Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավոր Երեմ Եսոյանը երեկ ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանին մեղավոր է ճանաչել Քրօր. 316 հոդվածի առաջին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ դատապարտել 1,5 տարվա ազատազրկման: Սակայն պատիժը չի կիրառվի, որովհետեւ դատավորը սահմանել է 2 տարի փորձաշրջան: Այդ ընթացքում Վ.Հայոցյանը չպետք է փոխի իր բնակության վայրը: Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին մարտի 1-ի առավոտյան: «Այսօր իմ հարազատներից կարոտս կառնեմ, վաղը երեկոյան կիջնեմ Հյուսիսային պողոտա, ու իմ պայքարի նոր շրջանը կսկսվի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Վ.Հայոցյանը: Նա նաեւ ասել է, թե իրեն ազատ են արձակել, որովհետեւ «իր գործում առանձնապես հիմնավորում չկա»: «Հավանաբար, նաեւ այն պատճառով, որ մոտենում է ԵԽ ԽՎ սեպտեմբերի 11-ի մոնիտորինգի նիստի օրը: Անհիմն շատ ձգձգվեց մեր գործերը: Իմ կարծիքով` շուտով բոլորին էլ բաց կթողնեն»,- ասել է Վ.Հայոցյանը: