Ի՞նչ են ուզում Էջմիածնի հանրակացարանի բնակիչները

06/09/2008

ՀՀ կառավարությունը 2007 թ. մայիսի 24-ի թիվ 616-Ա որոշմամբ Էջմիածնի Աթաբեկյան 1 հասցեում գտնվող Էջմիածնի պետական քոլեջին ամրացված հանրակացարանի մասնաշենքը, որը 1988 թվականից բնակեցված է անօթեւան ընտանիքներով, նվիրաբերել է քաղաքային համայնքին:

Որոշման մեջ գրված է. «…2295,3 քմ ընդհանուր եւ 1308 քմ օգտակար մակերես եւ դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել Էջմիածնի «Պետական քոլեջ» ՊՈԱԿ-ից (պետական ոչ առեւտրային կազմակերպություն) եւ նվիրաբերել Էջմիածնի քաղաքային համայնքին` համայնքի միջոցների հաշվին հանրակացարանային մասնաշենքն ամրացնելու, վերանորոգելու եւ հանրակացարանում բնակվող քաղաքացիներին որպես բնակարանի տարածք` անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու պայմանով»: Մայիսի 24-ին ընդունված որոշումը վավերացվել է հունիսի 5-ին, ուժի մեջ մտել` հունիսի 6-ին: Կառավարության դարակներում մեկ տարի մնալուց հետո միայն` 2008 թ. հունիսի 3-ին, որոշումն ուղարկվում է Արմավիրի մարզպետարան եւ Էջմիածնի քաղաքապետարան` դրա պահանջներն ի կատար ածելու հորդորով:

Հանրակացարանում բնակվող 34 անօթեւան ընտանիքները երկար են պայքարել սեփական տանիք ունենալու համար: Բայց հիմա, երբ հարցը լուծվում է հօգուտ իրենց, անհամաձայնություն ունեն տեղական իշխանությունների հետ: Նրանք բողոքում են որոշման ժամկետների խախտման համար` ոչ մի կերպ չընդունելով, որ նախորդ տարվա որոշումն այս տարվա հունիսին է միայն տեղ հասել տեղական իշխանություններին: Համայնքի ղեկավարության նկատմամբ անվստահությունն այնքան խորն է, որ դեռ հաշվառումն ու չափագրումները, սենյակների բաժանումը վերջնական տեսքի չբերած` բնակարանների սեփականության վկայական են պահանջում:

Աղավնի Ղազարյանը, ով իր 21-ամյա տղայի հետ ապրում է մեկ սենյակում, հիմա երկուսն է ուզում: Դրա համար նախապես է պայքարում, որպեսզի ուրիշներին «չխցկեն հանրակացարան ու իր բնակմակերեսի հաշվին տան տեր չդարձնեն»: Այդ մտահոգության համար պատճառներ ունի. «Էդ 59 ընտանիքը որտեղի՞ց բերեցին-մտցրեցին ցուցակի մեջ, եթե փաստացի ապրողներս 34-ն ենք: Ո՞ւմ հաշվին են ուզում լավություն անել: Եթե կարծում են, թե ինձ ու տղայիս մեկ սենյակ կտան ու կբավարարվեն, սխալվում են: Վաղը-մյուս օրը ամուսնացնելու եմ. բերեմ կողքս քնացնե՞մ…»,- բողոքում է Ա.Ղազարյանը:

Իր 30-ամյա աղջկա հետ ապրող Անժելա Կնյազյանը եւս հարցը կոնկրետ է դնում. «Ինձ ու աղջկաս 18 քմ է հասնում, չեն կարող չտալ…»:

«Ցուցակները նախնական են, դրանք կազմվել են հանրակացարանում փաստացի բնակվողների փաստաթղթերի, ինչպես նաեւ անձնագրային բաժնից ստացած տվյալների հիման վրա: Հարցում ենք արել նաեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` բացահայտելու նրանց, ովքեր այլ հասցեներում սեփականություն ունեն: Եթե այդպիսիք լինեն, կհանենք ցուցակից: Բացի այդ, կառավարության որոշման մեջ նշված է, որ բնակարան պետք է տրվի անօթեւան այն ընտանիքներին, որոնք փաստացի բնակվում են հանրակացարանում: Այսինքն` լինելու է հենց այդպես, անկախ այն բանից` հաշվառվա՞ծ են այդ հասցեում, թե՞ ոչ»,- ասաց նորաստեղծ Բնակարանների բաշխման հանձնաժողովի անդամ, Արմավիրի մարզպետարանի իրավաբանական վարչության պետ Յուրա Մանվելյանը:

Հանրակացարանի մասնաշենքը 3-րդ կարգի վթարային է: Այսինքն` նախ պետք է ամրացվի, վերափոխվի ներքին կառուցվածքը, հետո միայն միջնորմներով բաժանվի ու նորոգվի: Նախահաշիվն արդեն կազմված է. այդ աշխատանքների համար ծախսվելու է համայնքի բյուջեի 70 տոկոսը` 257 մլն դրամ: Ըստ նախագծի` մեկ ընդհանուր խոհանոցի, լոգասենյակի, սանհանգույցի փոխարեն, ինչպես հիմա է, յուրաքանչյուր ընտանիք կունենա իր անհատականը: Բայց այս փաստն էլ չի ուրախացնում բնակիչներին. ի հավաստումն նրա, որ իրենք տան տերն են, ամենից առաջ սեփականության վկայական են ուզում:

Հանձնաժողովի հերթական` հունիսի 18-ի նիստը բավական աղմկոտ էր. տարաձայնությունը հանձնաժողովի մասնագետի եւ հանրակացարանի բնակիչների միջեւ էր: Վերջիններիս ներկայացուցիչներից Դուխիկ Մովսիսյանը սպառնաց բնակիչներին ուղղորդել կառավարություն, եթե վկայականները չտան: «Մինչեւ բնակարանները միջնորմներով չկտրենք, չկառուցենք, վկայական տալ չենք կարող. դա օդի մեջ բան կլինի: Բայց մենք պատրաստ ենք օրդեր կամ հավաստագիր տալ յուրաքանչյուր ընտանիքի` իբրեւ երաշխիք այն բանի, որ տունն իրենցն է»,- ասաց Բնակարանների բաշխման հանձնաժողովի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Գագիկ Ավագյանը:

Այնպիսի տպավորություն էր, ասես հանրակացարանի բնակիչներին չէր էլ հետաքրքրում փոխզիջման որեւէ տարբերակ: Նրանց համառությունն այնքան արհեստական էր, որ կասկածի տեղիք էր տալիս, թե հանձնաժողովին «նեղը գցելը» հատուկ դիտավորություն ունի (հիշեցնենք, որ առաջիկայում Էջմիածնում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, իսկ քաղաքի գործող իշխանությունները վերեւների մոտ այլեւս սպառել են վստահության պաշարը):

Անգամ կադաստրի Էջմիածնի տարածքային ստորաբաժանման պետ Շիրազ Հարությունյանի հանգամանալի բացատրություններն արդյունք չտվեցին: Չհավատալով հանձնաժողովի անդամներից եւ ոչ մեկին` հանրակացարանի բնակիչների ներկայացուցիչ Դուխիկ Մովսիսյանը բջջայինով մի քանի անգամ փորձեց խոսել ՀՀ Նախագահի աշխատակազմի ինչ-որ ներկայացուցչի հետ, ով, ըստ նրա, իրենց հուշել է գործը սկսել վկայականներ ձեռք բերելով: Անհայտ աշխատակցին ուղղված զանգերը մնացին անպատասխան:

Կառավարության որոշումը հանրակացարանի իրական բնակիչների համար չէ

Աթաբեկյան 101 հասցեի հանրակացարանը, որը 1988 թվականից վերաբնակեցվել էր Ադրբեջանից բռնագաղթածներով, ըստ կառավարության որոշման տրամաբանության, պետք է հատկացվեր նրա բնակիչներին: Բռնագաղթած 9 ընտանիքներից բացի, Աթաբեկյան 101 հասցեում արդեն 20 տարի սեփական ծածկ ունենալու բաղձալի օրվան սպասում են տեղաբնակ այլ ընտանիքներ էլ: Կառավարության որոշման մասին լուրն ուրախացրեց նրանց, տուն ունենալու հույսեր արթնացրեց, բայց երբ շենքում հայտնվեցին նոր հարեւաններն ու անմիջապես մեծածավալ շինարարություն ձեռնարկեցին, տեղաբնակները հասկացան, որ հանրակացարանում իրենց օրերը հաշված են, թեեւ բնակվելու օրվանից գրանցված են այդ հասցեում: Հանրակացարանից «դուրս հրավիրվելու» մտավախությունն իրեն երկար սպասեցնել չտվեց: Ներսիսյան վարժարանի տնօրեն Սեդա Ենգիբարյանը, որի ընտանիքը նույնպես այդ շենքում է բնակվում, զբաղեցրած սենյակներն ազատելու պահանջով սկսեց անհանգստացնել բնակիչներին: Նշենք, որ Ներսիսյան վարժարանն ու հանրակացարանը նույն վարչական տարածքում են գտնվում, եւ հանրակացարանի նկատմամբ հսկողությունը եւս վարժարանի ղեկավարությունն է իրականացնում: Տնօրենի` սենյակներն ազատելու պահանջին բնակիչները թեեւ հրաժարվեցին ենթարկվել, բայց համոզված չեն, որ համառելով կարող են հարցը հօգուտ իրենց լուծել:

Հանրակացարանում հայտնված նորեկների հագ ու կապից, ավտոմեքենաների մոդելներից հնաբնակները հասկացել են, որ իրենց տեղը նեղանում է: Ովքե՞ր են այդ մարդիկ, ում հանրակացարանից տարածքներ են տրամադրվել: Ի՞նչ կարգավիճակում են, որ շուտափույթ տնավորել էր պետք, երբ հնաբնակների հարցը դեռ օդից կախ է…

Քանի որ Ներսիսյան վարժարանը ԿԳ նախարարության հաշվեկշռում է, փորձեցինք նախարարությունից ստանալ հուզող հարցերի պատասխանները: Բայց պարզվեց, որ վարժարանը նախարարության հետ առնչվում է միայն մեթոդական հարցերով. «Միայն ծրագրեր ենք իրականացնում եւ զբաղվում դասագրքերով: Իսկ ինչ վերաբերում է հանրակացարանին, դրանով զբաղվում է Արմավիրի մարզպետարանը»,- ասաց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նուրիջան Մանուկյանը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ի պատասխան հանրակացարանի հնաբնակների մտահոգության, թե նոր հարեւաններն անտուն ու անապահով չեն եւ սենյակները վերանորոգելուց ու սեփականացնելուց հետո վաճառելու են, ասաց. «Նրանցից ոչ մեկն էլ ապահովված չէ: Բոլորն էլ մանկավարժներ են: Մեզ են դիմել, ուսումնասիրել ենք, տեսել, որ տուն չունեն, հատկացրել ենք, մինչեւ բնակարան կունենան»: «Անօթեւան» մանկավարժներին հանրակացարանում «ժամանակավոր» բնակության թույլտվությունը տվել է մարզպետարանում ստեղծված «Կրթական վարչության» (ձեւակերպումը` մարզպետ Ա. Ղահրամանյանի) հանձնաժողովը:

Կողմերի, տվյալ դեպքում` հանձնաժողովի եւ բնակչի միջեւ որեւէ փաստաթուղթ, մասնավորապես՝ պայմանագիր, չի ստորագրվել: Թե ժամանակավոր ասվածը քանի՞ տարի է` որեւէ տեղ չի ամրագրվել: Եվ հետո` դժվար է պատկերացնել ժամանակավոր կացարանն ահռելի միջոցներով հիմնանորոգող «կարիքավոր» մանկավարժի: Բայց, որ նորաբնակների թվում մանկավարժներ կան, փաստ է: Օրինակ` 2-րդ հարկում խղճուկ մի սենյակ է հատկացվել Ներսիսյան վարժարանի ուսուցչուհիներից մեկին: Մի քանի սենյակ էլ` Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենին:

Այլ ոլորտներ ներկայացնող «անապահով» նորաբնակներ նույնպես կան: Առաջին հարկի մի հատվածը բաժանվել է իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: «Փարոս» համակարգի աշխատակցուհիներից մեկին էլ է սենյակ բաժին հասել: Հանրակացարանի հին ու նոր բնակիչների միջեւ առաջին բախումն արդեն տեղի է ունեցել: Վալյա Ղուկասյանը պատմեց, որ վերեւի հարկի իր նոր հարեւանը, ով սենյակները կառուցվածքային փոփոխության է ենթարկում, հարմար է գտել կոյուղագծի ուղղությունը փոխել եւ այն անցկացնել իր տան միջով: «Բա թույլ տամ, որ կոյուղու խողովակը տանս միջով տանե՞ն: Ոնց ուզում` անում են»,- ասաց տիկին Վալյան: «Ինչ արվում է, բնակիչների համար է արվում: Բոլորն էլ հավասարապես օգտվելու են դրանից»,- հակադարձեց Աշոտ Ղահրամանյանը:

Հայկուշ ԱՍԼԱՆՅԱՆ
www.hetq.am