Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը Հայաստանում զգալիորեն առաջընթաց է ապրել հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում: Այս ոլորտի նկատմամբ մեծ է հետաքրքրությունը հենց ՀՀ կառավարության կողմից. այսօր արդեն Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացումը գերխնդիր է եւ համարվում է հիմնական ռեսուրս` արտահանվող բնական ռեսուրսներով ոչ այնքան հարուստ երկրում: Վիճակագրական տվյալների համաձայն` այսօր հայաստանյան ՏՀՏ ոլորտում գործում է ավելի քան 200 ընկերություն` շուրջ 6000 մասնագետներով: Ըստ նույն տվյալների` յուրաքանչյուր տարի հայաստանյան ՏՀՏ ոլորտում ստեղծվում են մոտ 30 ընկերություններ. վերջիններս դաշտում, թերեւս, ամենախոցելին ենգ Ի թիվս ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների ու մարտահրավերների՝ հայաստանյան նորաստեղծ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններն առավելապես իրենց նոր գաղափարները վաճառելու, կիրառելու, նոր գործընկերներ գտնելու խնդիր ունեն: Հենց այդ խնդիրների կարգավորմանն է միտված «Սկսնակ ՏՏ ձեռնարկությունների ֆորումը» («Start Up»), որն անցկացվելու է «DigiTec 2008» ցուցահանդեսի շրջանակներում: «Սկսնակ ՏՏ ձեռնարկությունների ֆորումը» հնարավորություն կտա նորաստեղծ ձեռնարկություններին կամ անհատներին ներկայացնելու իրենց գործունեությունը, նորարարական գաղափարներն ու արտադրանքը ցուցահանդեսին մասնակցող ավելի քան 60 ՏՏ ընկերությունների, այլ ոլորտի գործարարների եւ
12.000 այցելուների: Ինչպես «DigiTec 2007»-ի ընթացքում անցկացրած հարցումները ցույց տվեցին, ցուցահանդեսի այցելուները եւ մասնակից ընկերությունները (մեծամասամբ արտերկրյա) հիմնականում փնտրում են նորարարական գաղափարներ եւ լուծումներ: «Start Up» ֆորումը, փաստորեն, արդյունավետ եւ բարենպաստ միջավայր է ներդրողների եւ նորարարական գաղափարներ կրողների համագործակցության համար: «DigiTec 2008» ՏՀՏ ցուցահանդեսն ու նրա շրջանակներում կազմակերպվող «Start Up» ֆորումը կանցկացվեն հոկտեմբերի 3-5-ը` Epygi office park-ում: