Այսօր լրանում է Հարկային պետական ծառայության Օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության 2 տարին: Թեպետ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրավապահ մարմիններին կարգադրել էր շտապ բացահայտել գործը, սակայն մինչեւ հիմա չի պարզվել, թե ովքեր են Հովասափյանի իրական սպանողներն ու սպանության պատվիրատուները: Հիշեցնենք, որ որպես սպանության պատվիրատու՝ այն ժամանակ ձերբակալեցին նույն վարչության 7-րդ բաժնի պետ, «Սեմուր ընդ Կո» ընկերության սեփականատեր Արմեն Վիրաբյանին ու նրա եղբորը: Սակայն, չկարողանալով մեղադրանքը հաստատել` ամիսներ հետո նրանց ազատ արձակեցին: Իսկ 10 օր առաջ՝ օգոստոսի 25-ին, լրացավ մեկ այլ աղմկոտ գործի` Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության 1 տարին: Ա.Ղազարյանին նույնպես սպանել էին իր տան մոտ, բայց արդեն երեկոյան գործից վերադառնալիս: Ա.Ղազարյանը ՀՀ գլխավոր դատախազի դասընկերն էր, եւ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, թե ամեն ինչ կանի սպանությունը բացահայտելու համար: Գլխավոր դատախազությունից մեզ տեղեկացրեցին, որ Ա.Ղազարյանի գործով նույնպես բացահայտումներ չկան: