Կարեւորը որակն է

13/09/2008

Հայաստանում մասնավոր հատվածի ձեռնարկությունների գերակշիռ մասը մրցակցային առավելության ամենակարեւոր գործոն է համարել ապրանքների կամ ծառայությունների որակը: «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» կողմից հրապարակած Միջազգային գործարար զեկույցի համաձայն` ՀՀ-ում հարցմանը մասնակցած մասնավոր հատվածի ձեռնարկությունների (ՄՀՁ-ների) 83%-ը եւ ամբողջ աշխարհում 70%-ը գտնում է, որ մրցակցային առավելության ամենակարեւոր գործոնն է ապրանքների կամ ծառայությունների որակը: Ընդ որում, որակի գործոնն ամենաբարձր ցուցանիշն է արձանագրել բոլոր երկրներում՝ բացառությամբ Չինաստանի եւ Հնդկաստանի: Որակը մրցակցային առավելության գերակա գործոն են համարում ԵՄ անդամ երկրների՝ հարցմանը մասնակցած ՄՀՁ-ների 81%-ը, ինչպես նաեւ՝ ՀՀ-ի ՄՀՁ-ների 75%-ը, որոնք էլ իրենց կարեւորությամբ որպես երկրորդ առավելություն են նշում մարդկային ռեսուրսները (62%): Հետաքրքրական է այն, որ Հնդկաստանում ապրանքների եւ ծառայությունների որակը նույնպես բարձր է գնահատվել, բայց միեւնույն ժամանակ գնային քաղաքականությունն ու բրենդի ազդեցությունը գնահատվել են էլ ավելի բարձր: Մինչդեռ Չինաստանում հարցմանը մասնակցածների միայն 46%-ն է, որ ապրանքների/ծառայությունների որակը համարել է մրցակցային առավելության գործոն: Դա ամենացածր ցուցանիշն է, որ մեծ տարբերություն է արձանագրել ցուցակում իրեն հաջորդող Ճապոնիայի (60%) եւ Սինգապուրի (67%) համեմատությամբ: Համենայն դեպս, այդ տարածաշրջանի այլ երկրներում որակի գործոնը եւս բարձր է գնահատվել՝ հասնելով մինչեւ 92%-ի՝ Վիետնամում, 85%-ի Թայվանում, եւ 74%-ի՝ Հոնկոնգում: Գործարար էթիկայի կանոններին հետեւելը նույնպես բարձր է գնահատվում հայ գործարարների կողմից (68%): Այդ նույն գնահատականին է արժանացել նաեւ բրենդի ազդեցության գործոնը, իսկ վերջինիս 62 %-ով հետեւում է գնային քաղաքականության գործոնը: Եվրամիության անդամ երկրներում եւ ՀՀ-ում նորարարության գործոնը զբաղեցնում է ամենացածր դիրքերից մեկը (49% հատուկ դեպքերում): Զեկույցում ընդգրկված բոլոր 34 երկրները մրցակցային առավելության գործոններից ամենից ցածր են գնահատում մեծածավալ տնտեսական ծրագրերի (44%) եւ միջազգային շուկաներում գործունեության (31%) գործոնները: Հայ գործարարները խոշոր տնտեսական ծրագրերի գործոնը գնահատում են որպես մրցակցային առավելության ամենից քիչ ազդեցիկ աղբյուր (30%):