Խայտառակ ընտրություններ Քանաքեռ-Զեյթունում

12/09/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կիրակի օրը Երեւանի մի շարք համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ: Քանաքեռ-Զեյթուն համայնքում թաղապետի թեկնածու Մանուել Գասպարյանը համայնքում կայացած ընտրությունները որակեց՝ իբրեւ խայտառակ ընտրություններ: Հիշեցնենք, որ այս համայնքում թաղապետի երեք թեկնածու կար, սակայն հիմնական պայքարն ընթացավ Մ. Գասպարյանի եւ գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանի միջեւ:

Երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Մ. Գասպարյանը հայտարարեց, որ իրենք մեծ ընտրախախտումներ են արձանագրել, ունեն փաստացի տեղեկություններ, ինչպես նաեւ ԶԼՄ-ների նկարահանումներն են այդ մասին վկայում: «Իմ կողմնակիցները ցուցակ են առգրավել, որով գումար էր բաժանվում: 3/21 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հաշվարկը դեռ չսկսված` ոտքով հարվածել ու շուռ է տվել արկղը, քվեաթերթիկները տարածվել են, հետո չի փորձել իր անօրինական արարքները կանխել: Տեղամաս է ներկայացել տարածքային հանձնաժողովի նախագահ Վանուշ Զեյնալյանը: Դուռը բաց են արել, եւ ով պատահի` մտել է ներս: Տարածքայինի նախագահն իմ վստահված անձին հրելով մի կողմ է տարել, հայհոյել: Ականատեսների վկայությամբ` նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել»,- ասաց նա: Մ. Գասպարյանի վստահեցմամբ` իր վավեր քվեաթերթիկները համարվել են անվավեր, իսկ մրցակցի անվավեր քվեաթերթիկները` վավեր: Նա արդեն դիմել է տարածքային հանձնաժողովին` վերահաշվարկի պահանջով: «Ամենաաղմկալի դեպքն այն է, որ 3/01, 3/27 եւ 3/28 տեղամասերում հայտնաբերել են մեծ թվով քվեաթերթիկներ, որոնք իրենց չափերով եւ գույնով չեն համապատասխանել սահմանված նմուշին: Դրանք մեր կարծիքով՝ տպագրված չեն «Տիգրան Մեծ» հրատարակչությունում: Մեր վստահված անձը դիմել է «Տիգրան Մեծ» տպարան, եւ այնտեղից ասել են, որ անհնար է, որ թղթերի գույնի կամ որակի տարբերություն լինի: Չար լեզուներն էլ ասում են, որ դրանք միգուցե տպվել են այն տպարանում, որի սեփականատերն է Արայիկ Քոթանջյանը` «Սամարկ»-ում»,- ասաց նա: Մ. Գասպարյանի հավաստմամբ` նաեւ այլ տիպի ընտրախախտումներ են տեղի ունեցել. ծրարների վրա հանձնաժողովի երեք անդամների ստորագրության փոխարեն՝ եղել է երկուսի ստորագրությունը, իսկ ծրարի վրայի գերբի գույնը տարբերվել է մյուս ծրարներից: «3/10 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության քաղվածքի վավեր քվեաթերթիկների թիվը նշված է 595, իսկ քվեատուփում առկա է սահմանված նմուշի քվեաթերթիկների թիվն` ընդամենը 519: Այսինքն` մոտ 76-ի խախտում է եղել, այսինքն` այնքան, որքան իմ եւ Արայիկ Քոթանջյանի ձայների տարբերությունն է եղել»,- ասաց նա` հավելելով, որ որոշ ընտրատեղամասերում ավագանու թեկնածուներին ներս են թողել հաշվարկի ժամանակ: Ընտրությունների ընթացքում գործել է նաեւ կարուսելի մեխանիզմը: «Բազմաթիվ բողոքներ են եղել վստահված անձանց ու բնակիչների կողմից, որ երկու անգամ են մարդիկ քվեարկել: Բնակիչները եկել, տեսել են, որ իրենց փոխարեն արդեն ստորագրած է: Նրանց էլ համոզել են, որ ուրիշների փոխարեն ստորագրեն, եւ այլն: Կեղծ անձնագրերի հայտնաբերման դեպքեր են գրանցվել: Լրագրողի ձեռքից ֆոտոխցիկ են վերցրել, որը վերադարձնելիս հետո հիշողության քարտը չի եղել: Հանձնաժողովի անդամները քվեարկողներին ուղղորդել են, թե ում ձայն տան: Նկարահանված կադրեր էլ ունենք, որոնք հետագայում կներկայացնենք իրավապահ մարմիններին»,- ասաց նա: Է. Մարգարյանն ընտրախախտումների վերաբերյալ դիմում-բողոք է ներկայացրել Դատախազություն: Եվս մեկ դիմում-բողոք նա ներկայացրել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ: «Երեք օրվա ընթացքում պետք է դիմումը քննարկեն, եթե դրական լուծում չտան, երեւի դատարան կդիմենք: Առավոտյան բազմաթիվ զանգեր են եղել, բնակիչները մտահոգված ու վրդովված էին, նույնիսկ ցանկանում էին պիկետ կազմակերպել: Ես նրանց խնդրեցի նման քայլի չգնալ, որպեսզի ամեն ինչ օրենքի սահմաններում լինի»,- ասաց նա: «Ասում էին, որ մարդկանց ձեռքին քվեաթերթիկներ կան, փող են բաժանում, բայց դրանց լուրջ չէի վերաբերվում, մտածելով, որ չարժե այդքան մեծ գումար բաժանել այդ պաշտոնի համար: Ես այս պահին չեմ կարող իմ ձայներին տեր չկանգնել, ես ներկայացել եմ ժողովրդին, խոստացել եմ, որ նրանց ձայները պետք է պահեմ, եւ իրենք էլ ինձ պետք է աջակից լինեն»,- ասաց նա: