Նորածինը վաճառվեց, բժիշկը մնաց անպատիժ

06/09/2008

Անցյալ տարվա փետրվարի վերջին հայկական հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներն անընդհատ անդրադառնում էին Գլխավոր դատախազության բացահայտմանը. մայրը վաճառել էր իր նորածին տղային, իսկ «գնորդը» երեխայի ծնունդն ընդունող բժիշկ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանն էր: «Առքուվաճառքին» մասնակցել էին նաեւ այլ անձինք: Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ո՛չ հանցագործության միջնորդների, ո՛չ էլ գլխավոր մասնակցի` «գնորդ»-բժշկի նկատմամբ կալանքի սանկցիա չկիրառեց: Թերթերը գրեցին, թե վերջինս վայելում է որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես ԱԺ 2003-2007 թթ. գումարման պատգամավոր Սամվել Սահակյանի եւ Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի հովանավորությունը: Որոշ լրատվամիջոցներ էլ, հղում անելով իրենց աղբյուրներին, նշեցին, թե Դատախազությունն անպայման բողոքարկելու է բժշկին ազատության մեջ թողնելու որոշումը: Իրականում, սակայն, Գլխավոր դատախազությունն արդարադատությանը հետամուտ լինելու տրամադրվածություն չուներ: Ի սկզբանե Քննչական վարչությունը Մ. Ենգիբարյանի արարքը որակելիս դիմել էր «խորամանկության», ինչն էլ բուն պատճառներից մեկն էր, որ բժիշկն այդպես էլ չազատազրկվեց: 2006թ. նոյեմբերի վերջին Գյումրու երկաթգծի կայարանի շուկայում Անահիտ Պետրոսյանը ծանոթացել է բանջարեղենի առեւտրով զբաղվող Գյուլնարա Մանվելյանի հետ: Հետաքրքրասիրության արդյունքում նա տեղեկացել է, որ 27-ամյա Գյուլնարան հղիացել է արտաամուսնական կապից, ունի դժվարություններ, այդ թվում` ֆինանսական, եւ որոշել է ծննդաբերելուց հետո երեխային հանձնել մանկատուն: Ա. Պետրոսյանը խոստացել է Երեւանում բնակվող իր ծանոթ Եկատերինա Առուստամյանի միջոցով օգնել հղի կնոջը, իսկ երեխային մանկատուն հանձնելու դեպքում` տրամադրել որոշակի գումար: Օրեր անց` դեկտեմբերի 4-ին, հիշյալ կանանց հետ Գ. Մանվելյանն այցելել է «Մասիսի բժշկական կենտրոն»: Ե. Առուստամյանի վաղեմի ծանոթ, հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պատասխանատու բժիշկ Մհեր Ենգիբարյանը խոսակցության ժամանակ իմանալով, որ Գյուլնարան Վրաստանի քաղաքացի է եւ կորցրել է անձնագիրը, առաջարկել է նրան ծննդատուն ընդունել մեկ այլ անձի անվան տակ: Նա միաժամանակ նշել է, թե կվճարի միայն այն դեպքում, երբ ծննդաբերությունից հետո համոզվի, որ երեխան առողջ է:

Նույն օրը Գ. Մանվելյանը հիվանդանոց է ընդունվել իբրեւ Հայկանուշ Պետրոսյան (Անահիտ Պետրոսյանի դուստրն է.- Ա. Դ.) եւ «կեսարյան հատման» եղանակով ծննդաբերել: Նա երեխային թողել է բժշկական կենտրոնում ու դուրս գրվել, իսկ դեկտեմբերի

18-ին բժշկի հանձնարարությամբ Հ. Պետրոսյանի անվամբ, որպես երեխայի մայր, հիվանդանոցում կազմվել է ծննդի մասին համապատասխան տեղեկանք, ինչի հիման վրա էլ Մասիսի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում արձանագրվել է երեխայի ծնունդը եւ տրվել ծննդական: Այնուհետեւ բժիշկ Մ. Ենգիբարյանի թելադրանքով Հ. Պետրոսյանը գրել է երեխայից հրաժարվելու եւ նույն բժշկի՝ Մ. Ենգիբարյանի, հիմնադրած «Էլեն» բարեգործական հիմնադրամի մանկատանը տեղավորելու դիմում: Նորածնի համար բժիշկը վճարել է 2000 ԱՄՆ դոլար, որից 1400-ը բաժին է ընկել երեխայի մորը, 300-ը` Ե. Առուստամյանին, 200-ը` Ա. Պետրոսյանին, 100-ն էլ վերջինիս դստերը` իբրեւ ծննդկան հանդես գալու համար: Բացի տարբեր անձանց տված ցուցմունքներից, դատարանն այս ամենը հաստատված է համարել նաեւ մի շարք իրեղեն ապացույցներով: Չնայած սրան` բժիշկ-գինեկոլոգ Մ. Ենգիբարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Հանցագործության մյուս մասնակիցները տվել են խոստովանական ցուցմունքներ: Նրանցից համեմատաբար խիստ պատժի արժանացել է միայն երեխայի մայրը` Գ. Մանվելյանը: Նախաքննության ժամանակ նա մոտ հինգ ամիս անցկացրել է մեկուսարանում: Մյուսները նախնական եռօրյա կալանքից հետո ազատ են արձակվել:

Մ. Ենգիբարյանի արարքը լիովին համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասի 4-րդ կետին` երեխայի առքուվաճառք, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով: Սակայն Գլխավոր դատախազությունը, օգտագործելով օրենսգրքի հնարավորությունները, այս ձեւակերպումը «մասնատել» եւ նրան մեղադրանք է առաջադրել առանձին հոդվածներով` 168 (երեխայի առքուվաճառք) եւ 314 (պաշտոնեական կեղծիք) հոդվածների 1-ին մասերով: Արդյունքում «գնորդին» սպառնում էր ոչ թե 4-8, այլ 2-5 տարվա ազատազրկում: Մեղադրող Լյովա Մելքոնյանն Արարատի մարզի առաջին ատյանի դատարանին միջնորդել է Մ. Ենգիբարյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման: Դատավոր Թաթուլ Պողոսյանը միջնորդությունը բավարարել է մասնակի` բժիշկ-գինեկոլոգին դատապարտելով 2 տարվա ազատազրկման: Պատիժը, սակայն, պայմանականորեն չի կիրառվել, եւ նշանակվել է մեկամյա փորձաշրջան: Պայմանականորեն չեն կիրառվել նաեւ մյուս ամբաստանյալների` Գ. Մանվելյանի, Ե. Առուստամյանի եւ Ա. Պետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատժաչափերը: Նրանց դեպքում եւս սահմանվել է 1 տարվա փորձաշրջան: Գլխավոր դատախազությունը ինչպես կալանքի սանկցիա չկիրառելու, այնպես էլ դատարանի այս վճիռը չբողոքարկեց: Գ. Մանվելյանի որդին տեղափոխվել է Երեւանի Նորք համայնքի մանկատուն: Բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորյալ բժիշկ-գինեկոլոգի հիմնադրած «Էլեն» բարեգործական հիմնադրամի մանկատունն այլեւս չի գործում: Մ. Ենգիբարյանը շարունակում է ծնունդներ ընդունել «Մասիսի բժշկական կենտրոնում»:

Առառատ ԴԱՎԹՅԱՆ
www.hetq.am