Նահանջ, Հայաստան

13/09/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ այսպես, Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակվող «Գործարարություն 2009» (Doing Business 2009) զեկույցի համաձայն, 181 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 44-րդ տեղը։ Լա՞վ է սա, թե՞ վատ։ Կախված է նրանից, թե ո՞ւմ աչքերով ենք նայում։

Եթե նայում ենք իշխանական հայացքով, ապա լավ է. միջինից բարձր տեղ է։ Կարելի է անգամ մեջբերել ՀԲ մամլո հաղորդագրության հետեւյալ հատվածը. «Տարվա ընթացքում Հայաստանում դատական համակարգը վերակազմակերպվել է, եւ կատարելագործվել է դատավարական օրենսգիրքը: Սկզբնական ջանքերն ապացուցման վրա կենտրոնացնելու վերաբերյալ նոր պահանջները հեշտացրել են պայմանագրերի կիրարկումը՝ մեկ ընթացակարգ վերացնելով եւ առեւտրային վեճերի կարգավորման համար պահանջվող ժամանակը կրճատելով: Հայաստանը զգալի կրճատել է նաեւ Երեւանում շինարարական թույլտվությունների ստացման ծախսը` վերացնելով նախագծման իրավունքի ձեռքբերման համար վճարվող նվիրատվության պարտադիր վճարները»:

Եթե հակառակ, այսինքն` ոչ իշխանական կամ օբյեկտիվ հայացքով ենք նայում, դա բացասական ցուցանիշ է, թեկուզ հենց նրանով, որ մենք ետընթաց ենք ապրել այս սանդղակում՝ անցյալ տարի 41-րդ տեղում էինք։ Իսկ եթե գերհայրենասիրական տեսանկյունից նայելու լինենք, ապա պետք է ամոթից կարմրենք, քանի որ Ադրբեջանը 97-րդ տեղից բարձրացել է 33-րդ հորիզոնական։ Մեր հարեւանը գործարարության գծով կանոնակարգերի հարցում ամենամեծ առաջընթացն արձանագրած երկիրն է, բարեփոխումներ է իրականացրել ուսումնասիրվող 10 ոլորտներից 7-ում։

Ընդհանրապես, «Doing Business»-ում տնտեսությունները գնահատվում են ըստ 10 քանակական ցուցանիշների՝ բիզնես սկսելու, շինարարական թույլտվությունների, աշխատակիցներ վարձելու, գույքի գրանցման, վարկ ստանալու, ներդրողների պաշտպանության, սահմանային առեւտրի, պայմանագրերի կիրարկման եւ բիզնեսը փակելու կանոնակարգերին, որոնք տարածվում են տվյալ պետության փոքր եւ միջին ձեռնարկությունների վրա:

Տասը չափանիշներից մի քանիսում, ինչպես արդեն նշեցինք, ՀԲ-ն առաջընթաց նկատել է, սակայն, ինչպես նշել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը, «Չնայած այս քայլերին, գործարարության միջավայրի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին են հարկերի վճարման եւ սահմանային առեւտրի իրականացման դյուրինությունը, Հայաստանի գնահատականը շարունակել է շատ ցածր լինել` ընդգծելով Հայաստանի մրցունակությունը եւ ներդրումային գրավչությունն ամրապնդելու համար հավակնոտ բարեփոխումների հետամուտ լինելու կարեւորությունը»։

Հայաստանին վերաբերող ամբողջական զեկույցը, որտեղ մանրամասն ներկայացված են առանձին չափորոշիչներին տրված գնահատականները եւ համեմատականները, ցավոք, դեռ ԶԼՄ-ների համար հրապարակված չէ։ Սակայն մեր ձեռքի տակ ունենալով նախորդ զեկույցը, ինչպես նաեւ՝ այս տարվա՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասով համառոտ զեկույցը, կարող ենք որոշ արձանագրումներ կատարել։

Քանի որ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը հիմնականում ընկալվում է հարկային մարմինների հետ աշխատելու պայմաններով, եւ բացի այդ՝ Վարուդակիսն առանձնացրել է հենց հարկերի վճարումը՝ որպես հիմնական բացթողում, կխոսենք հարկերի մասին։

Մինչ այդ նշենք, որ «Գործարարություն» հետազոտությամբ, գործարար միջավայրի՝ ընկերությունների եւ ներդրողների համար կարեւորվող բոլոր կողմերը չէ, որ գնահատվում են. օրինակ, չեն գնահատվում անվտանգությունը, մակրոտնտեսական կայունությունը, բնակչության աշխատանքային հմտությունները, հաստատությունների հիմնական հզորությունը կամ ենթակառուցվածքի որակը: Չի գնահատվում նաեւ կոռուպցիան, այդ թվում՝ հարկային եւ մաքսային ոլորտներում։ Սակայն անգամ մյուս ցուցանիշների դիտարկումից ակներեւ է դառնում, թե որքան ենք զիջում ոչ միայն զարգացած երկրներին, այլեւ՝ հենց մեր հարեւաններին։

Նախորդ զեկույցում՝ «Doing Business 2008»-ում, Հայաստանը հարկերի վճարման ցուցանիշով 178 երկրների ցանկում գրավում էր «պատվավոր» 143-րդ տեղը։ Ադրբեջանը 141-րդ տեղում էր։ Այս պահին չենք կարող ասել, թե վերջին զեկույցում ով որ տեղում է, սակայն կարող ենք համեմատել որոշ տվյալներ, ըստ որի՝ գնահատվում է տվյալ երկրի «հարկերի վճարումը»։ Հաշվի են առնվում 3 բաղադրիչներ՝ 1. ժամանակը (քանի՞ ժամ է անհրաժեշտ՝ հարկերի վճարումը կատարելու համար՝ ներառյալ հաշվետվությունների պատրաստումը, ներկայացումը, վճարում կատարելը եւ այլն), 2. հարկերի ընդհանուր մակարդակը՝ տոկոսը՝ շահույթի նկատմամբ, եւ

3. վճարումների թիվը (քանի տեղ է հարկ վճարվում, ինչ հաճախականությամբ եւ այլն)։

Սկսենք վերջինից, որը, պայմանականորեն կարելի է անվանել «հարկ վճարողի գլխացավանքի գործակից»։ Ըստ ՀԲ մասնագետների, Հայաստանում վճարումների թիվը 50 է, ինչպես եւ անցյալ տարվա զեկույցում։ Համեմատության համար նշենք, որ Շվեդիայում այդ ցուցանիշը 2 է։ Այս առումով մեզնից ավելի լավ վիճակում են Ադրբեջանի եւ Վրաստանի գործարարները, համապատասխանաբար՝ 23 եւ 30 վճարում։ Հարկերի մեծության պարագայում պատկերը հետեւյալն է. Հայաստանում ընդհանուր հարկերը կազմում են շահույթի 36.6%-ը, Ադրբեջանում՝ 41.1%, Վրաստանում՝ 38.6%։

Սակայն ամենասարսափելին այն ցուցանիշն է, թե տարվա մեջ որքան ժամանակ է պահանջվում գործարարից՝ հարկերը վճարելու համար։ Լյուքսեմբուրգում, օրինակ, գործարարը այդ պրոցեսի վրա ծախսում է տարվա մեջ ընդամենը 59 ժամ։ Լավ, համաձայն ենք, Լյուքսեմբուրգից շա՜տ հեռու ենք, փոքր-ինչ այս կողմ գանք։ Օրինակ, Մոլդովայում գործարարը ծախսում է 234 ժամ, Թուրքիայում՝ 223 ժամ։ Մեր անմիջական հարեւանների ցուցանիշներն էլ երեւի կհետաքրքրեն ընթերցողին. Ադրբեջանում՝ 376 ժամ, Վրաստանում՝ 387 ժամ։ Իսկ Հայաստանի դեպքում այնպիսի տպավորություն է, թե գործարարն իր ողջ ժամանակը ծախսում է հարկայինի վրա՝ 958 ժամ։ Նշենք, որ այս ցուցանիշով մենք զիջում ենք միայն Բելառուսին՝ 1188 ժամ։

Առաջիկայում, երբ կլինի Հայաստանին վերաբերող ամբողջական զեկույցը, մենք նորից կանդրադառնանք դրան։ Իսկ առայժմ, հարկ է նշել, որ տանուլ ենք տալիս մեր հարեւաններին։ Հարցը ոչ միայն մարզական հետաքրքրությունն է՝ զուտ «թասիբի» համար ցուցակում նրանցից առաջ գտնվելը, այլ այն, որ այս զեկույցը կարեւոր ուղեցույց է հանդիսանում պոտենցիալ ներդրողների համար։ Իսկ այդ ուղեցույցն առայժմ մեր օգտին չէ։ Ադրբեջանն, ինչպես նշեցինք, 97-րդ տեղից առաջադիմել է 33-րդ տեղը, իսկ Վրաստանը 15-րդ տեղում է։

Այստեղ շատ հետաքրքիր են հնչում Ադրբեջանի Տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւի խոսքերը. «Ետխորհրդային տարածքի երկրներից Ադրբեջանին գերազանցել են միայն Բալթյան երկրները եւ Վրաստանը, որը զբաղեցրել է 15-րդ տեղը։ Ուրախ ենք մեր հարեւանների համար, որովհետեւ ադրբեջանական ընկերությունները ներդրումներ են անում Վրաստանի տնտեսության մեջ, եւ Ադրբեջան-Վրաստան տնտեսական միջանցքը շատ կարեւոր տնտեսական նշանակություն ունի»։ Իսկ մենք, ցավոք, բարեկամների հաջողությամբ էլ չենք կարող ուրախանալ. Ռուսաստանը զբաղեցնում է 120-րդ տեղը։