեր գնահատականները»,- ասաց Ս. Աբրահամյանը: Ըստ զեկույցի` իշխանություններն իրենց միջոցառումներն ընդդիմության դեմ սկսել են դեռեւս 2007թ. հոկտեմբերի 23-ից, երբ առաջին անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր հնարավոր առաջադրման մասին: «Թե՛ նախընտրական, թե՛ ընտրական եւ թե՛ հետընտրական շրջանում, ընդհուպ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված ծեծուջարդը մեկ նպատակ են հետապնդել. ամեն գնով վերարտադրել իրենց իշխանությունը: Այդ իսկ առումով ընտրություններին առնչվող բոլոր միջոցառումները, ինչպես նաեւ հետընտրական շրջանում իշխանությունների բոլոր գործողություններն, ըստ մեզ, տեղավորվում են իշխանությունների կողմից պլանավորված սցենարի մեջ: Այսինքն` մինչեւ մարտի 1-ի առավոտյան դեպքերը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նրանք ունեին արդեն 2003, 2004 թվականների անպատիժ մնացած եւ մարսած դեպքերի փորձը: Ուստի, մարտի 1-ի դեպքերի ճիշտ գնահատման համար այն պետք է վերլուծել ընդհանուր դեպքերի` նախընտրական, ընտրական եւ հետընտրական ընդհանուր վերլուծության մեջ»,- ասաց Ս. Աբրահամյանը: Ըստ նրա` մարտի 1-ն «ինքնանպատակ, օդից չի եղել, լուսնից չի եղել»: Դա, աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրությունների համաձայն` որոշակի գործողությունների տրամաբանություն էր` մշակված իշխանությունների կողմից: Զեկույցի համաձայն` իշխանությունները կազմակերպելով մարտի 1-ի իրադարձությունները՝ «վա բանկ են գնացել», որպեսզի Սահմանադրական դատարանի համար բարենպաստ պայմաններ ստեղծեն` հերթական դատական ֆարսն ապահովելու համար, որովհետեւ 300-400 հազար ցուցարարների ակտիվ բողոքի պայմաններում դժվար թե ՍԴ-ն` «նույնիսկ Գագիկ Հարությունյանի պարագաներում» անօրեն որոշում ընդուներ: Ավելին, ըստ Ս. Աբրահամյանի` իշխանությունները մարտի 1 կազմակերպեցին, որպեսզի մոռացության մատնեն կեղծված ընտրությունները: «Իշխանությունների գործողություններին գնահատական տալիս` ամենապարզ եւ պրիմիտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ մարտիմեկյան առավոտի միջոցառումը, որի բնորոշումը խաղաղ ցուցարարների ծեծն ու ջարդն էր, իրավապահ մարմինների զինանոցն առանձնապես որակական փոփոխության չէր ենթարկվել` համեմատած 2003, 2004թթ. ծեծուջարդի ժամանակ իրականացվող միջոցառումների հետ: Եթե այն ժամանակ ընդհանուր հարուցված քրեական գործի պարագաներում հարյուրավոր մարդկանց նկատմամբ գործ էին սարքում եւ մարդկանց մեկուսացնում էին վարչական կալանք ընդհանուր ֆաբուլայով` Ոստիկանության աշխատողների նկատմամբ զազրախոսելու եւ չենթարկվելու համար, ապա այժմ, երբ վարչական կալանք չկա, նման արարքների համար մոգոնել են եւ այդ գնահատականը մի աստիճան բարձրացրել են` Ոստիկանության աշխատողին հայհոյելու եւ դիմադրելու մոտիվով, որը վարչականի փոխարեն արդեն ենթադրում էր քրեական պատասխանատվություն: Այդ դեպքերի եւ մարտի 1-ի դեպքերի միջեւ միայն մեկ որակական փոփոխություն կա. այս անգամ ծեծն ու ջարդն ուղեկցվում էր որոշ ոստիկանական ուժերի կամ նրանց անվան տակ հանդես եկող անձանց կողմից հիվանդագին, անմարդկային դաժան դրսեւորումներով»,- ասաց Ս. Աբրահամյանը: Իսկ իշխանությունների այն պնդումներին ի պատասխան, թե ոստիկանները մարտի 1-ի առավոտյան գնացել էին «Ազատության» հրապարակ խուզարկություն կատարելու, ըստ Ս. Աբրահամյանի` անհեթեթ է եւ սուտ: Ս. Աբրահամյանի դիտարկմամբ` քննադատության չի դիմանում իշխանությունների մեկ այլ պնդում, թե` Ոստիկանությունն ուժ է կիրառել իբրեւ ընդդիմության կողմից դիմադրություն ցույց տալու համար: «Այս երկու վարկածներն էլ այնքան են հերքվել, որ ես` որպես այդ գործից քիչ թե շատ հասկացող, ընդհանրապես նպատակ էլ չեմ գտնում ինչ-որ հանգամանքներ նշել` այդ վարկածը հերքելու համար»,- ասաց ՆԳ նախկին նախարարը: Ըստ նրա` այդ օրերին Ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք անօրինական գործողություններ` գողացել են ընդդիմության ակտիվիստներին կամ բերման են ենթարկել, ավտոմեքենաները տարել են տուգանային հրապարակ, նույնիսկ թույլ չեն տվել վառելափայտը հրապարակ տեղափոխելու համար ավտոմեքենաները մոտեցնել հրապարակին: «Սակայն Ոստիկանության ոչ մի աշխատակցի նկատմամբ ոչ մի դիմադրություն, նույնիսկ` անվայելուչ վերաբերմունք նրանց նկատմամբ չի եղել»,- հայտարարեց նա: «Անզեն աչքով նույնիսկ երեւում է, որ իշխանությունների առավոտյան գործողությունները ոչ մի կապ չունեն հասարակական կարգի պահպանության կամ խուզարկության հետ: Դրանք ընդդիմությանը «դաս տալու» Քոչարյանի մեթոդներն են` ծեծուջարդի տեսքով: Իշխանություններն այնքան վստահ էին իրենց անպատժելիության մեջ, որ չգնահատեցին, կամ, ավելի ճիշտ` չցանկացան տեսնել «ազատություն» վանկարկող հարյուր-հազարավոր ցուցարարների, որոնք հերթական անգամ ընդամենը չէին ուզում համակերպվել կեղծված ընտրությունների արդյունքների հետ: Մարտի 1-ի մեխը կեղծված նախագահական ընտրություններն էին»,- հայտարարեց Ս. Աբրահամյանը` հավելելով, թե իշխանությունների գործողությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները սկսում են Լ. Տեր-Պետրոսյանի` հնարավոր առաջադրման մասին հայտարարության օրվանից: «Կարելի է փաստել, որ մարտի 1-ի առավոտյան իրադարձությունները ստարտ տրվեց հոկտեմբերի 23-ին, երբ ոստիկանական ուժերը ցրեցին Լ. Տեր-Պետրոսյանի հանրահավաքի համար իրազեկման համար կազմակերպված խաղաղ, անշառ երթը»,- ասաց Ս. Աբրահամյանը:
Ըստ նրա` դրան հաջորդեցին Լ. Տեր-Պետրոսյանի ակտիվիստների նկատմամբ հետապնդումները: Ավելին, նրա գնահատմամբ` իշխանությունները որեւէ միջոցի առջեւ կանգ չէին առնում եւ օգտագործում էին ոստիկանական բռնարարքների ողջ զինանոցն ու «առանձին օլիգարխների սափրագլուխների եւ կրիմինալի հնարավորությունները»: «Ցավալի է նշել, որ կրիմինալի օգտագործումն այս կամ այն քաղաքական գործիչների, լրագրողների կամ համակիրների նկատմամբ` բռնություններ կիրառելիս, կատարվում էր ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաների թողտվությամբ: Նախկին ոստիկանապետի կողմից համակարգում տարվող ոչ պրոֆեսիոնալ քաղաքականության պատճառով ամբողջ ոստիկանական համակարգը բերվեց «ուչաստկովիի» մակարդակի»,- ասված է զեկույցում, որտեղ նաեւ ընդգծված է, թե` Ոստիկանությունը վաղուց դադարել է միայն օրենքով իրեն վերապահված հասարակական կարգի պահպանման եւ հանցագործությունների բացահայտման երկու հիմնական գործառույթ իրականացնող կառույց լինելուց: «Այն վաղուց դարձել է քաղաքական «սիսկի»` մի երկրորդական օղակ ԱԱԾ ձեռքին: Սա թույլ եւ ոչ կոմպետենտ ոստիկանապետի պարագան էր, որովհետեւ համակարգում շատ պրոֆեսիոնալներ կան, դրա համար ես միայն նրան եմ սա վերագրում: Նա այս օղակին հանձնարարում էր կատարել քաղաքական բնույթի ամենաստոր եւ կեղտոտ գործերը` սկսած քաղաքական գործչին ծեծելուց, փողոցներ փակելուց, գործ սարքելուց՝ մինչեւ քաղաքական զրույցներ տանելը»,- ասաց ոստիկանական համակարգին քաջածանոթ ՆԳ նախկին նախարարը: Ըստ նրա` մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերն այնքան ողբերգական չէին լինի, եւ այդքան ծանր հետեւանքներ չէին ունենա, եթե իշխանությունների կողմից ուղեկցվող բացահայտ անօրինական գործողություններին չգումարվեր նաեւ «բացահայտ պրոֆեսիոնալ անգրագիտությունը` նույնիսկ անօրինական գործողությունների պարագայում»: «Ուժային կառույցների գործողություններն ուսումնասիրող» խմբի դիտարկմամբ` եթե նույնիսկ ընդունեն, որ ոստիկանները մարտի 1-ի առավոտյան հրապարակ էին գնացել խուզարկության համար, ապա «իրենց իսկ հայտարարությունների, ուսումնասիրությունների պարզ վերլուծությունն անգամ մեզ չի համոզում, որ նրանք տեղավորվում են այդ վարկածին համապատասխան իրավական կամ նորմատիվ ակտերի թույլատրելի տրամաբանության մեջ»: Ըստ Ս. Աբրահամյանի` չկա նաեւ մեկ դեպք, երբ ոստիկանները վիրավոր մարդկանց տեղափոխել են հիվանդանոց (դա նրանց պարտականությունն է), ինչն ապացուցում է, որ նրանք «խուզարկության» նպատակով չեն եկել «Ազատության» հրապարակ: Ս. Աբրահամյանի հավաստմամբ` նրանք ոչ միայն չեն օգնել ծեծված մարդկանց, այլեւ թաքցրել են նրանց` մինչեւ պատճառված վնասների անհետացումը: Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերից հետո Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, երբ դեռ մասնագիտական եզրակացություն չկար այդ դեպքերի վերաբերյալ, թե` Ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում, Ս. Աբրահամյանն ասաց. «Ի սկզբանե նա այդ ամբողջ գործողություններն ուղղորդել է: Իր այդ քայլով Ռ. Քոչարյանը վերահաստատեց շրջանառվող այն կարծիքը, որ առավոտյան ծեծուջարդի, ինչպես նաեւ՝ երեկոյան սպանդի դրդիչն ու ամենահիմնական պատասխանատուն ինքն է»,- հայտարարեց Ս. Աբրահամյանը:
Նախնական զեկույցի համաձայն` «Ռ. Քոչարյանն իշխանությունը պահելու համար ամբողջ իրավապահ բլոկը մտցրեց քաղաքական պայքարի հորձանուտ, եւ այն դարձրեց քաղաքական բլոկի հակամարտող կողմ»: «Այսօր հավաքական ընդդիմության կռիվն իրավապահ բլոկի հետ է: Իրենք արդեն չկան, բայց ընդդիմության պայքարը նորմալ ընտրությունների միջոցով իշխանության գալն է: Այսինքն` քաղաքական իշխանության հետ է մեր պայքարը, բայց իրենք սիրուն բերեցին եւ իրավապահ բլոկը դեմ արեցին ընդդիմությանը, ու ընդդիմությունն անպտուղ դատարաններում եւ դատախազություններում է: Մենք Կենտրոնի, քաղաքի ոստիկանապետի հետ խնդիր չունենք, որովհետեւ մեր պահանջները քաղաքական են: Բայց իրենք այս ամենը դարձրին իրավապահ մարմիններ-ընդդիմություն հակամարտություն»,- ասաց Ս. Աբրահամյանը` ընդգծելով, որ այսօր իրենց հիմնական պահանջը դարձել է քաղաքական պատանդների ազատ արձակումը: «Մինչեւ մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները մտնում էին իշխանությունների սցենարի մեջ: Իրենք գիտեին` ում են ծեծելու, ինչ են անելու, բայց դրանից հետո արդեն պրոցեսներն այլեւս անկառավարելի էին։ Օրվա երկրորդ կեսին արդեն նրանք չէին տիրապետում իրավիճակին»,- հայտարարեց նա` ընդգծելով, որ Ֆրանսիական դեսպանատան մոտ մարդկանց կուտակումն ինքնաբուխ էր: Ըստ զեկույցի` սկզբում այնտեղ էին հավաքվել առավոտյան հրապարակում ծեծի ենթարկված ցուցարարները, որտեղ նրանք կրկին ենթարկվեցին բռնությունների: Սակայն «հանդիպելով լուրջ դիմադրության` ցուցարարների թիվն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով, նրանց օգնության եկող մարդկանց հաշվին, որոնց զայրացրել էր Ոստիկանության բռնի գործողությունները: Ոստիկաններն ընկրկեցին, եւ քիչ անց այդ ահռելի հրապարակում ոչ մի ոստիկան չէր մնացել, իսկ հրապարակը լցվեց հարյուր-հազարավոր զայրացած քաղաքացիներով»: Հանձնախմբի դիտարկմամբ` «իրավիճակը մոտ էր անկառավարելիին եւ խիստ պայթյունավտանգ էր, սակայն, ի պատիվ ընդդիմության, ամեն ինչ հանդարտվեց, եւ սկսվեց հերթական հանրահավաքը»: Իսկ իշխանությունների քայլերն, ըստ ընդդիմության` այդ ժամանակ անտրամաբանական էին: