Շարունակվող գերությո՞ւն, թե՞ չիրագործված պատվեր

01/06/2005

Ինչպես տեղեկացրեց «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի
տնօրեն Վարդան Վարդանյանը՝ Սոթքի ոսկու հանքի գործադուլավորները
«սուսուփուս» դիմում են գրել աշխատանքի վերադառնալու: Մեր ունեցած
տեղեկությունների համաձայն՝ բանվորներն ակնկալվող աջակցությունը չստանալով
հայրենի կառավարությունից՝ ճարահատ ընդառաջ են գնացել սեփականատերերի
ողորմածությանը: Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարում, գործադուլի
արդյունքում 470 պայմանագիր էր դադարեցվել: «Հիմա արդեն աշխատանքի
ընդունման 700 դիմում ենք ստացել,- տեղեկացրեց ԱՈԱՁ տնօրեն Վարդան
Վարդանյանը,- սակայն մեր ունեցածն ընդամենը 450 աշխատատեղ է»: Աշխատանքի
ընդունման պայմանները պրն Վարդանյանը չմանրամասնեց, միայն նշեց, որ
յուրաքանչյուրի հետ առանձին աշխատանքային պայմանագիր կկնքվի: Չմանրամասնեց
նաեւ վճարման կարգը: «Մեզ մոտ հաստատագրված աշխատավարձեր կան տարբեր
մասնագիտությունների համար»,- սակայն չմանրամասնեց՝ ինչ սկզբունքներով են
հաստատագրվում աշխատավարձերի չափերը: Փաստորեն, եթե բոլոր
գործադուլավորները որոշեն վերադառնալ, այնուամենայնիվ, նրանցից գոնե երկու
տասնյակն աշխատանք չեն ստանա: Ի դեպ, գործադուլի օրերին շրջանառվող
խոսակցություններ կային, որ այն արհեստականորեն կազմակերպվել է հենց
ԱՈԱՁ-ի «մարդկանց միջոցով», որպեսզի ձեռնարկության տնօրինությունն առանց
գլխացավանքի կարողանա ազատվել մեծ քանակությամբ անցանկալի մարդկանցից:
Թեեւ ԱՈԱՁ-ի տնօրենն էլ խորհուրդ էր տալիս գործադուլի հրահրողներին փնտրել
տեղական ինքնակառավարման մարմիններում:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ԱՈԱՁ-ի եւ Գեղարքունիքի
տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերություններն այնքան էլ վատ
չեն, նույնիսկ այնքան լավ են, որ ԱՈԱՁ նախագահ Սանջեյ Դալմիան Ջիփ է
նվիրում Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանին: Վերջինս այս փաստը
չհերքեց, միայն ճշգրտում մտցրեց՝ «Ջիփը ոչ թե ինձ, այլ մարզպետարանին է
տրամադրվել չորսամյա օգտագործման ժամկետով, կարող եմ պայմանագիրը հենց
հիմա ցույց տալ»: Իսկ թե ինչո՞ւ Ջիփ, պրն Ստեփանյանն ասաց. «Դե, պրն
Դալմիան մի օր ինձ հարցրեց՝ ի՞նչ պրոբլեմ ունեք, ինչո՞վ կարող եմ օգտակար
լինել, ես էլ ասացի՝ մարզպետարանը տրանսպորտի խնդիր ունի»: Ավելացնենք
նաեւ, որ եւ Սանջեյ Դալմիայի նվիրած Ջիփի, եւ Գեղարքունիքի մարզպետի
աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրանում են միաժամանակ՝ 2007
թվականին:

Ն.Ա.