Կարդացի «168 Ժամի» 19.05.05-ին լույս տեսած «Հնդկական ռազմագերիներ» Սոթքում» հոդվածը։
Միանգամից ասեմ, որ վերնագիրը շատ մեղմ էր, քանի որ ես շատ մոտիկից եմ
ճանաչում բանվորներին, տեսել եմ վերջիններիս տաժանակիր աշխատանքը եւ նրանց
հանդեպ տիրող անբարյացակամ, անշնորհակալ վերաբերմունքը վերադաս հնդիկների
կողմից։ Կուզեի որոշ պարզաբանումներ անել Սոթքում տիրող վիճակի մասին եւ
լուսաբանել որոշ «մութ էջեր»։
07.03.2004-07.05.2005թթ. աշխատել եմ Սոթքի ոսկու հանքում՝ որպես պահնորդ։
Շփվել եմ այդ հրաշալի բանվորների հետ, ծանոթ եմ նրանց չգնահատված, չարքաշ
աշխատանքին։ Հանքերում աշխատող բանվորները իրենց ավանդն են ներդրել
հանքին։ Հանքում եղել են դեպքեր, որ անվտանգության ապահովության
բացակայության պատճառով մարդիկ են մահացել, չնայած՝ պատշաճ ուշադրության
դեպքում կարող էին եւ փրկվել։
Դոլար կոչվածի արժեզրկման արդյունքում (580-430դ.=1$) տուժեց բանվորը,
հնդիկը շահեց եւ ոչ մի փոխհատուցում բանվորին։ Իսկ եթե այդ նույն բանվորը
համարձակվեր մի «ճրագացու» դիզվառելիք տանել տուն՝ կզրկվեր աշխատանքից,
արդյունքում՝ ընտանիքը՝ կերակրող միակ ձեռքից…
Հնդիկը առանց երկմտանքի ազատել եւ ազատում է հայ բանվորին, իր արածը
ստորություն չի համարում, սակայն բանվորի հալալ քրտինքը գռփում է…
Երեւի կհիշեք, հեռուստատեսությամբ էլ ցուցադրեցին, թե ինչպես հնդիկը
փայլուն մետաղի տեսքով «ձախ» եկամուտներ ուներ պահած Արարատի Սոթքում…
Փողը կերան՝ գործը ջրեցին…
Հիմա բանվորից անցնենք մեզ՝ պահնորդներիս։ Ամեն ինչ արվել ու արվում է, որ
ի շահ հնդիկի պահնորդ-բանվոր հարաբերություններում տիրեր անվստահության
մթնոլորտ, փոխադարձ հակակրանք, անգամ՝ թշնամանք։ Եղել են դեպքեր, երբ
բանվոր-պահնորդ առճակատումը հասել է ծեծկռտուքի՝ հուրախություն հնդիկի։
Ամոթ չէ՞…
Ս/թ ապրիլի 9-ին մեզ հայտնեցին, որ կոմբինատի կտուրից կորել է ալեհավաքի
գլխիկը, որը համակարգչի համացանց (ինտերնետ) կապն էր ապահովում։ Ըստ մեր
վերադասի հայտարարության, այդ չարաբաստիկ գլխիկի գինը 1500$ է։ Դեպքից
հետո մեզ բազմիցս հիշեցնում էին, որ այդ գումարը պետք է մեզանից գանձվի։
Անձամբ ես ընդվզել եմ, հրաժարվել, սակայն ապրիլ ամսվա աշխատավարձից, այդ
շաբաթվա պահնորդներից գանձվեց գումարը՝ 11.000-ական դրամ արժողությամբ,
մյուս 11.000-ական դրամն էլ կպահվի մայիս ամսվա աշխատավարձից (ընդանուր՝
22.000 = 50$)՝ հօգուտ հնդիկի։ Զավեշտականն այն է, որ Երեւանում նստած մեր
տնօրինությունից էլ են գանձել վերոհիշյալ գումարը (ըստ վերջիններիս
հայտարարության)։ Տնօրենին ուղղված հարց-բողոքս արդյունք չտվեց, փոխարենը՝
պատասխանը եղավ սա. «Ես էլ չեմ իմացել ալեհավաքի մասին, բայց մեզանից էլ
են գանձել գումարը, հո ընկերությունը պարտավոր չէ՞ իր գրպանից գումար
տրամադրի ձեր փոխարեն»։
Իսկ եթե ալեհավաքի փոխարեն պահված լինեին արկղերով ձուլածո ոսկիներ, ի՞նչ
էինք անելու, ո՞նց էինք տակից դուրս գալու։ Ես, ի նշան բողոքի,
14.05.05-ին դուրս չեկա աշխատանքի, այսինքն՝ չգնացի գրասենյակ ու չմեկնեցի
Սոթք։ Զգուշությունը լավ բան է, գուցե՞ վաղը-մյուս օրը ավելի թանկանոց
ապրանք բարդեն մեզ վրա… Չի բացառվում…
Հարգանքներով՝ ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ