Սեպտեմբերի 10-ից Հայաստանում կմեկնարկի «Արշիլ Գորկու օրերը Հայաստանում» նախագիծը, որն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության եւ Արաբկիրի թաղապետարանի նախաձեռնությամբ: Երեկ երեկոյան Ֆլորենցիայից Երեւան ժամանեցին ժամանակակից արվեստի իտալացի վերլուծաբաններ, Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայի նախկին նախագահը եւ այլ արվեստաբաններ: Արշիլ Գորկու ստեղծագործություններին նվիրված կոնֆերանսում մի քանի օր շարունակ զեկույցներով հանդես կգան իտալացի եւ հայ արվեստաբանները: Կոնֆերանսը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում: Ծրագրին մասնակցում են նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահը, Արշիլ Գորկու եւ Մինաս Ավետիսյանի թանգարանները, Հայաստանի պատմության թանգարանը, Մատենադարանը: Ծրագրի համակարգողն է Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան: «Կոնֆերանսը, որը տեղի կունենա սեպտեմբերի 10-16-ը, առաջին փորձն է` հայաստանյան հասարակության շրջանում լայնորեն քննելու Արշիլ Գորկու ստեղծագործական ժառանգության մեջ «հայկական բաղադրության» պատմությունը եւ կառուցվածքը: Իր` Արշիլ Գորկու ստեղծագործության մեջ նրա մշակութային արմատների խաղացած դերի ընկալումը, մյուս կողմից, Հայաստանում նրա ստեղծագործության բացահայտումը, գնահատանքը եւ թողած ազդեցությունը չի եղել միանգամից, առավելեւս` միանշանակ: Դրանք անցել են զարգացման որոշակի ճանապարհ: Եթե կոնֆերանսի արտերկրյա բանախոսների ուշադրության կենտրոնում կլինի Արշիլ Գորկու մշակութային արմատների խնդիրը, ապա հայաստանցի մասնակիցներն իրենց ելույթներում կանդրադառնան նաեւ երկրորդ հանգամանքին` հայ ժամանակակից մշակույթի եւ արվեստի վրա նրա ունեցած ազդեցությանը»,- ներկայացնում են ծրագրի համակարգողները: