Հայ Ազգային կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «ՀԱԿ-ը, հիմնվելով համաժողովրդական աջակցության վրա, իր պայքարի նպատակն է դարձրել ՀՀ-ում ժողովրդավարական ազատությունների եւ սահամանադրական կարգի վերականգնումը»: Նաեւ նշել են, թե իշխանությունները չեն կատարում հավաքների ազատության, մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության անկախ եւ վստահելի մարմնի ստեղծման, ինչպես նաեւ՝ էլեկտրոնային լրատվաջոցներով խոսքի ազատության ապահովման իրենց պարտավորությունները: Իսկ քաղբանտարկյալների հարցը, ինչպես ասված է հայտարարության մեջ՝ շարունակում է մնալ ներքաղաքական ճգնաժամի կարգավորման ամենամեծ խոչընդոտը: «ՀՀ-ում այսօր շարունակում են բանտերում մնալ 75 քաղբանտարկյալ, որոնց կարելի է բաժանել 6 խմբի: Առաջին խումբը` 7 հոգի, որոնց գործերը մինչեւ հիմա, մարտի 1-ից ավելի քան 6 ամիս անց, դեռ չեն մտել դատարան, ինչը հակասում է ԵԽ 1620 բանաձեւի 4.7.1 կետին: 2-րդ խումբը` 8 հոգի, որոնք պայքարել են ընտրական գործընթացի օրինականության համար, բայց շինծու մեղադրանքներով հենց իրենք են դատապարտվել ընտրական գործընթացը խոչընդոտելու եւ նմանատիպ այլ «հանցակազմի» համար: 3-րդ խմբում են այն 15 ակտիվիստները, որոնք թեեւ ձերբակալվել են հետընտրական զարգացումների պատճառով, սակայն դատապարտվել են դրանց հետ կապ չունեցող կեղծ մեղադրանքներով, ինչպիսիք ենգ ապօրինի զենք պահելը, հարկերից խուսափելը, պաշտոնական դիրքի չարաշահումը եւ այլն: 4-րդ խումբը կազմում են 38 քաղբանտարկյալներ, որոնք դատապարտվել են բացառապես ոստիկանական ցուցմունքների հիման վրա, ինչը հակասում է ԵԽ 1620 բանաձեւի 4.7.3 կետին: 5-րդ խումբը 4 ցուցարարներ են, որոնց դեմ մեղադրանքները, բացի ոստիկանական ցուցմունքներից, հենված են նաեւ բռնության, շանտաժի եւ այլ ապօրինի միջոցներով ձեռքբերված այլ «ապացույցների» վրա: Եվ, վերջապես, 6-րդ խումբը` 3 հոգի, որոնց քաղբանտարկյալի կարգավիճակը կապված չէ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների գործընթացի հետ: Կոպտորեն ոտնահարվում են քաղբանտարկյալների իրավունքները: Նրանցից 13 հոգի նվազագույն անհրաժեշտ բժշկական օգնությունից զրկված լինելու պատճառով ծանր առողջական խնդիրներ ունեն, իսկ ոմանց կյանքին արդեն նաեւ վտանգ է սպառնում: Չնայած փաստաբանների անընդհատ միջնորդություններին, իշխանությունները որեւէ միջոց չեն ձեռնարկում բժշկական օնություն տրամադրելու, նրանց տառապանքները մեղմելու համար: Դրանով իշխանությունները խախտում են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն արգելում է բանտարկյալներին ենթարկել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Քաղբանտարկյալներ, խոշտանգումներ, հավաքների եւ խոսքի ազատության սահմանափակումներ, չընտրված եւ կեղեքիչ կառավարություն, նվաստացուցիչ ներկա, անհեռանկար ապագա` այս ամենը երեւույթներ են, որոնք հայ ժողովուրդը չի հանդուրժի երբեք: Սեպտեմբերի 12-ին մենք դա ցույց կտանք բռնապետությանը եւ ապօրինությանը հակադրված մեր հավաքական կամքով»: