Նախապատրաստվում են

06/09/2008

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականը Ֆաթիհ Տերիմի գլխավորությամբ շարունակում է նախապատրաստվել Հայաստանի հավաքականի հետ սեպտեմբերի 6-ին կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցավեճին: Թուրքերը հանգրվանել են Ստամբուլի «Swissotel»-ում, իսկ մարզումներն իրականացնում են «Ալի Սամի Յեն» մարզադաշտում: Թուրքիայի պատվիրակությունը պատրաստվում է Երեւան ժամանել սեպտեմբերի 5-ի առավոտյան եւ հանգրվանել «Գոլդեն Պալաս» հյուրանոցում: Նույն օրը, Երեւանի ժամանակով 18։00-ին Թուրքիայի հավաքականը մարզում կանցկացնի «Հրազդան» մարզադաշտում, որը կլինի միակ մարզումը Երեւանում: Մարզումից հետո Ֆաթիհ Տերիմը կպատասխանի հայ լրագրողների հարցերին: Թուրքիայի հավաքականի կազմում վնասվածքների պատճառով բացակայում են Համիտ Ալտինտոպը, Նիհաթ Կահվեչին, Սաբրի Սարիօղլուն, Էմրե Գյունգյորը եւ Սաներ Էրկինը: Սեպտեմբերի 6-ին, ժամը 21:00-ին կայանալիք հանդիպման ավարտից հետո Թուրքիայի պատվիրակությունն անմիջապես կվերադառնա Ստամբուլ, որտեղ կսկսի նախապատրաստվել սեպտեմբերի 10-ին Բելգիայի հետ կայանալիք մրցավեճին: