Աստծո ֆենոմենը նրանց համար, ովքեր չեն հավատում Աստծո գոյությանը

12/09/2008 Էդուարդ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Այնքան ժամանակ, որքան աշխարհի երեսին հնչում է Աստծո անունը, շոշափվում է նաեւ այն հարցը, թե իրականում արդյո՞ք գոյություն ունի Աստված։ Աստծո հանդեպ վերաբերմունքը տարբեր է, տարբեր է եւ ցանկությունը Աստված ունենալու եւ չունենալու. անկախ Աստծո գոյության փաստից, ոմանք պարզապես ցանկություն ունե՛ն Աստված ունենալու. կա Մեկը, որ իրենցից եւ ամենքից վեր է եւ լուծում է բոլոր հարցերը. ամեն ինչ նախասահմանված է, եւ իրենք ոչինչ են պատմության ու կյանքի առջեւ. թող լինի այն, ինչ լինելու է։ Սա մի փիլիսոփայություն է, որն իրականում կապ չունի Աստծո հետ, սակայն շատ հարմար է այն հենց Աստծո հետ կապել, Ամենազորի, Ում ոչ ոք չի համարձակվի առարկել կամ կասկածել. կրավորական հայեցակարգով շատ հարմար է Նրան հենվել։

Ոմանք, չճանաչելով ու չհասկանալով Աստծո էությունը, ուղղակի վախենում են Նրանից. պատժվելու վախը նրանց մղում է աղոթքի ու խոստովանությունների. նրանց ներկայությամբ չի կարելի դատողություններ անել Աստծո մասին. դա է՛լ ավելի է սարսափեցնում նրանց։

Ոմանք հետաքրքրվում են Աստծով այնքանով, որքան որեւէ այլ բանով եւ, ըստ տրամադրության, կարող են ընդունել կամ չընդունել Աստծուն, եւ չեն զլանում երբեմն եկեղեցի հաճախել։ Սա քաղքենական մի խավ է, որ ամեն ինչ անցկացնում է իր միջով, այդ թվում եւ՝ Աստծուն, եւ Նրա մասին դատողություններ է անում այնքանով, որքանով դատողություններ է անում հարեւանների մասին։ Աստված, ինչպես եւ այլ բան, նրա համար կարող է պարզապես խոսքուզրույցի առարկա լինել։

Ոմանք պարզապես Աստված ունենալու ցանկությո՛ւն չունեն. սրանք իրենցից վեր որեւէ մեկի չեն պատկերացնում եւ ճանապարհից մաքրում են ամեն բան, ինչ կարող է նպատակին հասնելու խոչընդոտ լինել, իսկ ամենամեծ խոչընդոտը հենց Աստված է, Նա, Ով հիշեցնում է խղճի, բարոյականության եւ այն արժեքների մասին, որ սրանց մոտ արհամարհանք ու ծիծաղ են շարժում։ Սրանց անհավատ համարել չի կարելի, քանի որ նրանք Աստծո կամ որեւէ այլ մեկի հետ կռիվ չունեն, ուղղակի հավատը նրանց չի հետաքրքրում։

Սրանց հակառակ, կան ջերմեռանդ աստվածատյացներ, ովքեր, լիովին չկարողանալով ժխտել Նրա գոյությունը, պայքարում են Նրա տեսակի՝ Աստված-երեւույթի դեմ, հույս ունենալով իրենց պայքարով նսեմացնել Նրա դերն ու զորությունը։

Կան նաեւ անհավատներ, ովքեր ընդունել կամ չընդունելով Աստծո գոյությունը, չեն հավատում Նրա զորությանը. նրանցից շատերը հիասթափված են թե՛ իրենցից, թե՛ կյանքից եւ ապավինում են սոսկ ճակատագրին։

Ոմանք ծառայում են Աստծուն ի պաշտոնե, եւ սրանց մեջ էլ կան անհավատներ, եւ հաճախ ավելի վատ պաշտոնյա են, քան որեւէ այլ պաշտոնյա, եւ հավատի գործը ծառայեցնում են զուտ սեփական շահերին։

Այս բոլորի մեջ կան մարդիկ, ովքեր հաշտ են Աստծո հետ եւ պահպանում են Նրան ողջ կյանքի ընթացքում՝ չվերլուծելով ու չկասկածելով Նրան, չդարձնելով կրոն, քանի որ կրոնն է, որ բաժանում է Աստծուն եւ ներկայացնում բազմադեմ, դրանով իսկ մարդուն դարձնելով կրոնի ճորտը եւ հեռացնելով իրական Աստծուց։

Ոմանց համար հեշտ է ապրել Աստծո հետ, ոմանց համար էլ՝ առանց Նրա։ Երկու դեպքում էլ յուրաքանչյուրն իր պատճառն ունի կամ արդարացումը։ Ի վերջո, Աստված շատ նման է Օրենքի. ոմանք հարգում են այն, ոմանք՝ ոչ, ոմանք դրա կարիքն ունեն, ոմանք՝ ոչ։ Ու եթե քննենք Աստծո գոյությունն ըստ այդմ, հնարավոր է` հանգենք մի եզրակացության, որ նույնպես շրջանառվում է, այն է՝ թե Աստծուն ստեղծել է մարդը։ Այս կարծիքը պաշտպանում են հատկապես նրանք, ում ամենեւին հաճո չէ իրենցից վեր որեւէ գոյություն, որ բացարձակ եւ անվերապահ իշխանություն կարող է ունենալ։ Սա եւս Աստծո գոյության ժխտման ձեւ է, որով, կարծես, այդ գոյությունը ժխտվում է անառարկելիորեն, սակայն շատ պարադոքսալ. մի կողմից՝ ընդունվում է Աստծո գոյությունը, մյուս կողմից՝ Աստված այնքան էլ զորեղ չէ, որքան մարդը, քանի որ այս դեպքում արարողը մարդն է, այսինքն՝ մարդը վեր է Աստծուց։

Ինչպես էլ ընդունենք կամ չընդունենք Աստծուն, կասկածից վեր է, որ Նա գոյություն ունի մեր գիտակցության մեջ, այնպես, ինչպես Օրենքը, որին ենթարկվում կամ չենք ենթարկվում, եւ առանց Օրենքի կամ Աստծո գերիշխանության` ամեն ինչ դառնում է անկառավարելի ու քաոսային, ու եթե Օրենքը կարգավորում է հարաբերությունները հասարակության անդամների միջեւ, ապա Աստված կարգավորում է մարդու ներաշխարհը, եւ ինչպես մարդը, այնպես էլ ցանկացած արարած ծնվում է Աստծո Օրենքով։ Սակայն հենց գիտակցությունն էլ, որ պետք է օգներ մարդուն հասկանալ ու ընդունել այս պարզ ճշմարտությունը, խանգարում է նրան, քանի որ, կրթության տարբեր մակարդակներ անցնելով, հաճախ ինքնահաստատվում է ժխտումով։ Եթե ուշադրություն դարձնենք կենդանական աշխարհին, նրանց վարքը կյանքի ընթացքում փոփոխության չի ենթարկվում, քանի որ չի ենթարկվում վերլուծությունների, եւ նրանք ապրում են բնազդով այնպես, ինչպես ծնվել են, այսինքն՝ Աստծո Օրենքով։ Մարդն է, որ, շեղվելով Օրենքից, վերադարձի դժվարին ճանապարհ է անցնում կամ ընդհանրապես տրվում է մոլորության, իսկ մոլորված մարդու համար Աստված ու Օրենք թշնամի են դառնում կամա-ակամա։

Մարդը ոչ միայն ծնվել է Աստծո Օրենքով ու Նրա հետ, այլեւ ցանկություն է ունեցել Այն տեսնել աչքով, ինչպես սեփական դեմքը հայելու մեջ, եւ, իր միջից հանելով, առարկայացրել ու կորցրել է եւ, փնտրելով իրենից դուրս, խարխափել Նրա որոնումներում։ Եթե ուշադիր նայենք նորածնի դեմքին, կտեսնենք, թե որքան խաղաղ ու անչար է՝ Աստծո կնիքը դեմքին, սակայն, գիտակցության հետ, երբ մարդը սկսում է ինքնադրսեւորվել ու հաստատել իր եսը, փոխվում է դեմքի արտահայտությունը, եւ դժվար է Աստծո հետքը տեսնել այնտեղ, սակայն կրկին պարզորոշ վերադառնում է Այն, երբ մարդը կնքում է մահկանացուն, այսինքն, երբ գիտակցությունը լքում է նրան, ու մարդը կորցնելով եսը՝ վերագտնում է Աստծուն, եւ նրա դեմքը կրկին խաղաղ է ու անչար, այնպես, ինչպես ծնվել ու լույս աշխարհ էր եկել։ Պատահական չէ, որ ժողովուրդն ասում է. «Մեռածի ետեւից կա՛մ ոչինչ չեն ասում, կա՛մ ասում են լավը». մարդը վերագտել է իր Աստծուն, եւ Նա ներել է նրան, մենք ո՛վ ենք, որ չներենք…