ON-LINE Հայաստան

13/09/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Վերջին շրջանում մեր` հայերիս լեքսիկոնում կտրուկ ավելացել է մոդայիկ օտարածին բառերի քանակը: Մարկետինգ, մենեջմենթ, գլամուր, կրեդիտ-քարտ, Այ-Թի տեխնոլոգիաներ, մեյլ, մեսիջ, դեդ-լայն, օն-լայն եւ շատ այլ բառեր վաղուց արդեն լայն տարածում են գտել մեր իրականության մեջ:

Համոզված եմ, որ բառերն օգտագործողների զգալի մասը պատկերացում անգամ չունի նրանց նշանակության մասին: Եվ քանի որ ես չգիտեմ բոլոր այդ մարդկանց մեյլ-հասցեները, որպեսզի նրանց անհատական նամակներ ուղարկեմ, որոշեցի այս հոդվածի օգնությամբ մեսիջ ուղարկել նրանց: Օրինակ, մեր շոու-բիզնեսի գլամուր ներկայացուցիչներն այդպես էլ չհասկացան, որ նրանց հիմնական մասը ոչ թե շոու-բիզնեսի ներկայացուցիչներ են, այլ պարզապես «տելեվիզրով» շատ երեւացող գեղեցիկ կամ տգեղ երիտասարդներ: Որովհետեւ այն, ինչով նրանք զբաղվում են` ոչ բիզնես է, ոչ էլ, առավել եւս` շոու: Նրանց միակ նպատակը «օլիգարխոտ» մարդկանց քեֆերին ներկա լինելն է, որը բերում է անիմաստ ծանոթություններ եւ շատ իմաստավոր քյաշ փողեր: Իսկ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը ցույց տվեց, որ մեզ մոտ ոչ թե սպորտն է զարգանում, այլ բուքմեյքերական ընկերությունները: Հատկապես օn-Line խաղադրույքների մասով: Եվ քանի որ վերոնշյալ օn-Line խաղադրույքները հատկապես շատ են սիրում մեր պատգամավորները, հատուկ նրանց համար ուզում եմ նշել, որ «Տոտո» բուքմեյքերական ընկերությունը հայտարարում է, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար մղվող պայքարում Հովիկ Աբրահամյանի հաղթելու գործակիցը հավասար է 1.01-ի, իսկ Տիգրան Թորոսյանինը` 100-ի: Առայժմ չեն հրապարակվել «հրաժարականի», «ստորագրահավաքի» եւ «զաստավիտի» գործակիցները, որոնք մոտակա օրերին կարող են կտրուկ փոփոխությունների ենթարկվել: Քանի որ հիշատակվեց Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, չեմ կարող չանդրադառնալ այդ խաղի հետ կապված մի դրվագի: Թուրքիայի հավաքականի ավագ մարզիչ Ֆատիհ Թերիմը խաղից հետո տեղի ունեցող մամլո-ասուլիսը կեսից «քենսըլ» արեց: Մամլո ասուլիսի ընդհատման պատճառն ամենեւին էլ քաղաքական չէր, այն շատ պարզ էր` հայ լրագրողների տարրական կուլտուրայի պակասը: Այն նույն լրագրողները, որոնք շատ հաճախ խրատներ են տալիս բոլորին, չէին պահպանել տարրական կանոնը` մի քանի անգամ զգուշացնելուց հետո անգամ չէին անջատել բջջային հեռախոսները: Եվ ստացվեց այնպես, որ արտաքինից «քյաբաբչի» թուրք մարզիչը շատ ավելի բարձր ներքին կուլտուրա ունի, քան երեքհազարամյա մշակույթ ունեցող հայազգի լրագրողները: Բայց սա միայն լրագրողներին չի վերաբերում: Բջջային հեռախոսները հայերը չեն անջատում ոչ թատրոնում, ոչ դասերի ընթացքում, ոչ էլ անգամ հանգուցյալի տանը: Որովհետեւ մենք օn-Line ազգ ենք եւ ռադիոծածկույթից դուրս մեզ այլեւս չենք պատկերացնում: Թեեւ մնացած գրեթե ամեն ինչից դուրս ենք: Չէ՞ որ, ըստ Վարդան Օսկանյանի, մենք դեռ հարյուր տարի էլ կարող ենք «մեր յուղով տապակվել»: Փառք Աստծո, որ այդ մտքի դեդ-լայնը նրա պաշտոնավարման շրջանն էր: Կարծում եմ` «դեդ-լայն» բառը պարոն Օսկանյանի համար ճիշտ կթարգմանեն: Իսկ ահա մտքի մեկ այլ գիգանտ՝ Արտաշես Գեղամյանը, որը կես տարի պահմտոցի էր խաղում, կրկին դարձավ հասանելի, եւ հերթական անգամ օn-Line զվարճացրեց իր ազգին: Երեւի գումարը վերջացել է: Եվ հիմա նա իշխանություններին մեսիջ է ուղարկում՝ «պապ, կարող ա՞ սոված եմ, թե՞ քունս ա տանում» թեմայով:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց իր հերթական պաշտոնից, եւ խմբակցության նոր ղեկավար ընտրվեց Արմեն Մարտիրոսյանը: Այս պատմության մեջ անձամբ ինձ ընդամենը մեկ բան է հետաքրքրում` Արմեն Մարտիրոսյանի քվեարկությունն անց է կացվել e-mail-ո՞վ, թե՞ SMS-ով: Եվ, իհարկե, չենք կարող շրջանցել իշխող կուսակցությանը, որի անդամների մեծ մասն իրենց թանկարժեք բջջային հեռախոսներով չեն կարողանում SMS ուղարկել, չգիտեն անգամ, որ իրենց թանկարժեք համակարգիչներով կարելի է e-mail ուղարկել (թեեւ Տիգրան Սարգսյանի բերանը հոգնեց կրկնելով, որ նոութ-բուքը եւս համակարգիչ է, եւ կառավարության նիստերի ժամանակ պետք չէ նրան նայել՝ ինչպես «բառան նա նովիյե վորոտա»): Բայց սա նորություն չէ: Նորությունն այն է, որ բոլորի աչքի առաջ Հանրապետական կուսակցությունն օn-Line քանդվում է: Եվ եթե այսպես շարունակվի, երեւի թե, իրոք, հեռու չէ այն օրը, երբ Գալուստ Սահակյանը գյուղապետ կդառնա: Իսկ ամենապարադոքսալն այն է, որ այս գործընթացում ընդդիմությունն օn-Line «ղրաղ է քաշվել»: