Միայն համարժեք այլընտրանքային հզորություն ունենալու դեպքում

13/09/2008

Հայկական ատոմային էլեկտրական կայանը շահագործումից կհանվի միայն այն դեպքում, երբ կառուցված լինի գործող բլոկի հզորությանը համարժեք այլընտրանքային հզորություն: Երեկ նման հայտարարություն է արել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նրա` եթե մինչեւ 2016թ. ավարտվի Հայաստանում ատոմակայանի նոր բլոկի շինարարությունը, ապա, բնական է, հինը կկորցնի իր շահագործման նպատակահարմարությունը: Եթե այդ ժամկետներում ծրագիրը դեռ ավարտված չլինի, գործող ատոմակայանի շահագործման ժամկետները կերկարաձգվեն, «այլապես հնարավոր չի լինի Հայաստանում ապահովել էներգետիկ անվտանգություն»: Ա. Մովսիսյանի հավաստմամբ` մինչեւ գործող ատոմակայանը շահագործումից հանելը, դրանում պարբերաբար կիրականացվեն անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ: Նոր ատոմակայանի կառուցմանը, Ա. Մովսիսյանի տեղեկացմամբ, համաֆինանսավորմամբ մասնակցելու մեծ շահագրգռություն կա տարբեր երկրների կողմից, նաեւ Ռուսաստանի, որի ներկայացուցիչ, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն նախօրեին վերահաստատել է եւ՛ ֆինանսապես, եւ՛ տեխնիկապես ծրագրին միանալու իրենց պատրաստակամությունը: Ըստ նրա` նոր բլոկի կառուցման ժամանակ պետք է օգտագործվի աշխարհում միջուկային էներգետիկայով զբաղվող լավագույն երկրների փորձը: Այդ փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռուսական ռեակտորները բավականին լավն են, եվրոպական էլեկտրամեխանիկական մասը լավագույնն է հուսալիությամբ, գիտության վերջին պահանջներին համապատասխանությամբ եւ գներով, իսկ աշխարհում ատոմակայանների վրա օգտագործված ավտոմատ կառավարման համակարգերից լավագույններն ամերիկյան արտադրության են: Նա համոզմունք հայտնեց, որ կհաջողվի հաշվի առնել բոլոր հաջողված փորձերը եւ դրանք ներդնել Հայաստանում: