72-ամյա Անահիտ տատն այտուցված ոտքերի ծանրությունը ձեռնափայտով մեղմելով ու ամեն քայլի հետ տառապած դեմքի արտահայտությունը զսպելով՝ գալիս է խմբագրություն` խնդրելու իր համար «մի ճար անել»: Բայց էդ «ճար անելը» կախված է ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանից ու Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանից: Ու քանի որ Անահիտ տատի նման աղքատ ու անպաշտպան մեծահասակները վերոնշյալ անձանց հետ առերես երկխոսությունը համարում են անհնարին` ծեր կինը հույսը դրել է այն բանի վրա, որ գոնե այս հրապարակումից հետո նրանց մեջ գութ կարթնանա: Ասում է` «Հիշո՞ւմ ես, էն անգամ մեզ թերթի տվեցիր: Մեզ զանգեցին, կանչեցին Վահանի մոտ: Էնքան բարեհամբույր ընդունեց մեզ, ահագին զրուցեցինք: Ես չէի պատկերացնում, որ ինքը տենց համեստ մարդ ա, մեզ ասեց, որ թաղապետարանում արդեն գիտեն ու հանրակացարանում սենյակ կհատկացնեն: Դե՛, դու մեր ուրախությունը պատկերացրու էլի, էդ օրվանից սենց հույսով ապրում ենք, բայց ամիսներ են անցել, ոչ մի նորություն էլ չկա: Իրա մոտ էլ գնում եմ` չեն թողնում մտնեմ»:
Անահիտ Խլոյանը որդու, հարսի, աղջկա եւ հինգ թոռնիկների հետ ապրում է Լեփսիուսի 6-րդ փողոցի 11 շենքի, 5-րդ մեկ սենյականոց բնակարանում, որն աննկարագրելի անհարմարավետ է. այս ինը հոգանոց ընտանիքն ապրում է ծայրահեղ թշվառության մեջ: Բազմիցս դիմել են ԱԺ, ՀՀ կառավարություն, Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարան` խնդրելով հանրակացարանում մի փոքրիկ սենյակ հատկացնել` բազմանդամ ընտանիքն առանձնացնելու նպատակով, սակայն մշտապես այդ նամակները մնացել են անարձագանք: Մեծահասակ այս կինը լաց լինելով ասում է` «Էլ չեմ դիմանում, խելագարվում եմ: Սովը՝ մի կողմից, նեղվածությունից ծագող վիճաբանությունները՝ մյուս կողմից, չգիտեմ գլուխս առնեմ ուր փախնեմ, չեմ դիմանում: Եթե ձեր նյութից հետո մեզ չօգնեն` գնալու եմ Դավիթաշենի մոստի տակ ապրեմ, երեխեքիս զգուշացրել եմ: Բոմժ կդառնամ, փողոցներում կքնեմ, գոնե հանգիստ կլինեմ: Ախր, ես մեծ կին եմ, չեմ դիմանում էս ծանր ապրումներին: Ասում են` Դավիթաշենի մոստի տակ քնող բոմժերին բռնում, միանգամից տանում են անատոմիկ: Թող ինձ էլ տանեն, տենց ավելի լավ կլինի, քան թե իմ ապրելը»: Անահիտ տատը բազմաթիվ հիվանդություններ ունի, սակայն չի գնում բժշկի, քանի որ գրպանը դատարկ է: Թունավոր զոբից պարանոցն ամբողջությամբ ուռած, կախված է, ու հաճախակի շնչահեղձ է լինում, ուշաթափվում է: Ոտքերի թրոմբի պատճառով էլ օրերով, շաբաթներով գամվում է անկողնուն: «Իմ ապրելն ո՞ւմ ա պետք: Ախր չեմ ապրում, է, սա ապրե՞լ ա»,- անընդհատ կրկնում է նա` կրկին անգամ մեր պաշտոնյաներին կոչ անելով` փրկել իր ընտանիքը: Անահիտ տատը ստանում է 12.000 դրամ կենսաթոշակ, իսկ ընտանեկան նպաստից վերջերս զրկվել են: Տան միակ աշխատողը որդին է, ով բանվորություն անելով կարողանում է ապահովել ամենօրյա հացը: Ասում է, որ «Փարոսից» իրենց զրկել են այն պատճառաբանությամբ, որ որդին աշխատում է. «Ախր մի հոգու բանվորությունով ո՞նց կարա ինը հոգի ապրի: Դա ի՞նչ օրենք ա: Լրիվ առանձին ընտանիքներ ենք, աղջիկս դժբախտացել ու երեխեքի հետ մեր հետ ա մնում: Ո՞նց ապրենք, տղաս՝ երկու երեխայով, աղջիկս էլ` երեք: Սովամահ ենք լինում: Էդ նեղվածությունից ամբողջ օրը կռիվ-դավի ա տանը: Երեխեքն էլ են մեղք»: Հինգ դպրոցահասակ երեխաների ծախսերը նման ընտանիքների համար շատ ծանր բեռ է: Դպրոցականների գրքերի, հավաքարարի, հազարումի մանրուքի համար ստիպված են լինում պարտքեր անել, հակառակ դեպքում` երեխաները կաշկանդվում են դպրոց գնալ: «Անիս ութերորդ դասարան ա, էնքան փող են հավաքում, որ մարդու գլուխը ֆռում ա` ֆոնդի, գրքերի, հավաքարարի ու, եթե չտանք` երեխեն պիտի դպրոց չգնա: Էն խեղճ աղջիկս գժվում ա, չգիտի` գլուխը ո՞ր պատին տա»,- ասում է ծեր կինն ու կրկին հիշեցնում, որ ամիսներ առաջ Վահան Հովհաննիսյանն իր մեջ ապրելու հույս է արթնացրել, իսկ հիմա այն նույնպես վերածվում է հուսահատության: Ասում է` «Ինքը հոյակապ մարդ ա: Մենակ էն, որ մեր նման աղքատ մարդուն նա ընդունեց` դա խոսում ա իրա լավ մարդ լինելու մասին: Ինքը խոստացավ, որ հանրակացարանի սենյակով կօգնի, ասեց` գնացե՛ք, ձեզ կկանչեն: Հետո ամիսներ անց մի մարդ զանգեց, ոչ ներկայացավ, ոչ էլ, ասեց` Վ. Հովհաննիսյանն ա հանձնարարել, հասցե ճշտեց, տվյալներ վերցրեց: Ասեց` մենք ձեր թաղապետի հետ խոսացել ենք, ու ինքը խոստացել ա, որ ձեզ կօգնի… Գնացինք թաղապետարան, բայց ոչ մի բան: Հետո էդ մարդը կորավ ու կորավ»: Անահիտ տատը ենթադրում է, որ Վ. Հովհաննիսյանն ինչ-որ մեկին հանձնարարել է իրենց գործով զբաղվել, սակայն նրա ենթակաները թերացել են: Խնդրում է մեր թերթի միջոցով Վ. Հովհաննիսյանին հիշեցնել, որ նա խոստացել է իր ընտանիքին «փրկել», ու վերջիններս մեծ հույսով սպասում են նրա արձագանքին: