Սեպտեմբերի 7-ին Երեւանի մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները չեն գոհացրել ոչ թաղապետի, ոչ էլ ավագանու թեկնածուներից շատ-շատերին:
Մասնավորապես` Արաբկիր համայնքում կայացած ընտրություններից հետո ավագանու մի շարք թեկնածուներ դիմում-բողոքներով դիմել են տարածքային ընտրական հանձնաժողով` ձայների վերահաշվարկի համար: Վերահաշվարկի պահանջով դիմումներում ավագանու թեկնածուներից շատերը հիմնականում նշել են, որ իրենց օգտին ընտրությունների արդյունքում արձանագրված ձայների քանակը ակնհայտորեն նվազեցված է: «Հայտնում եմ Ձեզ, որ թիվ -/- տեղամասում ընտրել են իմ հարազատները եւ բարեկամները: Ձայների քանակը չի համապատասխանում իրականությանը: Խնդրում եմ վերահաշվարկ կատարել»,- նման բովանդակությամբ տասնյակ դիմում բողոքներ են ուղղվել ավագանու անդամների կողմից: Արդեն երրորդ օրն է, ինչ ընթանում է վերահաշվարկը, սակայն դեռեւս բավականին քիչ թվով արկղեր են բացվել: Մասնավորապես, երեկ Արաբկիրի տարածքային ընտրական հանձնաժողովում ընթանում էր վերահաշվարկը: Եվ չնայած օրենքի պահանջներով վերահաշվարկի ժամանակ ներկա կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամներն ու բողոքարկող անձը, երեկ վերահաշվարկի գործընթացին ներկա էին շատ ավելի մեծ քանակությամբ մարդիկ, հատկապես` կողմնակի անձինք: Հետաքրքիր է, որ հանձնաժողովի անդամները չէին էլ փորձում կողմնակի անձանց դուրս հրավիրել: Նշենք նաեւ, որ չնայած վերահաշվարկն առանց այն էլ դանդաղ էր ընթանում, ժամը 13:00-ին հանձնաժողովի անդամներն ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Ալբերտ Ֆրանգուլյանի գլխավորությամբ ընդմիջման գնացին: Թեեւ ընդմիջումը նախատեսվում է մեկ ժամ, սակայն հանձնաժողովի անդամները տեղամասը կրկին բացել են միայն 15:34-ին: Նշենք նաեւ, որ հանձնաժողովի անդամները հրաժարվում էին խոսել լրագրողների հետ եւ մեկնաբանություններ տալ: Իսկ ավագանու թեկնածուները շարունակում էին բողոքել: Բողոքները բավական շատ են, եւ դրանք հիմնականում այն մասին են, որ թեկնածուներից մեկի ձայները վերցվել եւ մյուսին են տրվել: Հիշեցնենք նաեւ, որ ընտրություններից հետո յուրաքանչյուր թեկնածուի քվեաթերթիկները պետք է լինեին առանձին տոպրակներում, սակայն շատ դեպքերում դրանք խառն են լցված եղել: Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ թեկնածուների ձայները կորել են` ընտրատեղամասից դրանք դուրս բերելուց հետո: Օրինակ, Արաբկիր համայնքում ավագանու թեկնածուներից մեկը` Նոնա Մոսեսովան, ընտրատեղամասերից մեկում ստացել է ութ ձայն: Քվեաթերթիկները տեղամասից նորմալ դուրս են եկել, սակայն ներկայումս այդ ութ ձայնը կորել է: Հարկ է նշել, որ այս համայնքում անճշտությունները բավականին շատ են, եւ բացառված չէ, որ անհրաժեշտություն առաջանա ավագանու կրկնակի ընտրություններ անցկացնել, ինչի համար էլ այսօր պայքարում են ավագանու թեկնածուներից շատերը: