«Գորիս» քրեակատարողական հիմնարկ հասնելու համար մոտ 4-5 ժամ երթեւեկում ենք: Տափաստաններ ենք հատում, ու տարածությունը, որն անցնում ենք կալանավայր հասնելու համար, թույլ է տալիս զգալ ազատությունն ու բնության լույսը: Երբ գիտակցում ես, թե ուր ես գնում, կարեւոր են դառնում ժամանակը, կյանքը, լույսը, բնության ներդաշնակությունը եւ ապրածդ կյանքի ամեն մի վայրկյանը:
Մոտ 4-5 ժամ ազատության մեջ երթեւեկելուց հետո մոտենում ենք Գորիս քաղաքին ու, որքան մոտենում ենք, սրտիս աշխատանքն այնքան արագանում է, ու գլխիս մեջ արձագանքում է կալանավորներից մեկի խոսքերը. «Գորիսում նստելը մահ ա»: Ու հիշում եմ Գորիսի բանտի սպեցիֆիկ հոտը, կալանավորների սփրթնած ու սառած հայացքները, սեւ համազգեստով անխնա ծխող տղաներին ու բանտի պատերը, որոնք իմ մեջ վախ են թողել։ Ու էդ պատերի տպավորությունից մնացած իմ վախը, որպիսին առաջանում է մեկ էլ այն դեպքում, երբ սեւ գույնի դագաղ եմ տեսնում, կրկին արթնանում է: Երեւի Գորիսի բանտը նման է սեւ գույնի դագաղներին. այստեղ ամեն ինչ սեւ գույն ունի՝ խցերի դռները, դատապարտյալների համազգեստները, նրանց ձեռքով պատրաստած խաչքարերը ու լիքը ուրիշ սեւ բաներ: Մարդկանց հայացքներն ու բառերն էլ սեւ գույն ունեն: Դատապարտյալները պատմում են իրենց պատմությունները, որոնք նույնպես սեւ են, որովհետեւ մարդկային այդ ճակատագրերի մեջ դաժանություն, անգութ բան կա:
Մտնում ենք փակ ռեժիմային գոտի, որտեղ ամեն ինչ նույնն է, բացառությամբ մի քանի վերանորոգված խցերի: Երկրորդ անգամ եմ այցելում «Գորիս» ք/հ, բայց առաջին անգամվա զգացողությունները կրկնվում են, որովհետեւ մեկ անգամ տեսնելուց հետո չես կարող համակերպվել «փակվելու» գաղափարի հետ: Բայց երկրորդ անգամ ավելի զգուշավոր ու պատրաստված եմ գնում, որովհետեւ հասկացել եմ, որ այստեղ հանցագործների մեջ պետք է գտնել մարդուն: Բոլորի մեջ կա հանցագործն ու մարդը, իսկ հանցագործի ներսի մարդուն բացահայտելը շատ բարդ է, որովհետեւ օրենքներն ու բարքերը թույլ չեն տալիս: Էստեղ հանցագործներն իրենց ներսի մարդուն թաքցնում են շատ խորը, որովհետեւ փակ ռեժիմային գոտում ապրելու համար պետք է մարդուն հանցագործը կառավարի: Դատապարտյալներն ապրում են հանցագործի հոգեբանությամբ, որովհետեւ մարդը թուլություններ ունի, իսկ թուլություններն այստեղ չեն ներվում: Բանտում բոլորը սիրո կարիք ունեն, բայց ոչ մեկն իր ներսի մարդուն թույլ չի տալիս գործել, որովհետեւ մարդն ուզում է սիրել, իսկ սերը դիտվում է որպես թուլություն:
«Մի հատ լավ աղջիկ ճարի՝ ամուսնանամ»
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանը թույլ է տալիս դատապարտյալների հետ զրուցել: Մի քանիսը համաձայնում են, իսկ մյուսները՝ ոչ: «Զոնայում» առանձին սենյակ են տրամադրում, բայց զրույցն ընթանում է տեսուչի ներկայությամբ, այդպես ավելի անվտանգ է: «Գորիս» ք/հ-ում իրենց պատիժը կրում են կրկնահանցագործներ, որոնցից շատերն արդեն կորցնելու բան չունեն, ամբողջ մի կյանք խցային պայմաններում են ապրել, ազատություն են ստացել, բայց կրկին վերադարձել են ու պատրաստ են ամենածայրահեղ քայլին դիմել: Բայց ես հույսս չեմ կորցնում, որ հանցագործի ներսի մարդուն գտնելու եմ, ու այդ մարդն անկեղծանալու է: Դրա համար էլ խնդրում եմ, որ տեսուչը սենյակից հեռանա: Ընդհանրապես, այդպես չի կարելի, ռիսկային է, բայց բանտապետը թույլ է տալիս: Սենյակի դուռը բացվում է, բերում են մի երիտասարդի, ով կասկածամիտ հայացք ունի, հաստատ ինձ չի վստահում: Սենյակում մնում ենք երկուսով, ու այդ հանգամանքը երիտասարդին շոյում է, որովհետեւ, հավանաբար, համարում է, որ իրենից չեմ վախենում, իր մեջ ոչ թե հանցագործ եմ փնտրում, այլ մարդ: Ձեռք սեղմելով ծանոթանում ենք, ու ես ժպտում եմ իրեն՝ ոչ թե նրա համար, որ ինքը վստահի ինձ, այլ, որովհետեւ՝ այստեղի բնակիչների համար ժպտացող մարդու էներգետիկան կարեւոր է: Բայց ինքը չի ժպտում, որովհետեւ այստեղ չեն ժպտում: 35 տարեկան Սեյրան Մակարյանն է, ով շատ երկար զննող հայացքով ինձ ուսումնասիրում է: Չորրորդ «սռոկն» է հաղթահարում: Առաջին անգամ՝ ավազակային հարձակում՝ 8 տարվա ազատազրկում, երկրորդ անգամ՝ գողություն՝ 3 տարվա կալանք, երրորդ անգամ՝ ավազակային հարձակում եւ գողություն՝ 10 տարվա կալանք։ Վերջին «սռոկը»՝ 4.5 տարվա ազատազրկում, ստացել է գողության համար: Ասում է. «Ձեզ կանկրետնի ի՞նչն ա հետաքրքրում»: Ասում եմ. «Թե ո՞նց եք կատարել էդ հանցանքները»: «Դե, սկզբինը ռազբոյ ա եղել, 8 տարի տվին, բայց ո՞վ ա նստել, որ… 2 տարի նստե, ազատվել եմ: Երկրորդը կռուպնի գողություն ա եղել՝ պարսիկների հետ: Ես քո հետ ինչ որ խոսում եմ, կանկրետնի եմ խոսում, նենց չիմանաս՝ հավայի եմ խոսում, էլի: Գողության համար 3 տարի տվին, բայց 2 տարի նստա։ Երրորդն էլ ռազբոյ-գողություն էր, 10 տվին, բայց էդքան չեմ նստե»: Ասում եմ. «Փաստորեն միշտ էնքան չեք նստել, ինչքան տվել են»: Պատասխանում է. «Դե, հիմի, որ կարդում են՝ 15 տարի, 15 տարի հո չե՞ս նստի: Ընդե կա, խոսքի, երրորդ-չորրորդ, կես, տենց էլի… Հիմի հո էդքան չե՞ս կարա նստես։ Է հա՛, նստես, բայց գոնե իմանաս՝ ինչի համար ես նստում: Որ խախտումներ, բան չենք անում՝ հասնում ա էլի մի բան: Չորրորդ անգամ էլ եմ կռուպնի գողություն արե՝ օֆիս-մօֆիս եմ թալանե: Էս անգամ ինձ 15 տարի էլ կտային, բայց լավ բարեկամ, բան ունեմ, դեպուտատ, մարդ-մուրդ կա, զանգեցին, երաշխավորեցին իմ համար, մեղմ տվին»: Սեյրանին հարցնում եմ, թե ազատություն ստանալուց հետո չի՞ փորձում զգուշավոր լինել, հանցանք չգործել՝ կրկին կալանավայրում չհայտնվելու համար: «Էստեղի կյանքը ձգո՞ւմ է»,- հարցնում եմ: Պատասխանում է. «Դե՛, կալանավայրում հայտնվելը ո՞րն ա, ստեղ հո գազանանոց չի՞, նստելը ծանր ա, բայց որ դուրս ես գալիս ու նեղն ես, պտի լավ ապրես, լավ հագնվես, լավ տուն, մաշնա ունենաս: Ամեն մարդ էլ նպատակներ ունի, ես սիրում եմ լավ տուն, ավտո, լավ կնիկ ունենամ: Ստեղ էլ տարբեր մարդիկ, տարբեր կյանքեր են, ստեղ էլ ա դրսի նման: Մարդ ուզում ա լավ տուն ունենա, լավ ավտո ունենա՝ նոր ամուսնանա, դրա համար էլ էս հերթական բաներն են լինում, հանցագործությունով նպատակիդ հասնում ես»: Մասնագիտությամբ մեքենայի փականագործ է, ու իր գործից ստացվող եկամուտով անհնար է համարում լավ տուն ու լավ մեքենա ունենալ: Ու որպեսզի տեղում չդոփի, նախընտրում է նպատակին հասնել ամեն գնով: «Աշխատանքով, 3000-3500 դրամով ինչի՞ պիտի հասնես, ճիշտը խոսանք, էլի»,- ասում է: Հարցնում եմ. «Ամուսնացած չե՞ք»: «Չէ, մի հատ լավ աղջիկ ճարի՝ ամուսնանամ, ճիշտ եմ ասում, ուզում եմ ամուսնանամ»: Ասում է, որ երկու ամուսնացած քույր ունի, որոնք բավականին կիրթ են: Ծնողներն են տեսակցում ու գորիսեցի 6 մորաքույրները: Ներկայումս Սեյրանի միակ նպատակն ազատություն ստանալն, ապա ամուսնանալն է, որովհետեւ կատարած «կռուպնի» գողությունից հետո արդեն ամեն ինչ էլ ունի՝ տուն, մեքենա, փող: «Գողցած, թալանածի կեսը դրել եմ խոսքի իմ հաճույքների համար, կեսն էլ տուն-տեղ ենք դրե»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ ազատություն ստանալուց հետո գողություն չի անի, բայց «լավ» գործեր կանի: Հարցնում եմ՝ ռազբո՞յ կանեք: «Բայց խի՞ ես էդքան բանն ուզում իմանաս, խոսքի էտի քո գործն էլ չի քուր ջան»,- ծիծաղում է: Հարցնում եմ. «Ի՞նչն է տղաներին ձգում դեպի հանցագործ աշխարհը, ռազբորկաները»: Ասում է. «Դե՛, նայած տղաներ… որովհետեւ իրանք հոգեպես տենց են ապրում, տենում են, որ էտի ճիշտն ա: Ճիշտը գիտե՞ս որն ա, ճիշտը մարդկայինն ա: Խոսքի, դու նեղն ես, էսինչ բանը չունես, բայց ես ունեմ ու քեզ լավություն եմ անում, հասնում եմ քեզ: Այ էտի ա ճիշտը: Մարդիկ ստե տենց են ապրում: Հիմի, որ իմ մոտ գալիս են, սնունդ, սիգարետ են բերում, ամեն ինչը, բացի քո նիաբխադիմի բաներից, պիտի իրանց հետ կիսվես: Բոլորը տենց չեն, բայց 90%-ը տենց են: Իմ կռուգի մեջ տենց են մարդիկ: Հըմի ի՞նչ կապ ունի, որ ես հանցագործ եմ, բարեկամս դեպուտատ ա, կամ մյուսն էլ օբյեկտի տեր ա»: Հարցնում եմ՝ հիմա դուք ձեզ համարո՞ւմ եք հանցագործ»: Պատասխանում է. «Չէ՛, խի՞ համարենք որ, խի դատախազն ու դատավորը չեն դատվո՞ւմ: Ասում են՝ գեներալ Մանվել Գրիգորյանին բռնել են, բայց մի տարի առաջ իրա հետ կարայի՞ն խոսային: Կամ Սմբատ Այվազյանը, մեր դեպուտատը, մեր լավ ախպերն ա: Նենց մարդիկ են, որ նեղություն տենալով՝ չի նշանակում, որ հանցագործ են»: «Գորիս» փակ ռեժիմային գոտի տեղափոխվելուց առաջ Սեյրանը կալանքը կրել է Սեւանի եւ Նուբարաշենի կալանավայրերում: Փակ ռեժիմի ժամկետը լրանալուց հետո նրան կտեղափոխեն գաղութ: Կալանքի ընթացքում Սեյրանը «չէպէ» չի ունեցել, դրա համար էլ պատժախուց չի տեղափոխվել: Ի դեպ, «Գորիս» ք/հ-ի պետ Արմեն Պետրոսյանը Սեյրանի վարքագիծը բավական դրական գնահատեց եւ վկայեց, որ նա օրինապահ դատապարտյալ է: Սեյրանը խցում ապրում է 5 տղաների հետ միասին: Հարցնում եմ. «Դժվար չէ՞ տարբեր բնավորությունների տեր մարդկանց հետ փոքրիկ տարածքում հաշտ ապրել»: Պատասխանում է. «Շատ ճիշտ հարց տվիք, բա ի՞նչ ա, որ դժվար չի, դրա համար էլ վերջի իտոգ մի հատ պանյատ կա՝ էդ ճիշտն ա: Ճիշտը մի հատ ա ըլնում, ճիշտը հո գունավոր չի՞ ըլնում: Պետք ա քեզ ճիշտ պահես։ Հետո, արարքն էլ կապ ունի ճշտի հարցում: Եթե պռիդելներից դուս բան անես, սխալ կըլնի: Օրինակ, եթե հըմի ես մտնեմ ստե, յախշավատ ըլնեմ, դու աղջիկ ժուռնալիստ ես. վդրուգ աշխատողները գալիս են, ինձ հանում են դուս, այսինքն՝ ես իմ պռիդելներից անցել եմ արդեն, կարող ա տանեն նկատողություն տան։ Վերաբերմունք։ Ճիշտը վերաբերմունքն ա, հարգանքն ա, իսկ, եթե կան մարդիկ, որ չեն կարա քո ոճով ապրեն, ասում ես՝ դավայ ստուց, քեզ հաջողություն, դու էդքան չկաս, որ քեզ հարգեն: Ինքը արդեն կամ ուրիշ տեղ ա էթում, կամ էլ վոբշըմ մեր կուխնյայից չի, մեզնից դուս ա, պտի վաբշե առանձնանա: Ստե սաղ էլ ճշտի օրենքը գիտեն, նոր կալանավոր չկա, սաղ հին դատվածներ են, մեկը մեկին ճանաչում ա: Խամ մարդուն բացատրում, սովորցնում ես, որ՝ լսի, էսի սենց ա, ճիշտը էս ա»: Սեյրանի հավաստմամբ, այն կարծիքը, թե քրեական աշխարհում թուլակամ մարդիկ կալանավորների կողմից դատապարտվում են, թյուր է, որովհետեւ. «Եթե մարդը թուլամորթ ա, չի նշանակում, որ վատ մարդ ա: Էդ մարդն էլ իրա կարծիքն ունի, իրա պանյատն ունի: Լիչնի էս կյանքում տենց բան չկա, կարող ա գաղութներում մի քիչ քոքված-մոքված բաներ ըլնեն, բայց Գորիսում տենց չի»: Որքան էլ զարմանալի է, 35 տարեկան այս երիտասարդը չի դժգոհում իր բանտային կյանքից. «Դե հըմի սանատորյա ա, էդ առաջ ա դաժան եղել, ստռոգի ռեժիմ, բան: Բայց էս Եվրախորհուրդ մտնելուց հետո շատ բարեփոխումներ են եղել»: Ինչ վերաբերվում է ազատության մասին Սեյրանի պատկերացումներին, ապա նա ասում է. «Դե, էդ ղալմաղալների մասին գիտենք: Լիչնի ես չեմ խորանում, որովհետեւ ամենամխտառ բանը քաղաքականությունն ա: Խոսքի, որ Պողոսը կամ Փիլիպոսը ղեկավար դառնա, ինձ էտի չի հետաքրքրում: Ես մենակ ուզում եմ, որ վաղը դուրս գամ, խաղաղ ապրեմ, թե չէ էդ հարցերն ինձ ներվայնացնում են: Կարեւորը, որ մեր հըմար մի հատ լավ փոփոխություն լինի, ամնիստիա, բան: Մենք էլ դուրս գանք, տենանք ինչ ենք անում, մի հատ լավ աղջիկ բերենք, տնավորվենք»: Հարցնում եմ. «Իսկ «կալենդառ սռոկ» (լրիվ պատժաչափը) ես նստելո՞ւ»: Պատասխանում է. «Ո՞վ, ե՞ս, տո չէ, ա՛յ ցավդ տանեմ, գեներալներն են իմ տեղը հովանավորել, ես շատ-շատ նստեմ մի տարի պատալոկ»: Հարցնում եմ. «Իսկ ինչո՞ւ է ջահելների համար գողական աշխարհը հետաքրքիր»: Պատասխանում է. «Ես ջահելներին խորհուրդ կտամ հեռու մնալ էս կյանքից, որովհետեւ հիմա մեղք են էս ջահելները, հիմա ստեղ չեն դիմանում: Ախպորս գերեզմանով եմ երդվում, որ կուզենամ, որ ջահելները չձգտեն կրիմինալին, էսի առաջվանը չի, հիմա էսի տիրոջ տեղա, որ տեր չունեցար՝ վսյո: Ցավդ տանեմ, ստե ոչ մի լավ բան չկա։ Գողական չկա, գողականն էն ա, որ ամեն մարդ կարենա իրան լավ պահի, ճիշտ պահի, ա՛յ, գողականը դա ա, թե չէ դրանք սաղ ռեֆլեքս արած բաներ ա: Վատ տեղ ա, ոչ մեկին չեմ ցանկանա, որ ստե ընգնի:
Էսի խոզանոց ա, բա նույն տեղում ուտում ես, նույն տեղում էթում ես զուգարան ու ապրում ես էդ նույն տեղում, բա խոզանոց չի՞: Հարցնում եք, թե խի՞ ես նորից հանցանք կատարում, բա ո՞նց չկատարես: Հելնում, տենում ես՝ ահագին հետ ես ընգե: Տենում ես մեկը լավ ա ապրում, լավ տուն, ավտո ունի: Ասում ես՝ արա, կայնի մի հատ լավ ռազբոյ անեմ, 40-50 հազար կպցնեմ, լավ ավտո առնեմ: Չորրորդ անգամ ես տենց եմ դատվե, ջահել տղա եմ ու իմ գինը ես գիտեմ: Խի՞ պետք ա ես չունենամ որ։ Ցանկացած գնով պտի ունենամ: Օրական 3000 դրամով ի՞նչ պտի ունենաս։ Ես մի քիչ գոռոզ տղա եմ, էլի, խստապահանջ, սերյոզնի նատուրա ունեմ: Բայց կյանքում չեմ սիրե, որ անտեղի կռիվ են անում, աղջկա վրա ձեռ են բարձրացնում»: Ասում եմ. «Փաստորեն նախանձ եք, էլի»: «Չէ՛,- ասում է,- էտի բարի նախանձ ա»:
«Փետով, տրուբով անում ենգ»
Մայիս Ալավերդյանը 27 տարեկան է, բռնաբարության հոդվածով դատապարտվել է 3 տարի 1 ամսվա ազատազրկման: Շամշադինի Ներքին Կարմիր գյուղից է: Բռնաբարության զոհը Մայիսից տարիքով բավականին մեծ կին է եղել, ով այդ դեպքից մեկ ամիս անց մահացել է: Բռնաբարություն կատարողները կնոջը դաժանորեն ծեծի են ենթարկել, փայտե իրերով գլուխը, ոտքերն արյունլվա են արել, դրա համար էլ մահացել է: Ասում է, որ կնոջ որդին հրացանն առած իրեն է փնտրել: «Դատարանում ավտոմատով ուզում էին խփեն, քաղմասի աշխատողներն են ինձ փախցրե, տարե-պահե: Հիմա էլ պատրաստ սպասում են, որ հելնեմ, վերացնեն: Ամբողջ գյուղն ա տենց տրամադրված»: Ընդհանրապես Մայիսը շատ հակասական բաներ է պատմում, ասում է, որ մի քանի տղաներով են մտել այդ կնոջ տուն, բայց՝ գողության նպատակով: Հանցակիցները մյուս սենյակում սկսել են կնոջը բռնաբարել, ինքը չի մասնակցել այդ գործողությանը: Ու որպեսզի խմբակային հանցագործության ծանր հետեւանքից խուսափի, հանցանքը վերցրել է իր վրա, իսկ մյուս տղաներն ազատության մեջ են: «3 հոգով էինք, ես չեմ արել, բայց վիզ եմ վերցրել, որ թեթեւ պատիժ լինի: Խմբակայինով համ իրանք կքաշվեին, համ էլ մեծ սռոկ՝ 12 տարի կտային: Ես նստած եմ, բայց իրանք մերոնց օգնում են: Ասել եմ՝ մերոնց օգնեք՝ ես վիզ կառնեմ»,- պատմում է Մայիսը, ում ժամկետը կլրանա 9 ամիս հետո: Բռնաբարությունից հետո ենթադրյալ գողոնն էլ չեն գտել, փողի փոխարեն ընկույզ ու պնդուկ են գողացել: Հարցնում եմ. «Էդ հոդվածով դատվածներին վատ են վերաբերվում չէ՞»: Պատասխանում է. «Հա՛, էս հոդվածով մարդիկ չեն ընդունվում, ինձ էլ վերաբերվում են նենց, ոնց որ բռնաբարության հոդվածով դատված մյուս կալանավորներին»: «Նուբարաշեն» ք/հ-ում մեկ ամիս մնալուց հետո տեղափոխվել է «Վանաձոր» ք/հ, այնուհետեւ, իր դիմումի համաձայն՝ տեղափոխվել է Գորիս, որովհետեւ բաց գաղութներում նման հոդվածով դատվածներին բոլոր հնարավոր միջոցներով ճնշում են: Գորիսում փակ է, հետեւաբար դատապարտյալները Մայիսին չեն տեսնում, չեն շփվում: Այս երիտասարդին տեսակցող չկա, որովհետեւ ծնողներն անկողնային հիվանդ են, իսկ եղբայրը՝ հաշմանդամ: Տան միակ աշխատողն ինքն է եղել, հողագործությամբ է վաստակել: Միեւնույն խցում բնակվում են ութ դատապարտյալներով: Ասում է. «Որ դուրս եկա, Հայաստանից կփախնեմ, գյուղ էլ չեմ գնա: Նենց նեղված եմ, որ չեք պատկերացնի, բոլորն էլ իմ դեմ ցուցմունք են տվել: Ասել են՝ խմած եմ եղել, բռնաբարել եմ: Ոչ էլ կամուսնանամ, սաղ ռայոնն իմանում ա էս գործի մասին: Շատ հիասթափված եմ, ամեն ինչ վերջացած ա իմ համար: Մորս հետ որ խոսում եմ, ասում ա՝ գյուղ մի արի: Էդ կինն էլ Այգեպարից էր, ազգուտակը զինված իմ դուրս գալուն ա սպասում: Ստեղ ապահով եմ, տեղս չգիտեն, չեն սպանի»: Մայիսը 13 տարեկանից կռվել է, սահման է պաշտպանել: «Ստեղի աշխատողներն ինձ հետ լավ են, բայց գաղութում չէի կարում: Դիմեցի վարչության պետին, որ էս փակ տարածքում պահեն: Աշխատողները չէ, բայց կալանավորներն էս հոդվածով դատվածներին… Եթե մնայի էնտեղ, մեկը փետով ինձ «կաներ», մյուսը՝ տրուբովգ Տենց դեպքեր շատ ա եղել, ճնշում են, չես կարա: Դատապարտյալների կողմից էլ ես պատժվում»: Հարցնում եմ. «Իսկ էդ որ ասում են՝ գողական աշխարհ, բան…»: «Չէ՛, ես դրա մեջ չեմ, տենց բաների մեջ չկամ: Ես առանձին մարդ եմ, չկամ դրա մեջ: Ոչ էլ փող եմ կրվում, որ տալիք ըլնեմ»:
«Հիմա, որ նստեմ-լացեմ, էդ ձեզ դուր կգա՞»
Հայկ Արզունյանը 46 տարեկան է, երեք երեխաների հայր: Ներկայումս կրում է երրորդ դատվածության կալանքը: Առաջին անգամ պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով դատապարտվել է 8, երկրորդ անգամ՝ ավազակային հարձակման համար՝ 11, եւ երրորդ անգամ՝ խարդախության հոդվածով՝ 6,5 տարվա ազատազրկման: Նուբարաշենի Թռչնաբուծական ֆաբրիկայի պահեստապետն է եղել: Հարցնում եմ՝ թալանե՞լ եք: Պատասխանում է. «Չէ՛ հա, պռոստը պետք էր ինձ փակել, փակեցին»: Հարցնում եմ. «Կարո՞ղ է՝ հավ եք գողացել»: «Չէ՛ հա, հավն ի՞նչ ա, որ հավ գողանանք»: Առաջին անգամ 8 տարվա ազատազրկման դատապարտված Հայկը կալանքը կրել է ընդամենը մեկ տարի: Վերջին անգամ խարդախության հոդվածով դատապարտվելուց հետո չորս տարի է, ինչ ազատազրկված է: «Ասեցին՝ պարտք ու պահանջները կմուծես, որ ազատենք: Մուծեցի, բայց խաբեցին, չազատեցին: Մի տարվա մեջ երեք անգամ ներկայանում ես հանձնաժողովին, բայց կտրում են»: Հայկն ապրում է Արտաշատի Ջրաշեն գյուղում եւ վստահեցնում է, որ երեխաները բարձրագույն ուսումնական հաստատություններում են սովորում: «Տղես պիտի բանակ գնա, փախնում ա, որ ես ազատվեմ, հետո նոր ինքը գնա: Հես ա, որ իրան էլ բռնեն-դատեն` չգիտեմ, թե ինչ ա լինելու: Դե, ախր ես գող չեմ, ավազակ չեմ, էսքան պահում են, որ ի՞նչ: Խաբին, պարտքը մուծել տվին, չազատին: Ես «նարուշիտել» չեմ, լավ նստել, ինձ խելոք եմ պահել, բայց անընդհատ մերժումներ են անում: Զոներում մեկը կախվում ա, մեկը բերան ա կարում, մյուսը աչքերն ա կարում: Սաղին կտրում են, բայց ինչքա՞ն պիտի կտրեն»,- դժգոհում է նա՝ ասելով, որ բանտում շատ լավ են ապրում, բայց, միեւնույն է, ուզում է ընտանիք վերադառնալ: Ասում եմ. «Բայց էնպիսի տպավորություն է, կարծես ձեզ էստեղ շատ լավ եք զգում»: Պատասխանում է. «Դե չէ, սենց խոսում եմ, բայց ինֆարկտն ինձ խփում ա: Հիմի որ լացեմ, ձեզ դուր կգա՞»: Հայկը վստահեցնում է, որ, ի տարբերություն նախկին տարիների, ներկայումս կալանավայրում սնունդը պատշաճ մակարդակով է տրվում: Ըստ նրա, եթե անգամ հարազատները տեսակցության չգան, բանտի օրակարգով տրամադրվելիք սնունդով կարելի է նորմալ ապրել: Հայկը պատմում է գաղութներում կատարվող ինքնասպանության դեպքերի մասին. «Սեւանում տենց դեպք եղավ, մեկը կախվել էր: Մարդիկ կան, որ չեն դիմանում, մարդը ո՞նց կարա երկար դիմանա էս պայմաններում»։