Լեզու եւ քաղաքականություն. Արթուր Բաղդասարյան

12/09/2008 Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կոմունիստական եւ առհասարակ հետկոմունիստական շրջանի այլաբանություն սիրող բոլոր իշխանություններին հատուկ է լեզվական աճպարարությունը:

Ինքնին դա հասկանալի երեւույթ է, քանի որ երբ մի ողջ հասարակարգ ու երկիր վերանում է իր գաղափարախոսությամբ, իրականության պատկերացմամբ, աշխարհագրական սահմաններով, ապրող բնակչությունը հայտնվում է մի վիճակում, որ մոտավորապես նմանվում է օտար լեզու սովորողի վիճակին. սովորում են բառերը (ասենք՝ ժողովրդավարություն, անկախություն, մարդու իրավունքներ, անկախ մամուլ, ընտրություններ եւ այլն), բայց ոչ նրանց իմաստն ու նշանակությունը: Դա լեզվական աղետ է, որ անմիջականորեն վերածվում է իրականության աղետի, քանի որ նոր հանգամանքներում անգամ նրանք ստեղծում են նախկին համակարգի միկրոմոդելը: Կարելի է առանց սխալվելու չնչին հավանականության՝ պնդել, որ այդպիսի լեզուն բոլոր ժամանակներում հաճախ հաջողակ, այդ պատճառով՝ խելքին զոռ չտվող եւ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող մարդկանց լեզուն է, որոնց անելիքից շատ բան է կախված, բայց ասելիքից՝ գրեթե ոչինչ։ Նրանք ավելի են իրականության մեջ, քան լեզվի, եւ լեզվի իմաստը նրանց անհաղորդ է, որովհետեւ նրանք իրականությունից տեղափոխվում են իրականություն ու ոչ թե այն դարձնում լեզվական իրականություն, որտեղ ամեն ինչ իմաստ եւ նշանակություն ունի: Այդպիսի լեզվի անուրանալի մասնագետը Հայաստանում (Խոսրով Հարությունյանին եւ Գագիկ Հարությունյանին չհաշված) Արթուր Բաղդասարյանն է: Փոխարենը մեծ տեղ է գրավում բանավոր խոսքը, հատկապես՝ նրա ինքնաբերական որակը: Այդ պատճառով նրանց եւ՛ հոգեբանության, եւ՛ լեզվի մեջ գերակշիռ է անորոշությունը: Սա օգնում է, որ ամեն ինչի մասին խոսեն՝ նույնիսկ աղոտ պատկերացում չունենալով, թե ինչի մասին են խոսում: Տիպիկ էքստրավերտ, որի համար իրականությունն ավելի ազդեցիկ է, քան իրականության մասին իրական պատկերացումը: Լեզուն իրականության վարքն է, խոսքը՝ իրականությունը վավերագրելու չափը։ Խոսքի այդպիսի անորոշությունը՝ ըստ հոգեվերլուծաբանների, մանկապատանեկան «մեղքի»՝ օնանիզմի հիշողական վերապրուկ է։ Տեսե՞լ եք երկար տարիներ իշխանական աթոռներին շալվար մաշած մեկին, որ կարողանա ուղիղ նայել մարդկանց աչքերին։ Եթե տեսել եք, նրա արձանը կարելի է կանգնեցնել Հանրապետության հրապարակի թափուր մնացած անկյունում։

Առհասարակ քաղաքական տարտյուֆականությունը մեր քաղաքական գործիչների ամենաբնորոշ գիծն է: Արթուրի համար լեզուն որոշակիորեն թերապեւտիկ նշանակություն ունի. չխոսի՝ կպայթի, եթե պատրաստ չէ ավելի վատ բան անելու: Խոսելուց ստացած հաճույքն ակնհայտորեն հակասության մեջ է իրականության նկատմամբ, կամ որ նույնն է՝ համազոր է իրականության մերժմանը: Արթուր Բաղդասարյանի տեսակը կարող է հանուն ճշմարտության մերժել Պլատոնի բարեկամությունը, հանուն ժողովրդավարության ընդունել Քոչարյանի օրինականությունը, եթե… պաշտոն ունի, դիրք ունեցող մարդկանց հետ հանդիպումներին կասկածելի սենսացիա պարունակող ելույթներ ունենալ, նախանձելի փութաջանությամբ հարցազրույցներ տալ, բայց երբեք չի կարող դավաճանել իր էության հետ ոչ մի առնչություն չունեցող լեզվական կառույցին։ Նրա լեզուն կարող է բնորոշել ստեղծագործական տեսակետից ստերջ ժամանակների կաթվածի պատկերը, բայց այդ ժամանակներում ապրած մարդկանց մասին ոչ մի իրական պատկերացում չտալ։ Դա միջանկյալ ժամանակների աղետն է (մերոնք ասում են՝ անցման շրջան), բայց պաշտոնական վերելքի գրավականը։ Եթե ապագա պատմաբանները ոչ մի վկայություն չգտնեն մեր ժամանակաշրջանի մասին, բավական է եգիպտական պապիրուսի մի փերթի կամ շումերական աղյուսների վրա արձանագրված մի փոքրիկ տեքստ Արթուր Բաղդասարյանի ելույթներից, որպեսզի պարզվի, որ աշխարհում Դեմոսթենեսը, Կիկերոնը եւ մնացածներն ընդամենը առասպել են, եղել է միայն Արթուր Բաղդասարյանը:

Գերմանացի նշանավոր փիլիսոփա Կարլ Յասպերսը «Մեծ փիլիսոփաներ» բազմահատոր աշխատության մեջ, ըստ պատմության ընթացքի վրա իրենց ունեցած ազդեցության, նշանավոր մարդկանց դասակարգում է մի քանի խմբի. ա) նրանք, ովքեր մարդկայնության չափանիշ են տվել (Սոկրատես, Բուդդա, Կոնֆուցիոս, Քրիստոս), բ) փիլիսոփայության հիմնադիրներ, որոնք շարունակում են նոր փիլիսոփաներ սերել (Պլատոն, Օգոստինոս, Կանտ), գ) տիեզերական հայեցակարգեր ստեղծողներ (Քսենոֆոն, Էմպեդոկլ, Բրունո), դ) մեծ խառնակիչներ, միաժամանակ՝ վերականգնողներ (Աբելյար, Դեկարտ, Հյում), ե) մեծ արթնացնողներ (Պասկալ, Կիերկեգոր, Նիցշե), զ) մեծ համակարգողներ (Արիստոտել, Թովմա Աքվինացի, Հեգել), է) փիլիսոփա բանաստեղծներ (հույն ողբերգակները, Դանթե, Շեքսպիր, Գյոթե, Դոստոեւսկի), եւ այլն։

Ավաղ, այդպիսին է պատմության գեշ բնույթը. այն արձանագրում է դեմքեր եւ դեպքեր, որոնք էական ազդեցություն են թողել պատմության ընթացքի վրա, եւ ոչ մի խոսք նրանց մասին, ովքեր ցանկանում են ազդեցություն ունենալ… Այդպիսին է նաեւ լեզվի բնույթը. գոյություն ունի գիտություն լեզվի մասին, որ կոչվում է լեզվաբանություն, բայց չկա գիտություն լռության մասին, չնայած խորհրդային տարիներին կուտակված հսկայական նյութին. չէ՞ որ ողջ երկիրը լռում էր, եւ յուրաքանչյուրը լռում էր յուրովի՝ կախված այն բանից, թե ինչի մասին էր լռում։ Հավանաբար, 70-ամյա հարկադիր լռության վրեժն այդքան ծանր էր լինելու, որի համար վճարում ենք մուտանտ պերճախոսությամբ եւ այն լեզվով, որով կազմված են Արթուր Բաղդասարյանի ելույթները …

Արթուր Բաղդասարյանի լեզվական դեմագոգիայի ոչ երկիմաստ ուսուցիչը՝ Վլադիմիր Իլյիչ Լենինը, ուսուցանում էր՝ յուրաքանչյուր խոհարարուհի պետք է կարողանա կառավարել պետությունը։ Այդ նշանակում է, որ պետությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի յուրաքանչյուր խոհարարուհի կարողանա կառավարել այն։ Մյուս կողմից՝ առաջնորդի արտահայտությունը ոչ թե խոհարարուհիների, այլ կատարյալ պետական մոդելի գովք է: Չգիտեմ, մեզ կհաջողվի՞ այդպիսի իդեալական պետություն կառուցել, բայց որ ներկա պետության մեջ այդպիսի խոհարարները մեծ ապագա ունեն, կասկածից վեր է, որովհետեւ նրանցից է կախված ոչ թե ուտելիքի որակը, որ պետություն է կոչվում, այլ ուտողների անսպառ ախորժակը, որ ներշնչում են խոհարարները: