Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ ողջունում են Աբդուլլահ Գյուլի Երեւան այցը: Գյուլի քայլը քննադատել են միայն ընդդիմադիր կուսակցությունները, որոնց կարծիքով` նրա այցը բացասականորեն կանդրադառնա Թուրքիայի իմիջի վրա: Թուրքիայում հայտնի քաղաքագետ Սամսոն Օզարարատի խոսքով` Ա. Գյուլի Երեւան այցը կդառնա «մեծ քայլ, եթե նույնիսկ նախագահները միայն նստեն եւ դիտեն հանդիպումը»: Իսկ «Հյուրիեթը», որը ներկայացնում է թուրքական գործարար խավի հետաքրքրությունները, առաջին էջում տպել է Թուրքիայի գործարարների միության կողմից Գյուլին հղած կոչը, որում ասված է. «Անհրաժեշտ է անպայման իրականացնել այդ այցելությունը»: «STAR»-ի գլխավոր խմբագիր Մուստաֆա Կարիօղլուն էլ գրել է, որ Գյուլի այցը «բարիդրացիականություն եւ նույնիսկ մի փոքր ուշացած որոշում է»: «Թուրքիային անհրաժեշտ է ազատվել իր թե՛ ներքին եւ թե՛ արտաքին տաբուներից»,- ընդգծել է նա: «Turkish Daily News»-ի վելուծաբանն էլ նշել է, թե Հայաստանը Թուրքիայի առջեւ որեւէ նախապայման չի դնում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, անգամ` Ցեղասպանության ճանաչման հարցը. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անգամ խոսում է այն մասին, որ հայ-թուրքական սահմանի բացումը ՀՀ-ին կմոտեցներ Եվրոպայի հետ: Ես չեմ կարծում, որ Ա. Գյուլը կայցելի ցեղասպանության համալիր, սակայն նա եթե դա աներ, հայ-թուրքական հարաբերություններում կբացվեր մի նոր պատմություն»: