«Թատրոնում ես մի քիչ խուլիգան եմ»,- ասում է վրացի հայտնի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան

13/09/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Շեքսպիրյան թատերական փառատոնը, որն այս օրերին անցնում է Երեւանում, իր ծրագրերի մեծ մասը կապում է վրացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի անվան հետ։ Աշխարհի տարբեր երկրների բեմերում շեքսպիրյան բեմադրություններ անող Ռոբերտ Ստուրուան թեեւ ժպիտով ասում է, որ մահու չափ հոգնել է Շեքսպիրից ու հատկապես՝ «Համլետից», այսուամենայնիվ, նա, միեւնույն է, պարբերաբար անդրադառնում է մեծն անգլիացու պիեսներին, քանի որ նրանք փորձարկումների համար հսկայական դաշտ են բացում։ Շեքսպիրի միջոցով կարելի է ամեն ինչի մասին խոսել, արդիականն ու փիլիսոփայականը այնտեղ միահյուսված են։

Ռոբերտ Ստուրուան ընդհանրապես իր բոլոր ներկայացումներով կարծես հիշեցնում է, որ թատրոնը՝ որպես տոն, որպես դիմակահանդես, որպես փողոցում ծավալվող աղմկալի գործողություն է ծագել։ Իսկ նրա դերասանները չեն էլ թաքցնում, որ իրենք դեր կատարող մարդիկ են։ Նրանք լուրջ կեցվածքով չեն ներկայանում, նրանք ստեղծագործում են բեմում ու դրանից հաճույք են ստանում։ Գուցե այդ պատճառով էլ վրացի ռեժիսորին շատ հարազատ է Շեքսպիրը, որի դիտարկումները կարելի է նույն հաջողությամբ եւ՛ որպես ողբերգություն, եւ՛ որպես ֆարս ներկայացնել։

Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատրոնի «Համլետը» Ռ.Ստուրուայի ստեղծած տասնյակ «Համլետներից» մեկն է, որը զարմանալի տպավորություն թողեց հայ հանդիսատեսի վրա: Դա կոլաժային ներկայացում էր, որը վերծանման կարիք ուներ։ Տեքստի ու իրավիճակի լրջությունը «կոտրվում» էր մանր, բայց ցայտուն ժեստերով, անընդհատ փոփոխվող միզանսցեններով, Գիա Կանչելիի գրած երաժշտական մոտիվներով։ Իսկ վերծանման պրոցեսը բարդանում էր ոչ միայն այն պատճառով, որ Ստուրուան ընդհանրապես միշտ պարզի ու բարդի սահմանագծում է կառուցում իր բեմադրությունները, այլեւ՝ վրացերենի չիմացության պատճառով։ Երբ տեքստը չես հասկանում, դժվար է ներկայացումն ընկալել։ Ստիպված ես կռահել ու ենթադրել։ Իսկ դա անիմաստ է, քանի որ Ստուրուան տարբեր տեքստային «թակարդներ» էր ստեղծել ու վերաձեւել էր պիեսը։ Հույս ունենանք, որ հաջորդ փառատոների ժամանակ հնարավոր կլինի թարգմանված տարբերակով դիտել ներկայացումները։

Ռ.Ստուրուան այդքան էլ գոհ չէր ներկայացումից՝ ասելով. «Ես կուլիսների հետեւից էր դիտում իմ ներկայացումը եւ զգում էի, որ դերասանները դժվարությամբ էին կարողանում բեմում իրենց փոխհարաբերությունները կարգավորել: Հասկանում եմ, որ բոլոր ռեժիսորներն էլ այդպես են արդարանում, բայց կուզեի, որ մեր «Համլետը» ձեզ ավելի դուր գար: Ներկայացման մեջ պակասում էր հարմոնիան, իսկ դուք դա բնազդաբար զգացիք»։ Սակայն այդ ներկայացումից գալիս էր իսկական թատրոնի «համն ու հոտը», որն ավաղ, վաղուց չենք զգում հայ բեմում։

Գրոտեսկային լուծումներ ունեցող վրացիների «Համլետում» ռեժիսորի գաղափարները հանդիպեցին այն դերասանական նյութին, առանց որի թատրոնում ոչ մի գաղափար իրականանալ չի կարող։ Եվ ոչինչ, որ ներկայացումը որոշ դրվագներում ամբողջական չէր, սակայն այն ցույց տվեց, որ վրացի դերասանները կարող են ամեն բան խաղալ՝ նույնիսկ ամենափոքր դերերում շշմեցնելով իրենց պլաստիկայով ու ճկունությամբ։

Հանդիպելով լրագրողների հետ՝ Ռ.Ստուրուան ասաց. «Երբ տարիներ առաջ ես իմ առաջին ներկայացումն էի անում, փորձում էի այն դասական ՄԽԱՏ-ի կանոններով բեմադրել, այսինքն` ռեալիստական, նույնիսկ` նատուրալիստական ներկայացում անել: Եվ հասկացա, որ թատրոնում այդպես աշխատել չեմ ուզում: Դա ինձ համար ձանձրալի էր: Ես կարծես թե բոլոր թատերական ուղղությունների միջով անցել եմ ու հասկացել եմ, որ աշխատանքը առաջին հերթին ինձ համար պիտի հաճելի լինի: Ես չեմ մտածում, որ պետք է ձեզ դուր գամ, այդ իմաստով ես մի քիչ խուլիգան եմ: Ինձ շատ կարճ ժամանակ էր հարկավոր՝ հասկանալու համար, որ թատրոնում ես կարող եմ ավելի համարձակ գործել»։ Երեւանում ներկայացրած «Համլետը» լի էր մանր ու մեծ «խուլիգանական» երանգներով, որոնք շատ ավելի արժեքավոր էին, քան հայ ժամանակակից թատերական ռեժիսորների «դասականացված» մոտեցումը։ Գերտրուդն, օրինակ, վշտից կարող էր հարբել, իսկ Համլետը հոգնած ձայնով ասել, որ այլեւս չի կարող արտասանել հայտնի «Լինե՞լ թե՞ չլինելը», քանի որ դրանք միայն «բառեր, բառեր, բառեր են», որոնք փոշիանում ու անհետանում են։ Իսկ ողբերգության ֆինալում Համլետը կարող էր մահից հետո վեր կենալ եւ թեթեւությամբ հանդիսատեսին ձեռքով անել՝ ասելով. «Գնացեք, թաղեք ձեր մահացածներին»՝ կարծես հուշելով, որ ամեն ինչն էլ խաղ ու գրոտեսկ է։ Ճիշտ այդպես էր կառուցում իր ֆիլմերը հանճարեղ Ֆեդերիկո Ֆելինին, որը այնպիսի արագությամբ էր անցնում մի իրավիճակից դեպի մյուսը, որ կյանքը դառնում էր ծիսական ու կոդավորված մի արարողություն։ «Շեքսպիրը ռոմանտիզմի ու ցինիզմի, քնարերգության ու դաժանության, հոգեբանության ու կրկեսի համատեղումն է։ Եվ ես նրան սիրում եմ»,- ասել է վրացի բեմադրիչը։

Ռ.Ստուրուան բնավ էլ կարիք չունի ապացուցելու, որ ինքնատիպ թատրոն է ստեղծում, նա դա դեռ վաղուց է արել։ Եվ կարող է իրեն թույլ տալ ժպիտով ասել. «Երբ գնում եմ արտասահման աշխատելու, տարբեր ներկայացումներից մտքեր եմ գողանում ու բերում եմ Թիֆլիս»։ Իսկ իր բեմադրությունների հեղինակային ոճի մասին նա ասում է. «Երբ, օրինակ, դուք թանգարան եք գնում ու նայում եք կտավների, մեծ ուրախությամբ ուզում եք ասել` սա, ասենք, Սեզանն է, իսկ սա Պիկասոն է: Եվ այդ իմացությամբ հպարտանում եք: Նույնն էլ երաժշտության մեջ է, կարելի է միանգամից հասկանալ, որ սա Բեթհովենն է, իսկ երբ թատրոն եք գալիս, կարող եք ասել` սա Ստուրուան է (ծիծաղում է.- Ն.Հ.)։

«Սայաթ-Նովա»

Շուտով Ռոբերտ Ստուրուան Երեւանի օպերային թատրոնում կբեմադրի Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան: «Կփորձեմ փոքր-ինչ այլ կերպ նայել այդ հիանալի պոետին: Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» չեմ փորձի գերազանցել, քանի որ գեղեցկության ու էսթետիկայի առումով այդ ֆիլմը շեդեւր է: Եվ Փարաջանովի հետ մրցելը անբարոյական եմ համարում: Այդ օպերայի հետ կապված մի քանի նոր մտքեր ունեմ: Նախատեսված էր, որ պետք է բեմադրություն անեի Մոսկվայում, բայց քանի որ պարզվեց, որ Մոսկվա չեմ գնալու, արդեն կարող եմ ավելի շատ ժամանակ տրամադրել «Սայաթ-Նովային» եւ արդեն սկսում եմ աշխատանքները»,- ասաց Ռ.Ստուրուան:

Նախատեսվում էր, որ երեւանյան օպերան կբեմադրվի հաջորդ տարվա գարնանը, սակայն Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ առկա քաղաքական լարվածությունը խախտեց Ռ. Ստուրուայի աշխատանքային գրաֆիկը: Մեր հարցին` թե ինչո՞ւ նա չի ցանկանում բեմադրել Մոսկվայում, վրացի ռեժիսորը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ ես խելագար հայրենասեր ու նացիոնալիստ եմ, բայց ինձ համար հիմա շատգ ծանր է։ Պարզ դարձավ, որ Ռուսաստանում քաղաքացիական հասարակություն չկա: Նրանք կարծես աննկատելիորեն հայտնվեցին նոր տիպի դիկտատորի իշխանության տակ, եւ դա փայլուն կերպով իրականացրեց Ռուսաստանի նախկին նախագահը: Չեմ ուզում շատ տարածվել քաղաքական թեմայով, բայց ես միշտ կարծում էի, որ Ստալինի մահից հետո այդ երկիրը կգնա եվրոպական, դեմոկրատական ճանապարհով, սակայն հանկարծ տեղի ունեցավ շրջադարձ` դեպի հակառակը: Ես շատ եմ սիրում Ռուսաստանը, ռուսական դպրոց եմ ավարտել, դաստիարակվել եմ ռուսական մշակույթի վրա, բայց հիմա իմ մեջ կարծես ինչ-որ բան փոխվել է: Եվ չեմ կարող բացատրել, թե ինչո՞ւ հիմա չեմ ուզում Ռուսաստան մեկնել ու այնտեղ աշխատել»։ Իսկ ապագա «Սայաթ-Նովայի» մասին Ռ.Ստուրուան ասաց. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր օպերա հարկավոր է բեմադրել` երաժշտությունից ելնելով: Ես ինքս ռեժիսորի մասնագիտությունը բնութագրող մի քանի բնորոշում ունեմ, եւ դրանցից մեկը կարելի է «իլյուստրատոր» անվանել: Ամեն դեպքում բեմադրվում է արդեն իսկ եղած ստեղծագործությունը: Օպերայում առաջնահերթն, իհարկե, երաժշտությունն է: Ես չեմ կարող խենթ ու ավանգարդ բաներ անել, քանի որ երաժշտությունն ինքնին դասականին է մոտենում: Սայաթ-Նովայի մեղեդիները` լինելով ազգային, փոխադրված են դասական երաժշտության լեզվով: Այդ մոտեցումը հատուկ է 19-րդ դարին, եւ Չայկովսկին եւ նույնիսկ Բեթհովենը ազգային երգերն ու պարերն այդպես էին տեսնում»:

Ռ.Ստուրուան ավելի քան 10 օպերաներ է բեմադրել, աշխատել է Իտալիայում, Մոսկվայի Մեծ թատրոնում, իսկ Թբիլիսիի թատրոնում ոչ միայն բեմադրել է, այլեւ` օպերաների լիբրետոներ է գրել: Նա պատմեց, որ իր առաջին օպերային բեմադրությունը «Սուրբ Շուշանիկի չարչարանքները» օպերան էր. «Հերոսուհին հայուհի էր, եւ դա մեր ընդհանուր հերոսուհին էր: Ես հիմա կարծում եմ, որ դա իմ լավագույն բեմադրություններից մեկն էր»:

Երեւանում Սայաթ-Նովան կներկայանա՝ որպես մարդ, որպես պոետ եւ որպես մենաստանի կյանքը աշխարհիկ կյանքից ավելի գերադասած ու իրեն Աստծուն նվիրած անձ: «Դրանք «Սայաթ-Նովայի» երեք գլխավոր թեմաներն են»,- ասաց վրացի բեմադրիչը: Ապագա օպերային ներկայացման բեմական ձեւավորման հեղինակը կլինի նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, ով ասաց, որ 30 տարի է, ինչ անհամբերությամբ սպասում է, որ Ռոբերտ Ստուրուան բեմադրություն կանի հայ բեմում։ «Եվ ես երջանիկ եմ, որ այդ օրը եկավ, ու «Սայաթ-Նովան» կբեմադրի մեծ վարպետը»,- ասաց նա։

Թատրոնն ու դեմոկրատիան

«Հիմա մեզ մոտ (կարծում եմ, որ Հայաստանում նույնպես) իշխում է մասս-կուլտուրան: Եվ այդ իրավիճակում թատրոնը դանդաղորեն կորցնում է իր դերը: Պետությունն էլ թատրոնը չի ֆինանսավորում` մտածելով, որ մասս-կուլտուրայի միջոցով կարող է երիտասարդների սրտերը գրավել ու նրանց ձայները գումարել իրենց համակիրների շարքերին: Իշխանությունները հաճախ չեն հասկանում, որ դա ընդամենը ժամանակավոր երեւույթ էգ Ես կարծում եմ, որ ներկայացումները պետք է դեմոկրատական լինեն, այսինքն` հասարակ մարդը պետք է սյուժե դիտի եւ տարվի այդ սյուժեով, ավելի նրբազգաց մարդը պետք է ռեժիսորի գաղափարը հասկանա, իսկ պրոֆեսիոնալը թատերական փոքր նորույթներ նկատի, եթե դրանք կան իհարկե: Կարեւորը, որ բոլորը գոհ լինեն: Կարծում եմ, որ թատրոնը պիտի լինի այնպիսին, ինչպես այն հիմնադրել են հույները: Երբ հույները ներկայացումներ էին անում 40 հազար հանդիսատեսի համար, նրանք հասկանում էին, որ հանդիսատեսը հունական պիեսները չի կարդա, քանի որ այդ պիեսները հաճույքով կարդացվելիք պիեսներ չէին»,- ասաց Ռ.Ստուրուան, ով վրացական թատրոնը էքստրավագանտ թատրոն է համարում: «Երբ վրացի դերասանները բեմ են բարձրանում, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ վաղը նրանք այլեւս չեն լինի, որ վաղը վրա է հասնելու մահը: Ինձ շատ է դուր գալիս խելագարի պես աշխատելու նրանց ունակությունը: Բայց երբեմն ուզում եմ ասել` մի՝

ժվեք, վաղն էլ է կյանք լինելու»:

Թատրոնների վերելքի ու անկման պատճառների մասին նա ասում է. «Թատրոնն ընդհանրապես տարօրինակ բան է: Բոլորն ասում են, որ այն մահացել է: Իմ ծնված օրվանից ես լսում եմ այդ միտքը: Երբ ես դպրոցում էի սովորում, հիանալի ռեժիսոր Միխայիլ Ռոմը մի հոդված գրեց, որտեղ վստահեցնում էր, որ թատրոնը մահացել է: Եվ բոլորը համաձայնեցին այդ մտքի հետ: Հենց որ թատրոն է հայտնվում, բոլորն ասում են, որ այն մահանում է: Դա մի զարմանալի միտք է, որը մի երկրում պարբերաբար ծագում է, իսկ մյուս երկրում` որոշ ժամանակով անհետանում է: Դա ոչ ազգի տեմպերամենտից, ոչ էլ իրավիճակից է կախված: Կարող եմ ասել, որ Վրաստանում, օրինակ, երբեք չեն սիրել Չեխով բեմադրել, իսկ Հայաստանում չեխովյան լավ ներկայացումներ են եղել: Վրացիների համար անտանելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ ժամերով թեյ խմում ու խոսում, խոսում: Տեմպերամենտային վրացիները սարսափում են Չեխովից, իսկ այլ երկրներում սիրում են։ Թատրոնները տարբեր են, բայց դրանք միշտ էլ լինելու են»։ Նա հերքեց այն լուրը, ըստ որի՝ նամակ է գրել ի պաշտպանություն Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի։ «Դա ձեր ներքին հարցերն են։ Կարող եմ ասել միայն, որ ազգային թատրոնները պետք է ժամանակի հետ համահունչ քայլեն»,- ասաց նա։

Եվ վերջում որպես այլաբանական առակ՝ պատմեց Լեոնարդո դա Վինչիի հետ կապված մի պատմություն. «Երբ մի քննադատ մեղադրեց նկարչին, որ նա վատ է նկարում, նկարիչը ասաց. «Իսկ դու ինչպե՞ս կարող ես ինձ քննադատել, եթե ինքդ երբեք վրձին չես վերցրել ու չես նկարել»։ Քննադատն էլ հակադարձեց. «Այո, ես նաեւ երբեք ձու չեմ ածել, բայց ձվի համն ավելի լավ գիտեմ, քան այն հավը, որը այդ ձուն ածել է։ Ես էլ այդ առակին ավելացնում եմ. «Ձուն ու ձվածեղը տարբեր բաներ են»։