Ի տարբերություն տղամարդկանց համար նախատեսված կալանավայրերի՝ կանանց գաղութը սպեցիֆիկ բնույթ ունի: Այստեղ պահվում են մայրեր, տատիկներ, աղջիկներ, ովքեր լքվել են իրենց ընտանիքների կողմից միայն նրա համար, որ կրում են դատապարտյալ կնոջ պիտակը: Կին դատապարտյալի վերաբերյալ հասարակական կարծրատիպն ավելի ցայտուն է, քանի որ, որպես կանոն, հանցագործ կինն ազատության մեջ ենթարկվում է հալածանքների:
Շատերի հարազատները՝ ամուսինները, ծնողները, երեխաները, լքում են նրանց, մինչդեռ գաղութում հարազատի յուրաքանչյուր այցելություն դատապարտյալին ուժ ու համբերություն է տալիս: Կանանց գաղութում միեւնույն խցում պատիժ են կրում սեփական երեխային մորթած կինն ու զուտ պատահականությամբ հանցագործության մասնակից դարձածը, կամ՝ թմրամոլը, մարմնավաճառն ու 9 երեխաների մայրը, ով երեխաների ամենօրյա հացն ապահովելու համար ընկել է թրաֆիկինգով զբաղվող կնոջ ծուղակը, կամ սեփական որդուն, ամուսնուն, տեգրին սպանած 70-ամյա տատիկը։ Ընտանիքի կողմից լքված կանայք սովորաբար ծանր սթրեսներ են տանում, եւ նրանց հետ մշտապես աշխատում է սոցիալ-հոգեբանը:
ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվում են 51 կալանավորված եւ 136 դատապարտված անձինք, որոնցից 27-ը դատապարտված անչափահասներ են, մյուսները՝ կանայք: Հիմնարկի պետի՝ Էդուարդ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը գրեթե անփոփոխ է. «Մեզ մոտ գրեթե ամեն տարի նույն թիվն է արձանագրվում աննշան փոփոխություններով, ասենք՝ 178-ից մինչեւ 190»։ Ի դեպ, հանցագործություն կատարող կանանց շրջանում գերակշռում են խարդախության, գողության հոդվածներով դատապարտվածները: Իսկ անչափահասների շրջանում տարածված են գողության դեպքերը, մասնավորապես՝ ալյումինի եւ բջջային հեռախոսի:
Ինչ վերաբերում է կալանավայրերում կատարվող բարեփոխումներին, ապա հարկ է նշել, որ «Աբովյան» ք/հ-ում կառուցվել է մեկուսարանի նոր շենք, իսկ դպրոցն ու արհեստագործական ուսումնարանը տեղափոխվել են միանգամայն այլ՝ վերանորոգված շենքեր: Քրեակատարողական հիմնարկի՝ Կրթության նախարարությանը պատկանող դպրոցը բաղկացած է 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարաններից, որտեղ աշխատում են թվով 12 մանկավարժներ: «Վերջերս վերջին զանգ արեցինք։ Բացի դա, մեկ տարվա ընթացքում երեք մրցում անցկացրինք՝ ֆուտբոլ, շախմատ, եւ շուտով սեղանի թենիսի մրցում է լինելու: Մեդալների կեսը մեր հիմնարկի դատապարտյալներինն է»,- նշեց պրն Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ որպես խրախուսում՝ դատապարտյալներին տրամադրվում է կարճաժամկետ մեկնում, այսինքն՝ մեկ շաբաթ տանն են անցկացնում: «Աբովյան» ք/հ-ի պետի խոսքերով՝ բուհերում սովորելու ժամանակ դատապարտված երեխաների ուսուցումը հեռակա կարգով կազմակերպելու հարցը քննարկման փուլում է: Ներկայումս կալանավայրում Պոլիտեխնիկական ինստիտուտի երկու ուսանող կա, որոնք ուսումը կիսատ են թողել. «Մեր ուսուցչական կոլեկտիվով քննարկում ենք, թե ի՞նչ կարելի է անել այդ երեխաների ուսումը կազմակերպելու ուղղությամբ: Մեկ անգամ ինձ մոտ ստացվել է. մի ցմահ դատապարտյալ ընդունվեց բուհ ու հեռակա կարգով սովորում է: Հիմա այս երկու երեխաների ծնողներին կանչել եմ, որ խոսենք, տեսնենք, թե ինչ կարող ենք անել՝ հեռակա ուսուցումը կազմակերպելու համար: Ծնողների հավանությունը ստանալուց հետո, հավանաբար, կդիմենք մեր ղեկավարությանն, այնուհետեւ՝ Կրթության նախարարությանը: Դա առայժմ միտք է, որը զարգացնում ենք»,- ասում Է. Հովհաննիսյանը:
Կալանավայրում գոյություն ունի փայտամշակման եւ կավագործության արտադրություն, որի գաղափարը «Տրտու» հասարակական, բարեգործական կազմակերպությանն է: Կալանավայրին կից տարածքում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջամտությամբ մի քանի հեկտար հողատարածքում թութուն է աճեցվում, այսինքն՝ դատապարտյալների համար աշխատատեղեր են ստեղծվել: Հովհաննիսյանի տվյալներով` դատապարտյալների 40-45%-ը զբաղված է վարձատրվող աշխատանքով, սակայն ձմռանը հող մշակելու հետ կապված աշխատատեղերի բացակայությունը դատապարտյալների համար խնդիր է դառնում:
Մեկ տարի մենակության մեջ
Գրետա Սարգսյանն ինը երեխաների մայր է, Իջեւանի բնակիչ: Մինչ օրս շոկի մեջ է, որովհետեւ իր հետ կատարված միջադեպն անսպասելի եւ անկանխատեսելի է եղել: Քրեական օրենսգրքի 168 հոդվածով (երեխայի առք ու վաճառք) դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: 11 ամիս է, ինչ կալանավայրում է, սակայն երեխաները չեն գալիս տեսակցության: Նրանցից ավագներն, ամենայն հավանականությամբ, ամաչում են դատապարտյալի պիտակը կրող մորն այցելել, իսկ ամենափոքրը՝ Շուշանիկն, ուզում է մորը տեսնել, բայց նույնիսկ Իջեւանից Աբովյան հասնելու ճանապարհածախսի գումար չունեն: Ապրում են սոցիալապես ծայրահեղ վատ վիճակում: Երեխաներից վեցն ամուսնացած են եւ չեն ցանկանում իրենց անձնական կյանքը կալանավոր մայր պահելու հոգսով ծանրաբեռնել: Ներկայումս տան փոքրերը որբ են մնացել, երկու աղջիկները, մեկ տարի է, միայնակ ու անօգնական են ապրում: Գրետան ամուսին չունի, իսկ երեխաների կարոտից մեկուսարանում շատ է տառապում, երեխաներին տեսնելը նրա համար երազանք է դարձել: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Էդուարդ Հովհաննիսյանն ասում է, որ նա շատ օրինակելի վարքագծով դատապարտյալ է։ «Շատ խելոք, միամիտ գյուղացի կին է: Դաշտերում է աշխատում ու շատ հանգիստ, առանց ավելորդ անհանգստությունների կալանքը կրում է»,- ասում է նա: Գրետան առավոտից երեկո հողագործությամբ է զբաղվում, որպեսզի աշխատած գումարով կարողանա հեռախոսի քարտ գնել եւ զանգահարել երեխաներին: Ասում է՝ ամբողջ աշխատավարձը ծախսում է քարտերի վրա, իսկ իր համար ինչ-որ բան գնելու փող չի մնում: Երեխաների ձայնը լսելը նրա համար ամեն ինչից վեր է: Կալանավայրի ղեկավարությունը տեսնելով այս կնոջ ծանր ապրումները՝ բավականին մարդասիրական քայլ կատարեց, որի ականատեսը եղանք մենք:
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը «Աբովյան» ք/հ-ում տեղի ունեցած ընդունելության ժամանակ տեսել է Գրետա Սարգսյանին, իմացել է, որ Գրետան 9 երեխա ունի, եւ, որ վերջին երեխային՝ Շուշանիկին, նա որդեգրել է: Իմացել է նաեւ, որ նա 11 ամիս չի տեսել Շուշանիկին, քանի որ պայմանները սուղ են։ Հայտնի է նաեւ, որ երեխան ապրում է 17 տարեկան քրոջ հետ, որը չի աշխատում եւ ի վիճակի չէ մորն այցելել: «Ավարտեցի ընդունելությունն ու հիմնարկի պետից հետաքրքրվեցի Գրետա Սարգսյանով: Է. Հովհաննիսյանն ասաց, որ Գրետան պատիժը կրելու ընթացքում իրեն դրսեւորում է դրական, հիմնարկում ունի վարձատրվող աշխատանք եւ օրենքով նախատեսված տեսակցության իր իրավունքից չի օգտվում, քանի որ այցելության չեն գալիս: Մտածեցի, որ այդ կինն օգնության արժանի է, եւ անմիջապես մտքովս անցավ ձեռնարկել միջոցներ Շուշանիկին մոր մոտ բերելու եւ երկարատեւ տեսակցություն տրամադրելու համար: Ընդունելության արդյունքները զեկուցեցի Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանին եւ առաջարկեցի ձեռնարկել միջոցներ երեխային մոր մոտ բերելու համար։ Առաջարկս հավանության արժանացավ, եւ Ա. Մարտիրոսյանի աջակցությամբ միջոցառումն իրականացրինք: Նմանատիպ միջոցառումներին պրն Մարտիրոսյանը վերաբերվում է մեծ ուշադրությամբ»,- ասում է Ա. Բաբայանը:
Իջեւան-Աբովյան
Ամսագրի լույս տեսնելուց մոտ 2 շաբաթ առաջ Քրեակատարողական վարչության աշխատակիցների հետ այցելեցինք Իջեւան՝ Շուշանիկին մոր մոտ՝ կալանավայր բերելու նպատակով: Իջեւանում գրեթե բոլորը գիտեն այս կնոջ հետ կատարված պատմությունը, եւ հեշտությամբ գտանք նրանց տունը: Քույրը Շուշանիկին ճանապարհեց մեզ մոտ՝ փոքրիկ ցելոֆանը ձեռքին, որի մեջ հագուստ էր. երեխան 3 օր պետք է մնար մոր մոտ: Իջեւանից դեպի Աբովյան տանող ճանապարհին նա հետաքրքիր մանրամասներ պատմեց իրենց կյանքից: Շուշանիկին այնքան են ծաղրել հանցագործ մայր ունենալու համար, որ նա ագրեսիվ է դարձել: Նա ամեն րոպե պաշտպանվում է մարդկանցից, դրա համար էլ կոպիտ, զայրույթով լի է: Ասում է, որ մոր կալանավորվելուց հետո դպրոցը թողել է, որովհետեւ ծանր վիճակում են հայտնվել, հագուստ չունի: Շուշանիկին ու 17-ամյա քրոջը հարեւաններն են օգնում: «Եսիմ, հարեւանը մի 500 դրամ տալիս ա, հաց ու կարտոշկա ենք ուտում»,- ասում է նա: Որբ մնացած երեխաներով Իջեւանի քաղաքապետարանը ո՛չ հետաքրքրվում, ո՛չ էլ խնամակալության հարց է բարձրացնում: Շուշանիկն ասում է, որ իրեն շատ են ծեծում (ելնելով երեխաների անձնական անվտանգությունից՝ անուններ չենք նշում): «Ինձ թակում ա, ճիպոտով, բանով թակում ա: Ես մի հատ երգ գիտեմ` «Սուտ է, սուտ է….»,- ասում է նա, ու երկար ճանապարհի ֆոնին Շուշանիկի «Սուտ է, սուտ է…» երգը նրա կյանքի պատմության նման տխուր ու թախծոտ է հնչում: Ասում է. «Մամաս բերդում ա, շատ եմ կարոտել, շատ-շատ: Էս ճանապարհով չեմ անցել, մենակ Իջեւանը գիտեմ: Ես Էրեւանում չեմ եղել, Սեւանն էլ չեմ տեսել: Բերդումն էլ չեմ եղել, գիտում չեմ՝ մամաս ուր ա»։ Որքան ժամանակը երկարում է, Շուշանիկն այնքան փակվում ու շփոթվում է, որովհետեւ մեկ տարի մորը չի տեսել ու հանդիպման անորոշությունից հազար ու մի բան է հորինում:
Հանդիպում
Հասնում ենք «Աբովյան» ք/հ, երեխային տանում են պետի սենյակ, որտեղ էլ պետք է հանդիպումը կայանա: Շուշանիկի սառը լռությունը վկայում է, որ ուր որ է՝ սպասումից շունչը կկտրվի: Սպասում ենք մինչեւ «զոնայից» Գրետային բերեն: Բերում ենգ բղավելով ու հեկեկալով ընկնում է երեխայի ոտքերը: Տեսարանն աննկարագրելի ցավոտ է, բոլորիս աչքերը լցվում են. Գրետան իր լացով արտահայտում է մեկ տարվա կարոտն ու սպասումը: Շուշանիկը քարացած նստած է, կարծես շոկի մեջ լինի: Մայրը փոխվել է, հողագործություն անելու պատճառով շատ է սեւացել, եւ երեխան ուզում է մարսել մոր գաղութային նոր կերպարը, որը նման չէ ազատության մեջ եղած մորը: Գրետան էլ չի համակերպվում անտեր մնացած, հյուծված, նիհարած, մազերի անփույթ սանրվածքով երեխայի նոր կերպարի հետ: Երկուսն էլ միմյանց համար անճանաչելի են: Բոլորս ազդվում ենք, ու գաղութի պետը հանձնարարում է մորն ու աղջկան առանձին սենյակ տանել: Առանձնանում են… Որոշ ժամանակ անց Գրետան մի քիչ հանգստանում ու պատմում է իր հետ կատարվածը, որի պատճառով հայտնվել է գաղութում:
Նորածինների վաճառականն ու Գրետան
«Իջեւանի քաղաքապետարանի Կոմունալ բաժնում բանվոր էի աշխատում: Մի օր մի աղջիկ եկավ իմ տուն՝ երեք երեխու հետ: Իմ տանը փայտից խոհանոց կա, ասեց՝ թող երեխեքիս հետ մնամ, մինչեւ տուն ճարեմ, մնալու տեղ չունեմ: Ասեցի, որ հեչ հարմար չի, կուխնիում վեշեր, բաներ ա լցրած: Ասեց՝ ոչինչ, երեխեքս անտառում են մնում, տեղ չկա, թող ապրենք, կհարմարվենք, էնքան որ մի հատ կռավաթ լինի քնենք»,- պատմում է Գրետան՝ ասելով, որ խղճացել եւ թույլ է տվել մի քանի օր ապրել իր խոհանոցում: Հետագայում այդ կինը՝ Գայանեն (անունը փոխված է), խոստացել է ամսական 5000 դրամ վճարել սենյակում ապրելու համար: Գրետայի որդին, ով Ռուսաստանում է ապրում, մի անգամ մոր մոտ այդ կնոջը տեսնելով՝ շատ է զայրացել եւ պահանջել է անմիջապես վռնդել նրան։ «Ասեց՝ բա դու գիտե՞ս՝ ինքը ով ա, ամբողջ Իջեւանը ճանաչում ա իրան, խնդրում եմ՝ տանից հանի։ Ես էլ ասեցի՝ ախր երեխեքը մեղք են, ո՞ւր հանեմ: Հետո տղուս խոստացա, որ ինքը Ռուսաստան գնա, ես անպայման կհանեմ: Չհանեցի… Լույսս վառեց, ջուրս օգտագործեց, փետս, պլիտաս վառեց ու ոչ մի փող էլ չտվեց, իմ վրա լիքը պարտքեր կուտակեց: Մի խոսքով, էս աղջիկը ռեզինի պես կպավ ու դուրս չեկավ»,- պատմում է Գրետան։ Հետագայում երեխաները նրան պատմել են, որ Գայանեի մոտ, ով, ի դեպ, հղի է եղել, մեծ թվով տղամարդիկ են գալիս: Որոշ ժամանակ հետո Գրետայի հարեւանը, ով աշխատում է Ոստիկանությունում, նրան խորհուրդ է տվել այդ կնոջն իր տանից դուրս անել. «Էդ տղեն ժամկետ տվեց, որ իմ տանից դուրս գա: Էդ գիշերը պատահեց էդ ամեն ինչը: Մեր հայաթում շան թուլա ունենք, սկսեց կռնչալ, հաչալ: Երեխուս ասեցի՝ երեխու ձեն ա գալիս, սա էլ թե՝ չէ, մամա ջան, շան թուլի ձենն ա: Ասի՝ սիրտս ասում ա, որ երեխա ա: Իջա, տեսնեմ ի՞նչ՝ հողի վրա ազատվել ա: Ասում եմ՝ սպասի սկոռի զանգեմ գա, առանց բժշկի, առանց դակումենտի վտանգավոր ա, բայց չթողեց: Դու մի ասա, սա երեխեք ա ծննդաբերում ու ծախում ա: Երեք երեխա տենց ծախել ա, երեքն էլ ուներ, հետն էր: Ասեց՝ հանկարծ ոչ մեկ չիմանա, էս երեխուն ուզող կա: Ես առավոտը քո վարձը կտամ ու տնից դուրս կգամ»։ Գրետայի պատմելով՝ առավոտյան տան մոտ հայտնվում են երկու հոգի, ովքեր իրեն տանից դուրս են կանչում: Այդ ընթացքում Գրետան իմացել է, որ Գայանեն երեխային 1000 դոլարով վաճառում է այդ ամուսիններին: «Ասեցի՝ այ բալա, չի կարելի տենց բան, օրենքը, հիվանդանոցը չգիտի, մի՛ արա: Ասեց՝ Արամը (անունը փոխված է.-Լ.Ս.)՝ բաժնի աշխատողը, գիտի, կես փողն իրանն ա: Որ դրա անունը տվեց, ասի՝ ուրեմն օրենքով ա անում։ Մի խոսքով, դա 1000 դոլարով երեխուն տալիս ա»: Հետագայում Գայանեի առեւտրի մասին տեղեկանում են իրավապահ մարմիններն, ու քրեական գործ է հարուցվում: Գայանեն իր խոստովանական ցուցմունքներում նշում է, որ երեխային ծննդաբերել է Գրետայի տանը, Գրետան իմացել է երեխայի առք ու վաճառքի մասին, որովհետեւ իր բակում է առեւտուրը կատարվել: «Ասել էր, որ 300 դոլար ինձ տան վարձ ա տվել: Ինքը երեխուն ծախելուց հետո երեք երեխեքին տվել էր գիշերօթիկ ու ինքը փախել էր: Ինքը փախած էր, բայց ամեն օր գալիս էին մեր տուն հարցաքննության: Երեխուն առնողները Նոյեմբերյանից էին»,- ասում է Գրետան, ում աշխատանքի վայրից տարել են Ոստիկանություն, ապա տեղեկացրել են, որ Գայանեն իր ցուցմունքներում վկայել է երեխայի առք ու վաճառքի մեջ իր հանցակից լինելը: «Մի թուղթ տվեցին, թե՝ ստորագրի, քեզ վնաս չկա, կստորագրես, կթողնենք կգնաս: Հավատացի ու առանց կարդալու ստորագրեցի: Հետո՝ էս բաժին, էն բաժին, ու երկուշաբթի առավոտը ես հայտնվեցի ստեղ: Հետո էլ արագացված դատ արին, դատավորը մի երկու բան ասեց, հետո էլ, թե՝ դու 4 տարի դատվում ես: Դե ասեք՝ ես ի՞նչ անեի, էդ ձմեռվա կեսին էդ երեխեքին տնիցս դո՞ւրս շպրտեի: Բերեցի, պահեցի, խղճացի, որ կյանքս խորտակեն: Էսօր երեխեքիս առաջ ամոթով, սեւերես եղած եմ: Երեխեքս թողում, գնում են Ռուսաստան, սրանք էլ սոված-ծարավ, տան վեշերը սաղ ծախել են, որ հաց առնեն»,- պատմում է Գրետան, ով նույնիսկ չգիտի, թե ո՞ր հոդվածով է դատվել: Ասում է. «Ախր ես՝ գյուղացի կնիկ, սկի օրենքներ չգիտեմ, մենակ գիտեմ, որ չորս տարի պիտի նստեմ: Գոնե դիմում, բան գրեմ, որ կիսով նստեմ, իմ փրկությունն էդ կլինի, երեխեքս մեղք են: Ես էլ եմ որբ մեծացել, անտեր եմ եղել, գցել են մանկատուն: Իմ կյանքը տենց դժբախտ, բա իմ երեխեքի կյանքն էլ սենց խորտակվի՞: Ասում էի՝ ինչքան կարենամ, երեխա եմ ունենալու ու կյանքի գնով մեծացնելու եմ, բայց… անտեր թողեցի»:
Ի դեպ, «Աբովյան» ք/հ-ում է գտնվում նաեւ սեփական երեխաների վաճառքով զբաղվող Գայանեն, ում տեսնելիս Գրետան աշխատում է քայլերի ուղղությունը փոխել: Գրետան հիշում է ազատությունը, իր տունը, իր տան մեջ վազվզող երեխաներին, Շուշանիկի եփած սուրճն ու սկսում է լաց լինել: «Շուշանիկս ասում էր՝ մա՛մ, կոֆեն պատրաստ ա, մա՛մ, ոտերիդ ջուրը պատրաստ ա: Ախր էս ո՞նց պատահեց, որ երեխեքիս լքեցի ու ընկա գաղութ: Ես ինչի՞ դրան ներս թողեցի, Իջեւանում ոչ ոք դրան տեղ չէր տալիս, դաժե նաչալնիկս ասում էր՝ դու ինչքան հիմար կնիկ ես»: Հետո Գրետան շտապում է վայրկյան առաջ աղջկա հետ առանձնանալ ու գրկել նրան: Գրետային աղջկա հետ ուղեկցում են տեսակցության սենյակ, որտեղ նրանք երեք օր միասին կլինեն: