Արդեն 100 օր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում պաշտոնավարող Արսեն Համբարձումյանն ավանդույթի համաձայն երեկ հանդիպեց լրագրողներին` այս 100 օրերի ընթացքում կատարած աշխատանքն ու առաջիկա անելիքները ներկայացնելու նպատակով:
Նախարարը նշեց, որ 100 օրը եւ՛ շատ է, եւ՛ քիչ` ոլորտը պատկերացնելու, առկա խնդիրները տեսնելու ու դրանց լուծման ուղիները մատնանշելու համար: «Մինչեւ պաշտոնավարումը կարծում էի, թե բավականին լավատեղյակ եմ ոլորտին, բայց անցնող ժամանակահատվածում բացահայտեցի զգալի թվով նոր հարցեր: Ոլորտը պատասխանատու է, անելիքներն՝ անսպառ: Այստեղ սխալ է շտապողականություն դրսեւորելը, սակայն առանց լուրջ արմատական փոփոխությունների դրական տեղաշարժեր ակնկալել հնարավոր չէ»,- ասաց նա: Անդրադառնալով առաջիկա անելիքներին` Ա. Համբարձումյանն առաջին հերթին կարեւորեց կենսաթոշակային ոլորտը: Այս ոլորտում բարեփոխումներին ուղղված ծրագիրն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը: «Նախատեսվում է անցում կատարել բազմաստիճան կենսաթոշակային համակարգի, որը չորս աստիճանի վրա է հիմնված լինելու` զրոյից երեք: Զրո աստիճանը սոցիալական կենսաթոշակն է, որ կպաշտպանի անաշխատունակ քաղաքացիներին ծայրահեղ աղքատությունից: Պետությունը նրանց մշտապես ապահովելու է նվազագույն սոցիալական կենսաթոշակով: Առաջին աստիճանն աշխատանքային կենսաթոշակն է, որը, նախատեսվում է, որ կփոխհատուցի 40-ից բարձր տարիքի աշխատողների աշխատած տարիները` ապահովելով նվազագույն կենսապահովման բյուջեից առնվազն 1.5 անգամ բարձր եկամուտ: 2-րդ աստիճան` պարտադիր կուտակային կենսաթոշակը, որը կփոխհատուցի 40-ից ցածր տարիքի աշխատողների եկամուտները` ապահովելով սահմանված վճարումներին համարժեք եկամուտ: Վերջին աստիճանը կամավոր կուտակային կենսաթոշակն է, որը հանդիսանալու է տարեցների համար լրացուցիչ եկամտի աղբյուր, եթե նրանք կամավոր վճարումներ են կատարում: Անցում է կատարվելու սոցիալական հավասարության սկզբունքի: Ըստ դրա` յուրաքանչյուրն իր համապատասխան կուտակած միջոցների հաշվին ապահովելու է իր ծերությունը»,- ասաց նա: Այս բարեփոխումների մեկնարկը, նախարարի խոսքերով` կտրվի 2010թ, որովհետեւ մինչ այդ բավականին լուրջ անելիքներ կան դեռ: Սակայն դրան զուգահեռ` կառավարությունն առաջիկա տարիներին եւս շարունակելու է կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունը: Ըստ Ա. Համբարձումյանի` 2009-ի հունվարի 1-ից բարձրացնելու են կենսաթոշակները: «Մասնավորապես բազային կենսաթոշակը ներկայիս 5000 դրամի փոխարեն կլինի 5800 դրամ, հիմնական կենսաթոշակի չափը` ներկայիս 6800 դրամի փոխարեն սահմանվելու է 7950 դրամ, եւ այլն: Այս բարձրացումների արդյունքում ապահովագրական կենսաթոշակների միջին չափը կկազմի 25.700 դրամ` ներկայիս 21.900-ի փոխարեն: Սոցիալական կենսաթոշակների միջին չափը կկազմի 1200 դրամ՝ 2008-ի 8800 դրամի փոխարեն, եւ շարքային զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին վճարվողը կկազմի 20.400 դրամ՝ 2008թ. 17.700-ի փոխարեն: Այս բոլոր բարձրացումների համար լրացուցիչ պետ. բյուջեից նախատեսվում է հատկացնել շուրջ 80 միլիոն դոլար»,- ասաց նա: 2010թ. նախատեսվում է անցում կատարել կենսաթոշակների եւ նպաստների անկանխիկ վճարումների համակարգին: Դրա համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որպեսզի 2010 թվին, նախարարի խոսքով` ավելի քաղաքակիրթ ծառայություններ մատուցեն հասարակությանը: «Կարեւորում ենք սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի իրականացումը` կենսապահովման բյուջեի նվազագույն չափի հաշվառմամբ: Եվ ներկայումս կառավարությունը մշակում է նախագիծ կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմի եւ նվազագույն բյուջեի չափի մասին»,- ասաց նա: Առաջիկայում նախարարությունը կանցնի էլեկտրոնային համակարգի: Իբրեւ առաջին քայլ` թարմացվել են նախարարության կայքէջը, նոր էլեկտրոնային գործիքներ են ներմուծվել: «Ակնկալում ենք, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում կունենանք ամբողջ ոլորտը համակարգող տեղեկատվական հոսքերի կորպորատիվ ցանց, որը հնարավորություն կտա on line ռեժիմում սոցիալական ոլորտի բոլոր ծառայությունների համապատասխան տեղեկատվությունները խաչաձեւ ստուգման ենթարկել»,- ասաց նա: Մոտ մեկ ամիս առաջ նախարարությունում ստեղծվել է ժողովրդագրական բաժին, որը զբաղվելու է ժողովրդագրական պետական քաղաքականության ու ՀՀ-ում ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված տարբեր սոցիալական ծրագրերի մշակմամբ: Նախարարի հավաստմամբ` իրենք անելիքներ ունեն նաեւ զբաղվածության ոլորտում: «Աշխատաշուկայում առկա է պահանջարկի եւ առաջարկի մեծ անհամապատասխանություն, շարունակում է բարձր մնալ գործազրկության մակարդակը մեր Հանրապետությունում»,- ասաց նա: Այս տարի լրանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 90-ամյակը, ինչի կապակցությամբ էլ, Ա. Համբարձումյանի հավաստմամբ, իրենք նախատեսում են համապատասխան միջոցառումների շարք անցկացնել: