Վարդան Կարապետյանը մի հիմնարկում փոխտնօրեն է աշխատում (չցանկացավ նշել
իր աշխատավայրը), ստանում է 260.000 դրամ աշխատավարձ, կողմնակի եկամուտներ
չունի: «Արդշինինվեստ» բանկից վերցրել է 10.000 դոլար վարկ, որպեսզի գնի
OPEL մակնիշի մեքենա: Բանկի պահանջով ՌԱՍԿՈ ընկերությունում պետք է
մեքենան ապահովագրի: Հաշվել ու ասել են, որ 1 տարի ապահովագրելու համար
պետք է վճարի 57.000 դրամ: «Արդշինինվեստ» բանկից տեղեկացանք, որ 10.000
դոլար ստանալու դեպքում 2 տարվա տոկոսադրույքը կազմելու է մայր գումարի
մոտ 15-20%-ը: Այսինքն՝ 2 տարվա ընթացքում, ապահովագրավճարն էլ հետը,
Վարդան Կարապետյանն իր մեքենայի համար մայր գումարից մոտ 2000 դոլար ավելի
պետք է վճարի:
Մեքենաների գնման վարկավորումը Հայաստանի բանկային համակարգում նոր
երեւույթ է, այնպես, ինչպես հիպոտեկային վարկը: Մեր բանկերն այս երկու
ոլորտներին որոշ միջոցներ հատկացնում են, բայց շատ սահմանափակ:
Հատկացնելու դեպքում էլ սահմանել են շատ բարձր տոկոսադրույք՝ 18-22, շատ
կարճ մարման ժամկետ՝ 2-4 տարի եւ 20-50% կանխավճար: Զարգացած երկրներում
այս ծառայությունների պայմաններն անհամեմատ մեղմ են՝ 4-8% եւ մարման
բավական երկար ժամկետ կա: Մեր առեւտրային բանկերը վարկերի թանկությունը
պատճառաբանում են իրենց ներգրավված միջոցների թանկությամբ եւ ներդրումներ
կատարելու մեծ ռիսկայնությամբ: Եթե երկու դեպքում էլ ստացած վարկի դիմաց
գրավ է դրվում գնված բնակարանը կամ մեքենան, իսկ մեքենան բանկի պահանջով
անպայման ապահովագրվում է, բանկիրների կողմից ներկայացվող շատ մեծ ռիսկը
կասկածելի է թվում: Ուղղակի մեզ մոտ բոլոր տիպի վարկերն են «թանկ»,
տնտեսագետների կարծիքով՝ բանկերի անկշտության պատճառով:
Մեքենաների գնման համար «Ինեկոբանկը» վարկ տրամադրում է 2001 թվականից,
20-22%-ով, մինչեւ 3 տարի մարման ժամկետով եւ 25-50% կանխավճարով:
«Պրոմեթեյ» բանկը այս ծառայությունը կատարում է 16%-ով եւ 30%
կանխավճարով: Բանկի վարկային բաժնի մասնագետ Արմեն Խաչատրյանն այս
«էժանությունը» պայմանավորեց հիմնականում սեփական միջոցների օգտագործմամբ:
Այդ դեպքում ինչո՞ւ ավելի ցածր տոկոսով չեն տալիս եւ չեն փորձում շահույթ
ստանալ մեծ թվով վարկառուներ ներգրավելու միջոցով՝ ստեղծելով մրցակցային
ռեալ դաշտ: Միգուցե «հանցավոր» համաձայնությո՞ւն կա բոլոր բանկերի միջեւ,
ինչը հատուկ է մեր տնտեսության շատ բնագավառների, թե՞ առանց
համաձայնության էլ նրանց այդ տոկոսադրույքն է հարմար, մանավանդ, որ
բնակարանների եւ մեքենաների վարկավորումն առանձնապես չի ոգեւորում
բանկիրներին:
Թեպետ բնակչությունն էլ պատրաստ չէ վարկային գումարներով գույք գնել:
Հիպոտեկային վարկի նման մեքենաների համար հատկացվող վարկային
ծառայությունը կայանում է այն երկրներում, որտեղ զարգացած է միջին խավը,
որովհետեւ հարուստը մեքենան կարող է գնել միանգամից, աղքատն էլ
ընդհանրապես չի կարող գնել: Չնայած, «Արմենիա Լադա» ընկերության տնօրեն
Աշոտ Շահմուրադյանի ասելով՝ երբեմն հարուստներն էլ վարկով են մեքենա
գնում, որպեսզի ցույց չտան իրենց հնարավորությունների սահմանները: Պարոն
Շահմուրադյանը հավատացնում է, որ իրենց ընկերության վաճառած մեքենաների
մոտ 60%-ը գնվում է վարկային միջոցներով:
«Մոտ 2,5 տարի է, որ վարկով մեքենա ենք վաճառում: Բանկերի հետ
համագործակցելու նախաձեռնությունը մերն է, որովհետեւ մեզ մոտ վաճառքն
ավելանում է,- ասում է «Արմենիա Լադայի» տնօրենը: -Վարկային միջոցներով
ամիսը 150-200 մեքենա ենք վաճառում, հիմնականում՝ ռուսական արտադրության:
Վարկով գնում են տաքսի ծառայությունները, երբ միանգամից մի քանի մեքենա են
վերցնում՝ ի վիճակի չեն լինում ամբողջությամբ վճարել»:
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս տարիներին վարկային
միջոցներով գնված մեքենաների թիվը 2000-ի չի հասնում: Մինչդեռ մաքսային
տվյալներով՝ միայն 2004թ. ներկրվել է մոտ 13.500 ավտոմեքենա: Եթե հաշվենք,
որ ներկրված մեքենաներն արդեն գնված են, ու ավելացնենք, որ Հայաստանում
եղած մեքենաների որոշ մասն էլ գնվում-վաճառվում են, ու համեմատենք վարկով
գնված մեքենաների մոտավոր քանակի հետ, կտեսնենք, որ այս ոլորտը շատ հեռու
է կայանալուց: Իսկ զարգացած երկրներում բնակարան եւ մեքենա գնում են
հիմնականում վարկային գումարներով:
Վարկ վերցնել-գնել-ապահովագրել: Այս տարբերակն ընդունված ու հարգի է բոլոր
երկրներում եւ հետեւանք է զարգացած տնտեսության: Սակայն մեզ մոտ
ապահովագրությունն էլ մի քիչ թանկ հաճույք է՝ 2,5%-ից սկսած: Եթե
ապահովագրվում է նաեւ անձը, երրորդ անձը կամ հարվածի ենթարկված երկրորդ
մեքենան, տոկոսներն ու գումարներն ավելանում են: Այստեղ գործում են տարբեր
«գնացուցակներ»: Նույն ՌԱՍԿՈ ընկերությունում ինքդ քեզ, ասենք, 5000 դոլար
գնահատելու դեպքում, պետք է վճարես 80 դոլար ապահովագրավճար, 1 տարվա
համար: Եթե վթարի ենթարկվես ու մեռնես, բանկն ապահովագրական
ընկերությունից կստանա իր մեքենայի արժեքը, քո ժառանգներն էլ կստանան քո
անձի ապահովագրավճարը: Բայց այս համակարգն էլ մեզ մոտ դեռ չի գործում,
պատճառը մեր աղքատ վիճակն է, որի պատճառն էլ մեր երկրի թույլ
տնտեսությունն է: Դա է վկայում նաեւ այն փաստը, որ Հայաստանում գրեթե
բոլոր ապահովագրական ընկերություններն իրենց ռիսկը կիսում են
արտասահմանյան ընկերությունների, տվյալ դեպքում՝ վերաապահովագրողի հետ:
«Որովհետեւ դեռ ներգրավվածության փոքր ծավալներ ունենք եւ ի վիճակի չենք
միայնակ մեծ գումարներ փոխհատուցել,- բացատրում է ՌԱՍԿՈ ապահովագրական
ընկերության ավագ մենեջեր Արշակ Շախսուվարյանը:- Մենք համագործակցում ենք
ռուսական «ՌոսԳոսստրախ» ապահովագրական ընկերության հետ: Ռիսկերի հետ
բնականաբար կիսում ենք նաեւ շահույթը»:
Եթե մեքենան վնասվել է ամբողջությամբ, ապահովագրական ընկերությունը բանկին
փոխհատուցում է ամբողջական արժեքը: Մասամբ վնասվելու դեպքում՝
վերանորոգման արժեքի չափով փոխհատուցում ստանում է գնորդը: Վնասվելուց ու
վերանորոգվելուց հետո մեքենայի արժեքը կտրուկ իջնում է, եւ դա արդեն չի
փոխհատուցվում: Վնասն այս դեպքում կրում է գնորդը: Ստացվում է՝ մեքենայի
վարկավորման դեպքում ռիսկի կրողները գնորդն ու ապահովագրողն են: Բանկն իր
գումարը հետ է ստանում, եւ անհասկանալի է մնում, թե այս դեպքում
տոկոսադրույքն ինչո՞ւ է բարձր: