Բենզինի գները կնվազեն

12/09/2008

Սեպտեմբերի 9-ից հանրապետության լցակայաններում բենզինի գները 5 տոկոսով (1 լիտրի հաշվարկով` 20 դրամ) կնվազեն: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է «Ֆլեշ» բենզին ներկրող ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը` հավելելով, որ վերջին մեկ ամսում բենզինի գինը նույնքանով նվազել է նաեւ միջազգային շուկայում: Բ. Բեգլարյանի խոսքերով, չնայած այս պահին բենզինի անհրաժեշտ քանակ Հայաստանում չկա, սակայն մեկ շաբաթից Սամտրեդիայից Հայաստան կհասնի բենզինով բեռնավորված 27-28 վագոնանոց գնացքը, իսկ առաջիկա օրերին՝ Փոթիում գտնվող մեր հանրապետության դիզվառելիքը: «Իրան-Հայաստան» ճանապարհին է նաեւ Թուրքմենստանից գնված 1500-2000 տոննա դիզվառելիքը: Բենզինի մեծ խմբաքանակ կա նաեւ Բաթումի նավահանգստում, որը ռազմական դրության պատճառով հնարավոր չի եղել ժամանակին հասցնել Հայաստան: Բ. Բեգլարյանը նշել է նաեւ, որ վրաց-հարավօսական հակամարտությունից հետո, երբ ճանապարհները փակվել էին, հայաստանյան շուկայում ստեղծված դժվարին իրավիճակը մեղմելու նպատակով պետական մեխանիզմների օժանդակությամբ Իրանից ներկրվեց անհրաժեշտ քանակությամբ դիզվառելիք եւ բենզին: Սակայն հայ ու վրացի գործընկերների վաղեմի համագործակցության շնորհիվ կապն արագ վերականգնվեց` վերականգնելով նաեւ դիզվառելիքի եւ բենզինի նորմալ հոսքը: Ըստ Բ. Բեգլարյանի, այսօր բենզինի մեկ լիտրը շուկայում կվաճառվի 390 դրամով: Եթե անկանխատեսելի դեպքեր չլինեն, ապա մեկ շաբաթ հետո դարձյալ 2-5 տոկոսով բենզինի գները կնվազեն: Նշենք, որ օգոստոսին Հայաստանում վաճառվել է 15 հազար տոննա բենզին, որը 7-10 տոկոսով ավելի է նախորդ ամիսներին վաճառվածից: