«Հավերժական թշնամու» եւ «հավերժական բարեկամի» արանքում

02/09/2008

Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը երեկ հայտարարել է, որ նախագահ Աբդուլլահ Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ժամանելու է Երեւան՝ դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների սեպտեմբերի 6-ին տեղի ունենալիք հանդիպումը: Այս հավաստիացումից հետո Թուրքիայի խորհրդարանի՝ կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) բազմաթիվ պատգամավորներ դիմել են ԱԶԿ խմբակցության ղեկավարությանը՝ Երեւան մեկնելու թույլտվություն ստանալու համար: Գյուլի այս հայտարարությունից առաջ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պլատֆորմ ձեւավորելու` պաշտոնական Անկարայի վերջին առաջարկն այս շաբաթ կքննարկվի պաշտոնական Երեւանի հետ: Նա ասել է, թե «հարցը քննարկվելու է Հայաստան թուրքական պատվիրակության այցի ժամանակ»: Այս հարցի առնչությամբ միջազգային մամուլում երեկ տեղ գտած հաղորդագրությունները որքան ոգեւորիչ, նույնքան էլ հիասթափեցնող էին: Մասնավորապես, ինչպես երեկ հաղորդել է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, «մինչ այդ (մինչ Գյուլի` Երեւան կատարելիք այցը), նախաձեռնությունը քննարկելու նպատակով վաղը Ստամբուլ կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը»: