Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին հայտարարել է, որ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները չեն ազդել վրացական շուկա ռուսաստանյան գազի մատակարարումների վրա: «Դա, այնուամենայնիվ, ոչ թե քաղաքականություն է, այլ առեւտրային հարաբերություններ: Ընկերությունները միշտ էլ իրենք են որոշելու` ումից գազ գնել: Որտեղ այն ավելի էժան լինի, այդ երկրի հետ էլ գազի մատակարարումների վերաբերյալ համաձայնագիր կկնքվի»,- ասել է նա: Ըստ նրա` Վրաստանի գազի շուկան չի կարգավորվում պետության կողմից, ուստի ընկերություններն իրավասու են գազ գնել այնտեղ, որտեղ իրենց հարմար է: Խետագուրիի կարծիքով` ամենագլխավորը դիվերսիֆիկացման համար տեխնիկական հնարավորությունների առկայությունն է: Այսօրվա դրությամբ Վրաստանը գազ է ներկրում Ադրբեջանից եւ Ռուսաստանից: «Սակայն դրա առյուծի բաժինը կազմում են ադրբեջանական մատակարարումները, քանի որ ադրբեջանական գազն ավելի էժան է, քան ռուսաստանյանը»,- ընդգծել է նա: Ադրբեջանի պետական նավթընկերությունը օրական Վրաստանին մատակարարում է 1,3-1,5 մլն խորանարդ մետր գազ: Եվս օրական 1 մլն խորանարդ մետր գազ Վրաստանին մատակարարվում է ադրբեջանական «Շահդենիզ» գազախտուցքի հանքավայրից, որը շահագործում է օտարերկրյա ընկերությունների կոնսորցիումը: