Տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պլատֆորմ ձեւավորելու` պաշտոնական Անկարայի վերջին առաջարկն այս շաբաթ կքննարկվի նաեւ պաշտոնական Երեւանի հետ:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, թե հարցը քննարկվելու է Հայաստան թուրքական պատվիրակության այցի ժամանակ: Մինչ այդ, նախաձեռնությունը քննարկելու նպատակով այսօր Ստամբուլ է ժամանելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Lավրովը:
«Կովկասում ապրող ժողովուրդներն ընդհանուր ապագա ունեն, ինչպես որ ընդհանուր է նրանց պատմությունը: Մենք բոլորս պարտավոր ենք աշխատել այդ ապագան ձեւավորելու ուղղությամբ: Երբ լռում են թնդանոթները, գալիս է դիվանագիտության ժամանակը: Այժմ կողմերից յուրաքանչյուրը պետք է առավել սառնասիրտ դիրքորոշում որդեգրի` տարածաշրջանում նոր լարվածությունից ու անհամաձայնությունից խուսափելու համար: Ինչպես ցույց է տվել պատմությունը` որեւէ մեկը այդ լարվածությունից չի շահում, փոխարենը` յուրաքանչյուրը ինչ-որ բան կորցնում է»,- կիրակի օրը Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Նշենք, որ Կովկասում կայունություն եւ անվտանգություն ապահովելու նպատակով Թուրքիան առաջարկում է, որպեսզի տարածաշրջանի 5 երկրները` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, համապատասխան համաձայնագիր ստորագրեն: Ռուս-վրացական հակամարտության առաջին իսկ օրերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այդ առաջարկով մեկնել էր նախ՝ Ռուսաստան, ապա՝ Վրաստան: Պաշտոնական Անկարայի պնդմամբ` սա մի մեխանիզմ է, որը նպատակ ունի ամրապնդել հարեւան 5 պետությունների միջեւ համագործակցությունը, հատկապես` տնտեսության ոլորտում, եւ փոխշահավետ կապերի արդյունքում ստեղծել վստահության եւ անվտանգության մթնոլորտ: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բաքուն արդեն հայտնել էր իր սկզբունքային համաձայնությունը: Իսկ նախօրեին կայացած քննարկումներում այն պաշտպանել է նաեւ Վրաստանի ԱԳ նախարար Էկատերինե Տկեշելաշվիլին, սակայն` մեկ նախապայմանով: Այն է` ռուսական զորքերը պետք է լքեն Վրաստանը։ «Մեզ համար դժվար է քննարկել համագործակցությունը, քանի դեռ Մոսկվան չի ապացուցել, որ վստահելի գործընկեր է: Վրաստանի նկատմամբ իրականացված վերջին գործողությունները հստակորեն ցույց տվեցին, որ Ռուսաստանի զավթողական քաղաքականության պայմաններում Եվրոպան անվտանգ եւ բարգավաճ լինել չի կարող: Հենց այդ պատճառով Եվրոպան պետք է միասնական եւ խիստ քայլեր ձեռնարկի»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը: