Վրաստանի տարածքով Հայաստան բեռների փոխադրման գործընթացն արդեն ամբողջությամբ բնականոն ընթացք է ստացել: Այս մասին երեկ «Արմենպրեսին» ասել է ՀՀ վարչապետի խորհրդական, օպերատիվ շտաբի քարտուղար Գագիկ Մարտիրոսյանը: Ըստ նրա` Փոթիի եւ Բաթումի նավահանգիստներում նավերի բեռնաթափման, վերաբեռնման, տեղափոխման խոչընդոտներ այլեւս չկան, ինչը ենթադրաբար նշանակում է, որ հանրապետությունում վառելիքի եւ հացահատիկի սղության հետ կապված որեւէ խնդիր եւս չկա: Սակայն երեկ մի շարք բենզալցակայաններ դարձյալ չէին աշխատում: Գ. Մարտիրոսյանի խոսքով` այս պահի դրությամբ Հայաստան եւ Հայաստանից դուրս բեռներ տեղափոխելու համար ամբողջությամբ բավականացնում է Գորի-Թբիլիսի երկաթգծի` Գորիից 40 կմ դեպի Թբիլիսի գտնվող եւ պայթյունից մասամբ ավերված կամրջի համար այլընտրանքային հանդիսացող կամուրջը, չնայած դրա թողունակությունը զիջում է հիմնական կամրջին: «Բեռների տեղափոխման արագության խնդիրներ չկան»,- ասել է նա: